Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ժառանգություն ստացած խնդիր է այս իշխանության համար: Այս ուղղությամբ տարվող դիվանագիտությունը, որը սկսվել էր որպես ֆուտբոլային դիվանագիտություն, հիմա շարունակվում է որպես հումանիտար դիվանագիտություն: ArmLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:
«Խնդիրը կայանում է ոչ թե նրանում՝ արդյո՞ք Հայաստանի իշխանությունների մոտ առկա է բավարար քաղաքական կամք վերահաստատելու դիվանագիտական հարաբերությունները Թուրքիայի հետ և բացելու հայ-թուրքական սահմանը, այլ նրանում՝ արդյո՞ք Թուրքիան պատրաստ է իրականացնելու քայլ՝ այս հարաբերությունների հաստատման և ստեղծման ուղղությամբ»,-հավելում է Մարկարովը:
Քաղաքագետի արձանագրմամբ՝ թուրքական կողմը չի թաքցնում, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը պայմանավորում է ցեղասպանության ճանաչման հարցի, ինչպես նաև հայ-ադրբեջանական հարաբերություններ կարգավորման և Արցախի հարցի հետ.
«Եթե հայ-թուրքական հարաբերությունները շարունակում են հանդես գալ որպես ածանցյալ հայ-ադրբեջանական հարաբերությունների, այս դեպքում՝ հայ-թուրքական հարաբերությունները չկարգավորված են մնալու այնքան, քանի դեռ Արցախի և միջպետական մյուս խնդիրներ կարգավորված չեն»,-ասում է նա:
Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան