ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դատախազությունը արծաթե պատմական իրեր է հանձնել Պատմության թանգարանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Դատախազության և Ազգային անվտանգության ծառայության համագործակցության արդյունքում, 2023 թվականի փետրվարի 15-ին իրեղեն ապացույց ճանաչված արծաթե իրերը պահպանության են հանձնվել Հայաստանի պատմության թանգարանին: Պահպանության հանձնված մշակութային արժեք հանդիսացող արծաթե իրերը գոտիների զարդատախտակներ են, գոտիների հատվածներ և թեյի սպասքահամալիր (շաքարաման և վեց բաժակակալ):

Թանգարանային նմուշների հանձնմանը ներկա են գտնվել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բացման խոսքում անդրադարձել է արծաթե իրերի՝ վարույթն իրականացնող մարմնում հայտնվելու նախապատմությանը և նշել. «Հաշվի առնելով իրեղեն ապացույցների՝ պատմամշակութային կարևորությունը, 2023 թվականի փետրվարի 7-ին որոշեցինք իրեղեն ապացույց ճանաչված արծաթե իրերը պահպանության հանձնել Հայաստանի պատմության թանգարանին՝ մեր քաղաքացիների և օտարերկրյա հյուրերի համար ցուցադրության հնարավորություն ստեղծելու համար: Ուրախ եմ, որ Դատախազությունը և Ազգային անվտանգության ծառայությունը համատեղ ներդրում ունեցան այս կարևոր գործում»:

ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել իրավապահ մարմիններին՝ ի դեմս ՀՀ գլխավոր դատախազությանը և ԱԱԾ-ին, գնահատելի նախաձեռնության և արժեքները իրենց ճիշտ տեղում ի պահ տալու համար: «Մշակույթի ոլորտում պետական և հանրային հոգածության քաղաքականությունը որոշակի գործողություններ է ենթադրում: Կարծում եմ՝ այսօրինակ աշխատանքներն են, որ փաստում են սրտացավությունը և սա կարող է դառնալ վարակիչ օրինակ՝ մշակույթի հանդեպ հանրային վարքականոնի ձևավորման առումով: Հաճախ ենք ասում, որ Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ, բայց այդ թանգարանային միջավայրը մեր առջև լրացուցիչ պատասխանատվություն է դնում՝ պահպանելու և վերարժևորելու մշակութային արժեքները»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Նախարարը նաև նշել է, որ Հայաստանի պատմության թանգարանը զարդերի ցուցադրությունը կկազմակերպի՝ նորընծա հավաքածուն հասանելի դարձնելով լայն հանրությանը:

ԿԳՄՍ նախարարի տեղեկացմամբ՝ տարեվերջին Կառավարության որոշմամբ՝ մշակութային արժեքների փորձաքննության նպատակով հատկացվել է ավելի քան 80 մլն դրամ, որպեսզի ձևավորվի ամբողջությամբ արդիական սարքավորումներով հագեցած լաբորատորիա: Այն թույլ կտա մշակութային արժեքների փորձաքննության նոր որակ ապահովել, ինչը կնպաստի ոլորտի կարևոր խնդիրների բացահայտմանը:

Թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը կարևորել է իրավապահ կառույց-նախարարություն համագործակցության արդյունքում թանգարանի ազգագրական հավաքածուն համալրելու այս նախադեպը, որը հայ ժողովրդի մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված կարևոր քայլ է: «19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին ստեղծված արծաթե նմուշները տեղ կգտնեն «Դրվագներ ինքնության. Զարդ» խորագրով ցուցահանդեսում, որը քաղաքացիների համար բաց կլինի առաջիկա երկու շաբաթների ընթացքում»,- նշել է Դավիթ Պողոսյանը:

Նշենք, որ 2006 թվականին «Զվարթնոց» մաքսատանը զննման է ենթարկվել օտարերկրացի ուղևորի ուղեբեռը. հայտնաբերվել են չհայտարարագրված՝ 26 հատ, մշակութային արժեք հանդիսացող արծաթե տարբեր իրեր (ընդհանուր՝ 3 մլն 667 հազար դրամ արժողությամբ): 2007 թվականին քրեական գործով վարույթը կասեցվել է մեղադրյալի՝ ՀՀ սահմաններից դուրս գտնվելու հիմքով, իսկ 2022 թվականի դեկտեմբերի 29-ին քրեական վարույթի նախաքննությունը վերսկսվել է: 2023 թվականի հունվարի 3-ին քրեական վարույթը ստացվել է ՀՀ գլխավոր դատախազությունում և, ի թիվս այլ որոշումների, 2023 թվականի փետրվարի 7-ին որոշվել է իրեղեն ապացույց ճանաչված արծաթե իրերը պահպանության հանձնել Հայաստանի պատմության թանգարանին:




Լրահոս