Մոսկվայում Թուրքիայի դեսպան Մեհմեթ Սամսարը հայտնել է, որ ավերիչ երկրաշարժից հետո Ռուսաստանն 80 տոննա հումանիտար օգնություն Է ուղարկել Թուրքիա և փոխանցել Է ավելի քան մեկ միլիոն դոլար։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից:
«Մինչև այսօր Ռուսաստանից Թուրքիայի աղետի գոտու կարիքների համար 80 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկվել և փոխանցվել է ավելի քան 1 միլիոն դոլար», – Սամսարի խոսքը մեջբերում Anadolu գործակալությունը։
Թուրք դիվանագետը հիշեցրել է, որ արդեն աղետի առաջին օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ։
«Պուտինը զանգահարել Է Թուրքիայի ղեկավարին և ցավակցություն հայտնել, ինչպես նաև հաղորդել Է անհրաժեշտ օգնություն ուղարկելու մասին: Այս նախաձեռնությունների շրջանակներում ռուսական գերատեսչություններն անհապաղ միջոցներ են ձեռնարկել և առաջին իսկ օրերին երեք ինքնաթիռով 150 մարդուց բաղկացած որոնողափրկարարական խումբ, ինչպես նաև բժիշկների բրիգադով աերոմոբիլային հոսպիտալ են ուղարկել Թուրքիա», – ասել է դիվանագետը։
Սամսարը նշել է, որ նույն օրը Ռուսաստանի ԱԻՆ-ի ինքնաթիռ է ուղարկվել Թուրքիա՝ Իսկենդերուն նավահանգստում բռնկված հրդեհը մարելու համար։ Նրա խոսքով՝ երկրաշարժի երկրորդ օրը 50-հոգանոց աերոմոբիլային խմբավորման երկրորդ էշելոնն Է մեկնել երկու ինքնաթիռով։
Ընդհանուր առմամբ, մինչև այսօր Թուրքիայի աղետի գոտում գտնվել են ՌԴ-ի շուրջ 350 մասնագետներ, այդ թվում՝ որոնողափրկարարական թիմերը, Ռուսաստանի ԱԻՆ-ի, ՊՆ-ի բժիշկները, արձանագրել է դեսպանը։
Նա նշել է, որ Թուրքիայի տուժած տարածաշրջաններին օգնություն է ուղարկել նաև ՌԴ պաշտպանության նախարարությունը։ 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժերը փետրվարի 6-ին ինը ժամ ընդմիջումով տեղի են ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում։
Ստորգետնյա ցնցումները, որոնց հաջորդել են հարյուրավոր հետցնցումներ, զգացվել են երկրի 10 նահանգներում և հարևան պետություններում, Բացի Թուրքիայից, երկրաշարժից մեծապես տուժել Է Սիրիան: Վերջին տվյալների համաձայն՝ աղետից Թուրքիայում զոհվել Է 35 418 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 105 հազարը: