Իլոն Մասկը մտադիր է մինչև տարվա վերջ լքել Twitter-ի ղեկավարի պաշտոնը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկացի միլիարդատեր, բիզնես մագնատ, ճարտարագետ Իլոն Մասկը մտադիր է մինչև այս տարվա վերջ «գտնել մեկ ուրիշին», որը կղեկավարի Twitter-ը։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է CNN-ից:

Տեսակապի միջոցով ելույթ ունենալով Դուբայում Համաշխարհային կառավարման գագաթնաժողովում` Մասկը հայտնել է, որ նախ պետք է «կայունացնի կազմակերպությունը» և համոզվի, որ «այն ֆինանսապես առողջ վիճակում է»:

Մասկի խոսքով՝ ընկերությունը ղեկավարելու համար մեկ ուրիշին, հավանաբար, հնարավոր կլինի գտնել մինչև այս տարվա վերջ: Twitter-ի ղեկավարը կարծում է, որ այդ ժամանակ ընկերությունն արդեն կայուն վիճակում կլինի:

Դեկտեմբերին միլիարդատերն ասել էր, որ կհեռանա Twitter-ի գործադիր տնօրենի պաշտոնից, բայց միայն այն ժամանակ, երբ գտնի իր իրավահաջորդին: Բանն այն է, որ Մասկի կողմից սոցիալական հարթակում կազմակերպված հարցման արդյունքում միլիոնավոր օգտատերեր քվեարկել էին նրա պաշտոնաթողության օգտին:

Մասկը նաև հայտնել էր, որ գործադիր տնօրենի պաշտոնից հրաժարվելուց հետո Twitter-ում «կղեկավարի ծրագրային ապահովման և սերվերների թիմերը»՝ նշելով, որ, հնարավոր է, շարունակի իր ազդեցությունն ունենալ ընկերության որոշումների մեծ մասի վրա:

Այն բանից հետո, ինչ Մասկը ձեռք է բերել Twitter-ը և ստանձնել ընկերության գործադիր տնօրենի պաշտոնը, սոցիալական հարթակում բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունեցել, որոնց մի մասը բացասաբար է ընդունվել:

CNN-ը, վկայակոչելով Pathmatics վերլուծական ընկերության տվյալները, նշում է, որ սեպտեմբերին Twitter-ում առաջատար 1000 գովազդատուների կեսը հունվարի առաջին շաբաթների դրությամբ այլևս գումար չի ծախսում տվյալ հարթակում:




Լրահոս