Հայաստանը և Ադրբեջանը պետք է թուլացնեն լարվածությունը. ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանը և Ադրբեջանը պետք է թուլացնեն լարվածությունը և ընթանան համապարփակ և տևական խաղաղության ուղով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը:

«Թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին՝ հենց կողմերին, ինչպես նաև ողջ տարածաշրջանին ուղղված մեր ուղերձն այն է, որ հարկավոր է լարվածությունը թուլացնելու ուղի գտնել և նորից ընթանալ համապարփակ և կայուն խաղաղության ուղով: Մենք ներգրավված ենք եղել այդ ջանքերում, ներգրավված ենք եղել այդ ջանքերում երկկողմանիորեն, ներգրավվել ենք այդ ջանքերում բազմակողմանիորեն, և կշարունակենք անել հնարավոր ամեն բան ուղղակիորեն կողմերի հետ, ինչպես նաև՝ բազմակողմ կառույցների և խմբավորումների միջոցով, այդ գործն առաջ մղելու համար: Մենք հույս ունենք, որ մյուս երկրները կուղարկեն ճիշտ նույն ուղերձը», – ասել է Փրայսը։

Պատասխանելով այն հարցին՝ արդյոք ԱՄՆ-ն ողջունում է Երևանի և Անկարայի միջև վերջին շփումները Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո, Նեդ Փրայսը նշել է, որ Վաշինգտոնը ողջունում է աշխարհի բոլոր երկրներին, որոնք ավերիչ երկրաշարժերից հետո կանգնել են Թուրքիայի և Սիրիայի ժողովուրդների կողքին:




Լրահոս