Նախկին իշխանությունների ժամանակ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած անձինք այժմ անցնում են տարբեր քրեական գործերով։
Պաշտպանության նախկին նախարար, նախկին նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել մոտ կես միլիարդ դրամ գումարի հափշտակության կատարումը կազմակերպելու համար։ Նույն գործով պետությունից առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակությանը դրդելու համար մեղադրանք է առաջադրվել «Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանին։
Նախկին նախարար Միքայել Հարությունյանը մեղադրվում է 2008 թվականի մարտի 1-ին նախագահական ընտրություններից հետո սահմանադրական կարգը տապալելու համար։ Միքայել Հարությունյանն այժմ ապաստանել է Ռուսաստանի Դաշնությունում։
Սեյրան Օհանյանը, որն այժմ «Հայաստան» խմբակցության ղեկավարն է, անցնում է երեք քրեական գործով եւ նրան արդեն մեղադրանքներ են առաջադրվել։ Սեյրան Օհանյանը մեղադրվում է զորամաս և ռազմական նշանակության այլ շինություններ ներառող հատուկ նշանակության «Երասխ-1» տարածքն անհամեմատ էժան վաճառելու համար, ՊՆ-ի սեփականություն հանդիսացող այս շենքի և հարևանությամբ գտնվող տարածքը վաճառելու համար։ Նախկին նախարարն անցնում է նաև այլ քրեական գործերով, օրինակ Օհանյանն անցնում է «անպիտան հրթիռների» քրգործով։
Այս նույն գործով անցնում է նաև Դավիթ Տոնոյանը։ Տոնոյանը մեղադրվում է շուրջ 4.7 միլիոն դոլարի չարաշահման համար։
Նախկին նախարարներից ամենաթարմ դեպքը Վիգեն Սարգսյանին առնչվող քրեական վարույթն է։ Նա, ըստ դատախազության, 2018 թվականի հունվարին նախարարության հաշվեկշռում գտնվող Երևանի Գրիգոր Հասրաթյան փողոցի 25/6 հասցեի բազմաբնակարան շենքի բնակարանների բաշխման գործընթացում դիտավորությամբ կատարել է իր լիազորությունների շրջանակից ակնհայտորեն դուրս գտնվող գործողություններ: Ըստ Դատախազության՝ Վիգեն Սարգսյանի որոշմամբ՝ 26 բնակարան տրվել է այն զինծառայողներին, որոնք կա՛մ հերթացուցակում ուշ են հայտնվել, կա՛մ ընդհանրապես ցուցակ չպետք է ընդգրկվեին։
Մանրամասները՝ տեսանյութում
Ն.Հ.