Սերժ Սարգսյանի` Ռուսաստան կատարած պետական այցի ընթացքում հայ-ռուսական ընդլայնված բանակցությունների շրջանակում կնքված համաձայնագրերի թվում են նաեւ ՌԴ-ի եւ Հայաստանի միջեւ կրկնակի հարկումից խուսափելու մասին համաձայնագրում արված փոփոխությունները: Նշենք, որ Հայաստանի եւ ՌԴ-ի միջեւ համաձայնագիրը ստորագրվել է 1996թ-ին եւ գործում է 1999-ի հունվարի 1-ից:
Քանի որ Հայաստանում ռուսական ներդրումները ընդգրկում են ամենաշահութաբեր ոլորտները` էներգետիկ ենթակառուցվածքներ, «Հայռուսգազարդ», Մեծամորի ատոմակայանի մի մասը, ՀԷՑ-երը, երկաթուղին, բջջային կապի 2 օպերատորները, մի շարք առեւտրային բանկեր եւ այլն, ապա ենթադրվում է, որ փոփոխությունները վերաբերում են 1999-ից հետո ՀՀ-ում ռուսական սեփականության օբյեկտներին եւ ծառայություններին: Եւ առաջին հարցը, որ ծագում է շարքային հայաստանցու մոտ, այն է, թե արդյոք այդ փոփոխությունները կարող են վերաբերել նրան, որ ՌԴ-ում գրանցված առեւտրային կազմակերպությունների ներկայացուցչությունները` մասնաճյուղեր, գրասենյակներ եւ այլն, հարկվեն ՌԴ-ում: Միջակառավարական երկկողմ պայմանագրի 7-րդ հոդվածով ամրագրված է, որ առեւտրային գործունեությունից շահույթը կարող է հարկվել մշտական ներկայացուցչության միջոցով` մյուս պետությունում (պայմանավորվող պետություն), տվյալ դեպքում` Հայաստանում, բայց միայն այն մասով, որը վերաբերում է մշտական ներկայացուցչությանը:
ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտնեց, որ հակառակը, պայմանագրի փոփոխություններն ուղղված են հայկական կողմի շահերի պաշտպանությանը: Բանն այն է, որ մեր երկրում առանձին ոլորտներում գործող կարճաժամկետ ներկայացուցչություն ունեցող մի շարք կազմակերպություններ իրենց եկամուտները եւ դրանց տոկոսները վճարում են ՌԴ-ում, իսկ համաձայնագրի` ուժի մեջ մտնելուց հետո հարկումների մի մասը կկատարվի ՌԴ-ում, մի մասը` մեզ մոտ: Նշենք, որ խոսքը ՀՀ-ում մշտական ներկայացուցչություն ունեցող բջջային կապի զույգ օպերատորների կամ էներգետիկ կազմակերպությունների մասին չէ, որոնք հարկվում են միայն Հայաստանում, այլ հիմնականում ռուսական մի քանի ավիափոխադրողների` «Աէրոֆլոտ», «Վնուկովսկիյե ավիալինիի», «Սիբիր», եւ որոշ շինարարական ընկերությունների մասին է: Ինչպես պարզեցինք` հայկական աղբյուրներից ստացված եկամուտները Հայաստանում հարկելու մասին առաջարկը ռուսական կողմին ներկայացրել է հայկական կողմը:
Ինչ վերաբերում է մյուս երկկողմ համաձայնագրերին, ապա մեր երկիրը նման համաձայնագրեր ունի աշխարհի 35 երկրների հետ` Բելառուս, Բուլղարիա, Չինաստան, Վրաստան, Ֆրանսիա, Իրան, մերձբալթյան երկրներ, Հունաստան, Նիդերլանդներ, Թաիլանդ, Ռումինիա, Հնդկաստան, Էստոնիա, Ավստրիա, ԱՄԷ, Լյուքսեմբուրգ, Շվեյցարիա, Իտալիա, Քաթար եւ այլք:
ՌՈՒՍԱԿԱՆ ԱՎԻԱՓՈԽԱԴՐՈՂՆԵՐԸ ԿՀԱՐԿՎԵՆ ՀՀ-ՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ