ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է. «Ոստիկանները ՊՆ նախկին շենքի բնակիչներին դուրս են հանում իրենց կեցավայրերից: Քաղաքացիները մնացել են անօթևան. ահազանգի հետքերով մեր հանձնաժողովի փորձագետները առավոտից տեղում են՝ արձանագրելու խախտումները:
Առավոտյան ահազանգ եմ ստացել առ այն, որ ոստիկանները անհամաչափ ներկայացվածությամբ ՊՆ նախկին շենքի բնակիչներին դուրս են հանում իրենց կեցավայրից:
Իրավապահ մարմինների տեղեկությամբ՝ ՊՆ նախկին շենքում ապրում է 100-120 մարդ, որից 37-ը անչափահասներ են, 25-ը՝ կանայք:
Այս մարդիկ փաստացի մնացել են անօթևան:
Փորձագետներին տեղում հայտնել են, որ ոստիկանությունը բերման է ենթարկել 26 քաղաքացու: Նրանց վստահեցրել են, որ բնակիչներին չեն թողնելու անտուն և ժամանակավոր կացարանով են ապահովելու «Նաիրի» մշակույթի տանը: Բնակիչները, սակայն հրաժարվում են տեղափոխվել այնտեղ:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչն իր հերթին հայտնել է, որ այս պահին քննարկվում է բնակարանային վարձի փոխհատուցման ծրագիրը:
Այս պահի դրությամբ քաղաքացիներին իրենց բնակավայրերից դուրս հանելու գործընթացը շարունակվում է. թե որտեղ պիտի ապրեն նրանք, դեռ անհայտ է:
Հետևողական եմ, որ, օրենքի շրջանակներում, ամեն ինչ արվի ի նպաստ Հայաստանի Հանրապետության քաղաքացու: Բնակիչները պետք է ունենան կացավայր և միայն դրանից հետո պետք է իրականացվի նրանց հեռացումը ՊՆ նախկին շենքից»: