ԱՀԿ-ն դադարեցրել է կորոնավիրուսի ծագման հետաքննությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դադարեցրել է SARS-CoV-2 վիրուսի ծագման հետաքննությունը՝ վկայակոչելով Չինաստանում կարեւորագույն հետազոտություններ կատարելու փորձերի հետ կապված խնդիրները, գրում է Nature միջազգային գիտական ամսագիրը։ Այս տեղեկությունը ամսագրին հաստատել է ԱՀԿ փորձագետ Մարիա վան Կերկհովեն։

Նրա տեղեկատվության համաձայն՝ ԱՀԿ-ն պլանավորում էր համապատասխան աշխատանքը կատարել փուլ առ փուլ, սակայն այդ ծրագիրը փոխվել է։ Փորձագետի խոսքով՝ ամբողջ աշխարհում իրականացվող քաղաքականությունը խոչընդոտում է SARS-CoV-2-ի ծագումը հասկանալու առաջընթացին:

Չինաստանի իշխանությունները 2019 թվականի դեկտեմբերի 31-ին ԱՀԿ-ին տեղեկացրել են Ուհան քաղաքում անհայտ թոքաբորբի բռնկման մասին։ 2020 թվականի հունվարի սկզբին Չինաստանում պաշտոնապես հայտարարվել է, որ կորոնավիրուսի նոր տեսակը վիրուսային թոքաբորբի բռնկման պատճառ է դարձել։ Եվ արդեն 2020 թվականի մարտի 11-ին ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը հայտարարել է, որ նոր կորոնավիրուսի տարածումը համավարակի բնույթ է կրում։

2021 թվականին ԱՀԿ գլխավոր տնօրենը հայտնել է նոր պաթոգենների ծագման գիտական խորհրդատվական խմբի (SAGO) ստեղծման մասին, որի կազմում ընդգրկված են 27 մարդ տարբեր երկրներից, այդ թվում՝ Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Չինաստանից, Հնդկաստանից եւ այլն։

ԱՀԿ-ն 2021 թվականի մարտին հրապարակել է կազմակերպության փորձագետների միջազգային խմբի զեկույցի ամբողջական տարբերակը՝ կորոնավիրուսի ծագումը պարզելու համար Ուհան կատարած այցի մասին, որում նրանք լաբորատորիայից դրա արտահոսքը «չափազանց անհավանական» են անվանել։ Կորոնավիրուսի ծագման մեկ այլ վարկած՝ կենդանուց մարդուն ուղղակի փոխանցումը, փորձագետները ներառել են «հնարավորից մինչեւ հավանական» վարկածների ցանկում։ ԱՀԿ առաքելությունը նաեւ նշել է սառեցված մթերքների միջոցով վիրուսի առաջացման «հնարավոր» տարբերակը։




Լրահոս