Սպան հաստատել է նախնական վարկածը. նոր մանրամասներ զինվորական կացարանի հրդեհի դեպքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի համար նախատեսված կացարանում տեղի ունեցած հրդեհից մահացած զինծառայողների ծնողների ներկայացուցչի գործառույթներն ստանձնած փաստաբանի կողմից վերջին օրերին հրապարակայնորեն արվում են հայտարարություններ, որոնք, որևէ աղերս չունենալով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձեռք բերված փաստական տվյալների հետ, ուղղված են իրականացվող քննության նկատմամբ տուժողների վստահությունը խաթարելուն, հանրության շրջանում տարածվող անհիմն, որոշ դեպքերում աբսուրդային ենթադրություններին ու ասեկոսեներին իրականության պատրանք հաղորդելուն։
Խոսքը, մասնավորապես, վերաբերում է իբրև թե հրդեհը դիտավորությամբ այլ հանցագործության պարտակման հետ կապելու վերաբերյալ պնդումներին, հրդեհից առաջ զինծառայողների մահացած լինելու, այսպես կոչված «սեփական հետաքննության» հիման վրա արվող՝ կացարանում միայն զինվորների մահճակալներն այրված լինելու, դեպքի վայրում քննչական գործողությունները «փնթի» կատարված լինելու և նմանատիպ այլ պնդումներին։

Հատկանշական է այն հանգամանքը, որ փաստաբանն իրեն թույլ է տալիս նման պնդումներ անել ոչ միայն վարույթի նյութերին ընդհանրապես չտիրապետելու, այլ նաև՝ նշանակված բազմաթիվ փորձաքննությունների եզրակացություններն անգամ ստացված չլինելու պարագայում՝ ըստ էության հիմնվելով միայն սիրողական մակարդակի դատողությունների վրա։
Մինչդեռ, ձեռք բերված փաստական տվյալներն ավելի են ամրապնդում վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված դեպքի հանգամանքներն ու վարկածը, այդ թվում, ըստ նախնական տվյալների, հերքելով հրդեհից հետո մահացած զինծառայողների մարմիններն իրենց մահճակալների վրա հայտնաբերված լինելու հանգամանքը։
Ավելին, հաշվի առնելով կոնկրետ տվյալ դեպքում իրազեկված լինելու հանրային շահի գերակայությունը՝ հարկ ենք համարում նշել, որ զորամասի ինժեներական ծառայության սպա, կապիտան Ե.Հ.-ն մեղադրյալի դատավարական կարգավիճակով տված ցուցմունքով, ըստ էության, հաստատել է վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված վարկածը՝ որպես կպչան ավտոբենզին օգտագործելու, 5 լիտրանոց տարայով բենզինն իր կողմից կացարան բերելու և վառարանը դրանով վառելու, կրակի տարածման ընթացքի, իր կողմից այն հանգցնելու փորձերի և այլ գործողությունների վերաբերյալ։

Քրեական վարույթով ապացուցողական և վարութային ծավալուն գործողությունները, օպերատիվ-հետախուզական միջոցառումները մեծ ինտենսիվությամբ շարունակվում են։
Քննությանը հետաքրքրող բազմաթիվ հարցերի պատասխաններ ստանալու նպատակով նշանակված են բազմաթիվ փորձաքննություններ, այդ թվում նաև՝ հրդեհատեխնիկական, պայթյունատեխնիկական, նյութագիտական, ձգաբանական, հետքաբանական, շինարարատեխնիկալան, ապրանքագիտական համալիր փորձաքննություն, որոնց եզրակացությունները դեռևս չեն ստացվել։
Ներկա փուլում ընթանում է մահացած զինծառայողների ծնողներին, հարազատներին որպես տուժող ճանաչելու և նրանց հետ համապատասխան քննչական գործողություններ կատարելու գործընթացը։ Դրա շրջանակներում վերջիններս լիարժեք հնարավորություն ունեն ներկայացնելու դեպքի վերաբերյալ իրենց ունեցած տեղեկություններն ու տվյալները։
ՀՀ քննչական կոմիտեն հավաստիացնում է, որ որոշակիություն և փաստական հենք ունեցող բոլոր նմանատիպ տվյալները վարույթի շրջանակներում դարձվելու են ստուգման առարկա։

Հետևաբար, անթույլատրելի ենք համարում քննության ներկա փուլում նախաքննական տվյալների հրապարակման առումով քննչական մարմնի ունեցած կաշկանդվածությունից ու սահմանափակումներից օգտվելով՝ առանց որևէ հիմքի ապատեղեկատվության տարածման, արհեստականորեն հանրային կրքեր բորբոքելու, զոհված զինծառայողների հարազատների վիշտը, հուզական վիճակը շահագործելու դրսևորումները։




Լրահոս