Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը 3 նորեկ ունի:
Ինչպես հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը, թիմին է միացել սերբ պաշտպան Դուշան Միյիչը: 29-ամյա ֆուտբոլիստն առաջին քայլերն արել է սերբական «Նովի Սադ» ակումբում, որտեղ խաղացել է 2010-2014 թվականներին: Այնուհետև տարբեր տարիներին խաղացել է «Բաչկա», «Հայդուկ», «Տրայալ», «Սլոգա Կրալյեվո» թիմերում: Նա ելույթ է ունեցել Բոսնիա և Հերցեգովինան ներկայացնող «Կրուպա» ակումբում: Միյիչի վերջին ակումբը «Մլադոստն» է, որը խաղում է Սերբիայի Սուպերլիգայում: Այս մրցաշրջանում նա մասնակցել է առաջնության 9 հանդիպման, իսկ Սերբիայի Գավաթի խաղարկությունում դաշտ է դուրս եկել 2 անգամ:
«Արարատ»-ում կարիերան կշարունակի նաև երիտասարդ կիսապաշտպան Կասիմ Հաջին: 22-ամյա խաղացողը «Արարատ» տեղափոխվել է շվեյցարական «Ստադ Նիոն» ակումբից: Շվեյցարական ակումբի կազմում մասնակցել է 40-ից ավելի խաղերի, դարձել 7 գոլի հեղինակ: Կասիմ Հաջին Ֆրանսիայի և Կոմորյան կղզիների քաղաքացի է:
Բուլղարացի եզրային հարձակվող Գեորգի Բաբալիևը ևս համալրել է «Արարատ»-ի շարքերը: Պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում խաղացել է բուլղարական «Վիտոշա», «Սոզոպոլ», Սոֆիայի «Լոկո» ակումբներում: 21-ամյա ֆուտբոլիստի վերջին ակումբը Վարնայի «Սպարտակ»-ն է: Բուլղարիայի Բարձրագույն լիգայում այս մրցաշրջանում Բաբալիևն անցկացրել է 10 հանդիպում ու դարձել մեկ գոլի հեղինակ:
Բաբալիևը նաև Բուլղարիայի տարբեր տարիքային հավաքականներում խաղալու փորձ ունի: Հանդես է եկել Բուլղարիայի Մ16 տարեկանների հավաքականում, իսկ մինչև 18 տարեկանների թիմում անցկացրել է երկու խաղ: