Ռուսական կողմը հաստատում է իր պատրաստակամությունը Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու համար:
Այս մասին այսօր՝ փետրվարի 17-ին, ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ նշելով, որ Ռուսաստանը շարունակում է աջակցել երկրների միջև խաղաղության պայմանագրի կնքման գործընթացին։
«Այս համատեքստում Ռուսաստանի ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը վերջերս օգտակար այց կատարեց Երևան և Բաքու։ Ե՛վ հայկական, և՛ ադրբեջանական կողմերը հաստատել են իրենց շահագրգռվածությունը այս հարցում Ռուսաստանի միջնորդությամբ»,- ընդգծել է Զախարովան։
Հիշեցնենք, որ Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղի՝ արտաքին աշխարհի հետ միակ տրանսպորտային կապը, դեկտեմբերի 12-ից ադրբեջանցի կեղծ ակտիվիստներն արգելափակել են:
Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ 5 կմ լայնությամբ միջանցքը պետք է գտնվի ռուս խաղաղապահների հսկողության տակ։
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները պետք է հանդիպում ունենային դեկտեմբերի 23-ին, սակայն հայկական կողմը հրաժարվել էր հանդիպումից Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով:
Նախորդ օրը՝ դեկտեմբերի 22-ին, պաշտոնական Երևանը հստակեցրել էր իր դիրքորոշումն այս հարցում՝ հայկական կողմը խնդրել է հետաձգել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով հանդիպումը՝ մինչև Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորվի։