Թուրքական արտադրության ապրանքները Արցախ են բերվել Հայաստանից. հայտարարություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքական արտադրության գյուղատնտեսական մթերքի՝ Արցախյան շուկայում հայտնվելու դեպքի շուրջ ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված ապրանքները Արցախ են բերվել Հայաստանի Հանրապետությունից, որտեղ այն գտնվում է ազատ վաճառքում: Այս մասին հայտնում է Արցախի ԱԱԾ-ն:

Ձեռնարկված միջոցառումներով ամբողջությամբ հերքվել է հիշյալ ապրանքները ադրբեջանական կողմի ջանքերով արցախյան շուկա մտնելու վարկածը:

Նկատի ունենալով 12.12.2022թ.-ից Ադրբեջանի կողմից Արցախը շրջափակման մեջ առնելը և դրա հետևանքով ստեղծված իրավիճակը, սնանկացման եզրին կանգնած տարբեր տնտեսվարող սուբյեկտներ հաճախ փորձում են ամենատարբեր եղանակներով որոշակի ապրանքատեսակներ տեղափոխել Արցախ:

Հաշվի առնելով դրա վտանգավորությունն ու ռիսկայնությունը, ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը, համագործակցելով Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի հետ, շարունակելու է միջոցներ ձեռնարկել Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման պայմաններում Արցախ տեղափոխվող հումանիտար բեռների անվտանգությունն ապահովելու և անվերահսկելիությունը բացառելու ուղղությամբ:




Լրահոս