Հայաստանի և Խորվաթիայի վարչապետները քննարկել են տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Խորվաթիայի
վարչապետ Անդրեյ Պլենկովիչի հանդիպումը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ վերջերս տեղի է ունեցել Խորվաթիայի ԱԳ նախարարի առաջին այցը Հայաստան, ինչը
երկկողմ հարաբերություններում ունի պատմական նշանակություն: Վարչապետը հույս է հայտնել, որ այսօրվա
հանդիպումը ևս նոր ազդակ կհաղորդի հայ-խորվաթական հարաբերությունների հետագա զարգացմանն ու
ամրապնդմանը:

Խորվաթիայի վարչապետը նշել է, որ իր գլխավորած կառավարությունը ևս շահագրգիռ է ընդլայնելու
փոխգործակցությունը Հայաստանի հետ տարբեր ոլորտներում:

Հաջորդիվ զրուցակիցներն անդրադարձել են Հարավային Կովկասում առկա իրավիճակին, Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող զարգացումներին:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծվել է հումանիտար ճգնաժամ, արդեն ավելի քան մեկ ամիս է Ադրբեջանն արգելափակել է նաև
էլեկտրամատակարարումը, լուրջ խնդիրներ են առկա գազի մատակարարման հետ կապված: Նիկոլ Փաշինյանի
խոսքով` այս ամենն առաջացնում է ոչ միայն հումանիտար, այլ նաև բնապահպանական ճգնաժամ: Խնդրի լուծման հարցում վարչապետը կարևորել է միջազգային հանրության հասցեական ու հետևողական արձագանքը:

Կողմերն անդրադարձ են կատարել նաև ՀՀ-ում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության
գործունեությանը և ընդգծել տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդման կարևորությունը:

Վարչապետ Փաշինյանը Խորվաթիայի իր գործընկերոջը պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան: Հրավերը սիրով ընդունվել է:




Լրահոս