ArmLur.am-ի ՔՊ-ամերձ աղբյուրները փոխանցում են, որ հայրենի օրենսդիրները տարբեր առիթներով դժգոհում են, որ իշխանության վերնախավն իրենց չի ներկայացնում, թե այս պահին ինչ բանակցություններ են ընթանում հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական բանագնացների միջև:
Իշխանության ներսում ևս անորոշ վիճակ է, քանի որ Նիկոլ Փաշինյանը ռեալ չի ասում, թե ինչ է քննարկում, ինչ որոշում ունի, կամ ինչ փաստաթղթերի շուրջ է ընթանում բանակցությունները:
Կարելի է ասել ՔՊ-ականների հույսը մամուլն է, որից էլ տեղեկանում են, թե իշխանական վերնախավը ինչ է անում այս պահին, կամ ինչ հանդիպումներ են առաջիկայում սպասվում: Այս ամենը «հասցրել» են Նիկոլ Փաշինյանին, ինչի համար էլ վերջինս փետրվարի 15-ին փակ հանդիպում է ունեցել ՔՊ խմբակցության հետ:
ArmLur.am-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Փաշինյանն այդ հանդիպման ժամանակ էլ ինֆորմացիայի փոխանցման առումով այդքան էլ առատաձեռն չի եղել, հարցերին շատ կարճ ու խուսափողական պատասխան է տվել: Փաշինյանն ասել է, որ փաստաթղթեր կային, որի վրա իրենք աշխատել են ու փոխանցել մյուս կողմին, սպասում են նրանց արձագանքին: Թե կոնկրետ ինչ, երբ կամ ինչ բովանդակությամբ վարչապետը չի մանրամասնել:
Ըստ մեր աղբյուրների` Փաշինյանը շատ մտահոգված է եղել, խմբակցության հետ շատ կարճ զրույցներ է ունեցել:
Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ ՔՊ-ականները դժգոհ են նաև ԱԳ նախարար Արարատ Միրզոյանից, որը ևս խուսափում է իր թիմի հետ հանդիպելուց: Բայց խմբակցությունը նպատակ ունի, նրան ևս ԱԺ «բերել», ու «հարցաքննել» ինչպես դա արեցին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի դեպքում: Նշենք, որ անցած շաբաթ Գրիգորյանը խորհրդարանում փակ հանդիպում ունեցավ ՔՊ խմբակցության պատգամավորների հետ: