ԿՎԵՐԱԿԱՆԳՆՎԵՆ
Համաշխարհային բանկը Հայաստանին կհատկացնի 18 միլիոն դոլար որպես լրացուցիչ ֆինանսավորում «Ջրամատակարարման վերականգնման արտահերթ նախագծի» համար: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 21,6 միլիոն դոլար, որի 3,4 միլիոն համաֆինանսավորումը կապահովի Հայաստանի կառավարությունը, եւս 200 հազար դոլար կլինի ֆերմերային տնտեսությունների ներդրումը` «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակում: Լրացուցիչ ծրագրի շրջանակում կվերանորոգվեն 50 կմ մայրուղային եւ երկրորդական ոռոգման ջրանցքներ, որոնք սպասարկում են Արագածոտնի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Արարատի եւ Արմավիրի մարզերի 52 հազար հեկտար հողատարածք: 4,7 հազար հեկտարի ոռոգումը կվերականգնվի ամբողջությամբ: Նորոգման աշխատանքների շնորհիվ ոռոգման ջրի կորուստը կկրճատվի 34,4 միլիոն խմ-ով: Ծրագիրը ժամանակավոր զբաղվածություն կապահովի ամիսը 7 հազար մարդու համար:
ՆՇԵԼ ԵՆ ԿՈՆԳՐԵՍՈՒՄ
Հոկտեմբերի 25-ի երեկոյան ամերիկահայերը ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով խմբի 18 անդամների, Հայաստանի դեսպանության ներկայացուցիչների եւ Հայաստանի բարեկամների հետ Կոնգրեսում նշել են Հայաստանի անկախության 20-ամյակը: Այդ մասին հաղորդում է ՀՅԴ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը:
ՇՐՋԱԳԱՅՈՒՄ Է
Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 27-ին կմեկնի Լյուքսեմբուրգ: Այցելության ընթացքում Նալբանդյանը կստորագրի Հայաստանի եւ Եվրամիության միջեւ «Շարժունակության շուրջ գործընկերության համատեղ հռչակագիրը»: Հոկտեմբերի 28-ին Նալբանդյանը աշխատանքային այցով կլինի Բեռլինում, իսկ հոկտեմբերի 29-ին` Փարիզում, որտեղ ելույթ կունենա ՅՈՒՆԵՍԿՕ-ի 33-րդ գլխավոր կոնֆերանսին:
ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ ԿՈՏԱՅՔՈՒՄ
Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հոկտեմբերի 26-ին Կոտայքի մարզպետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ մարզում մեկնարկում են ստուգումները: Զաքարյանը հայտնել է, որ ստուգումները կատարվելու են բյուջետային հատկացումների, անշարժ գույքի օտարման, սեփականաշնորհման եւ դրանց վարձակալության ուղղությամբ, ինչպես նաեւ համայնքների մշակութային, կրթական եւ առողջապահական կենտրոններում: ՎՊ ստուգումներն ավարտվել են Արարատի, Գեղարքունիքի մարզերի եւ մայրաքաղաքի սոցիալական ծառայությունների տարածքային երեք կենտրոններում:
ԱՄՈՐՁԱՏԵ՛Լ
ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն առաջարկում է սեռական հանցագործությունների դեպքում կիրառել ամորձատում (կաստրացիա): Այս առաջարկը պատգամավորը երեկ արել է ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ: Նա նշել է, որ սեռական մոլագարների կաստրացիա կատարվում է զարգացած շատ երկրներում` Անգլիայում, Շվեդիայում, Կանադայում, Չեխիայում, իսկ ԱՄՆ 8 նահանգներում գործում է հարկադրական կաստրացիա: Սակայն ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի կարծիքով` ոչ բոլոր խնդիրներն են իրավական նորմերով լուծումներ ստանում. «Հատկապես մոնոէթնիկ հանրապետությունում, ինչպիսին մերն է, դա ավելի բացասական ազդեցություն կարող է ունենալ»: