ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը վաղը՝ ՀՀ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնելու է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Նախագծում հոդված է ավելացվելու, ըստ որի. «Ինքնիշխանությունից հրաժարվելուն` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողություններ կատարելը` պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով»:
Հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի նպատակն անմիջականորեն պետության ինքնիշխանության պաշտպանությանն ուղղված քրեաիրավական միջոցների նախատեսումն է:
Նախագծի ընդունման արդյունքում քրեորեն պատժելի արարքներ են համարվելու ինքնիշխանությունից հրաժարվելուն` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողություններ կատարելը, ինչպես նաև ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչերը:
Ն.Հ.