ԱՐՍԵՆՅԱՆԻ ՈՐԴՈՒ ԳՈՐԾՈՎ ՈՐՈՇՈՒՄ Է ԿԱՅԱՑՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 29-ին հրապարակվել էր՝ մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ դեկտեմբերի 27-ին սառը զենք կրելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել եւ ոստիկանության Կենտրոնական բաժին է տեղափոխվել Երեւանի բնակիչ 27-ամյա Գուրգեն Արսենյանը։ Նրա մոտ հայտնաբերվել է 2 հատ կացին եւ 16.5 սմ շեղբի երկարությամբ դանակ։

 

Նախաձեռնվել էր քրեական վարույթ:

ArmLur.am-ը փորձեց հետաքրքրվել, թե ինչ ընթացք ստացավ այս գործը: Ի պատասխան՝ Քննչական կոմիտեից հայտնեցին. «2022 թվականի դեկտեմբերի 27-ին Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողները Երեւան քաղաքի Մաշտոցի պողոտա-Բյուզանդ փողոցների խաչմերուկի մոտից սառը զենք կրելու կասկածանքով ձերբակալել եւ բաժին են տեղափոխել Գ. Արսենյանին, ում մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է երկու հատ կացին եւ մեկ 16.5 սմ շեղբի երկարությամբ դանակ:

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ:

Գ. Արսենյանի անձնական խուզարկությամբ հայտնաբերված թվով 1 հատ դանակի եւ թվով երկու հատ կացինների՝ սառը զենք հանդիսանալու հանգամանքը պարզելու համար նշանակվել է քրեագիտական փորձաքննություն։ Համաձայն փորձագետի եզրակացության՝ փորձաքննությանը ներկայացված կացիններից մեկը պատրաստված է գործարանային, մյուսը՝ արհեստագործական եղանակով, դրանք ունեն տնտեսակենցաղային նշանակություն եւ սառը զենք չեն հանդիսանում։ Դանակը պատրաստված է գործարանային եղանակով, հանդիսանում է խոհանոցային դանակ, սառը զենք չի հանդիսանում:

Հաշվի առնելով, որ Գ. Արսենյանի արարքում բացակայում են ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի հատկանիշները՝ կայացվել է քրեական վարույթը կարճելու որոշում:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

ԵՐԵՔ ԱՆՁ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական եւ վարութային գործողությունների արդյունքում պարզվել են 3 անձի կողմից ոստիկանության աշխատակցի ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքի մի շարք հանգամանքներ:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2023 թվականի հունվարի 31-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Տաշիրի բաժնի վարչական շենքի պարեկային ծառայության համար նախատեսված աշխատասենյակում Տաշիր քաղաքի 31 եւ 33-ամյա եւ Սարատովկա բնակավայրի 28-ամյա բնակիչները, գտնվելով ոչ սթափ վիճակում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության կրտսեր պարեկի կողմից իրենց ընկերոջը տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելու վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն կազմելուն խոչընդոտելու նպատակով սկսել են վիճաբանել հիշյալ պարեկի եւ վիճաբանությանը միջամտող մեկ այլ պարեկի հետ։

Վերջիններիս հասցեին նրանք հնչեցրել են հայհոյանքներ, այնուհետեւ բռնություն գործադրելով՝ ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցրել նրանց մարմնի տարբեր հատվածներին:

Հարուցված հանրային քրեական հետապնդման հիման վրա՝ վարույթն իրականացնող քննիչի կողմից հիշյալ երեք տղամարդկանց մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է:

 

 

 

 

ԽՄԲԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ

Հունվարի 31-ի գիշերն էր, ժամը 3:35-ը, երբ հսկող սարքերը մայրաքաղաքի Անդրանիկի փողոցում ֆիքսեցին տարօրինակ շարժ: Դիմակավորված չորս հոգի տեխնիկական միջոցների գործադրմամբ փորձում են բանկոմատից գողություն անել: Գործի կեսն արել էին, մնում էր պայթեցնելը, երբ բանկում ծառայություն կատարող ոստիկանը ձայներ լսեց: Բանկը ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության հսկողության տակ էր:

Հերթապահող ոստիկանը միջամտեց, եւ գողության եկած տղամարդիկ, գործն ու գործիքները թողած, փախան: Ահազանգով դեպքի վայր մեկնեցին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության, Մալաթիայի բաժնի օպերատիվ խմբեր, փորձագետ ու քննիչ: Նախաձեռնվեց քրեական վարույթ, իրավապահներն անցան գործի` տարածքի զննություն, վարկածների վերլուծություն եւ, իհարկե, օպերատիվ աշխատանք:

Օրեր տեւած օպերատիվ-հետախուզական համագործակցված աշխատանքի արդյունքը տեսանելի դարձավ փետրվարի 4-ին: Իրավապահներին հայտնի դարձավ, որ խմբի անդամները ցանկանում են լքել հանրապետության սահմանները եւ գտնվում են Ստեփանավանում: Երեկոյան ժամը 21:30-ին, ինչպես ասում են, արդեն ճամպրուկները հավաքած, Ստեփանավանում ձերբակալվեցին եւ, նրանցից մեկի «Հոնդա» մակնիշի մեքենայով հանդերձ, տեղափոխվեցին ոստիկանության Մալաթիայի բաժին, ապա ներկայացվեցին տարածքային քննչական բաժին: Փետրվարի 6-ին դատարանի որոշմամբ իրավապահները խուզարկել են նրանց մեքենան՝ հայտնաբերելով գործարանային համարով «ԳԼՈՔ» ատրճանակ՝ լիցքավորված 9 փամփուշտով:

Բազմիցս տեղեկացրել ենք, որ բանկոմատների մեջ տեղադրված է հատուկ սարքավորում, եւ բանկոմատի վրա տեխնիկական ներգործության դեպքում թղթադրամների վրա ներկանյութ է լցվում՝ դրանք դարձնելով ոչ պիտանի։ Եվ նույնիսկ գողությունը հաջողությամբ ավարտին հասցնելու պարագայում կանխիկ գումարը կդառնա անպիտան:

 

 

 

 

ԲԱԽՇԻՅԱՆՆ ԱՆՄԵՂ Է

Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել 2022 թվականի սեպտեմբերի 28-ի Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, որով ճանաչվել եւ հռչակվել էր դատավոր Բորիս Բախշիյանի անմեղությունը:

Հիշեցնենք, որ դատավոր Բորիս Բախշիյանին մեղադրանք էր առաջադրվել իր վարույթում քննվող գործերից մեկով ամբաստանյալին իբրեւ ակնհայտ ապօրինի կալանավորելու համար, եւ դատավորը հիշյալ մեղադրանքով տեւական ժամանակ գտնվել էր անազատության մեջ:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՀԵՏԱՊՆԴՈՒՄԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է

Armlur.am-ի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն Ապարանի կրակոցների գործով մեղադրյալներից Անդրանիկ Ավագյանի նկատմամբ քրեական հետապնդումը կասեցրել է, քանի որ իրավապահ համակարգը չգիտի նրա գտնվելու վայրը:

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Մաթեւոս Ասատրյանի եղբորը՝ Գրզո Ասատրյանին, ՀՀ քննչական կոմիտեն հարցաքննել էր:

Հիշեցնենք, որ 2022թ. հունիսի 18-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Երեւան քաղաքի 32-ամյա բնակիչը եղբոր հետ Ապարան քաղաքում ավտոմեքենան վարելու ընթացքում ձայնային ազդանշան են տվել «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենային, շրջանցել եւ կանգնեցրել այն, այնուհետեւ մոտեցել են վարորդին եւ մեքենան վարելու հարցի շուրջ զրուցել նրա հետ, ինչին միջամտել են Ապարան քաղաքի մի խումբ բնակիչներ: Խոսակցությունը վերածվել է վիճաբանության, որը շարունակվել է Ապարան քաղաքի սկզբնամասում: Նշված խոսակցությունը շարունակելու նպատակով հաջորդ օրը՝ հունիսի 19-ին, 32-ամյա տղամարդը, նրա եղբայրը մի քանի անձանց հետ գնացել են Ապարան քաղաքում գտնվող գազալցակայանի տարածք, հանդիպել նախորդ օրը իրենց խոսակցությանը միջամտած անձանցից մեկին եւ ծեծի ենթարկել վերջինիս: Նույն հարցի շուրջ խոսակցությունը ժամը 19:30-ի սահմաններում շարունակվել է Նիգավան գյուղի աղբանոցին հարակից տարածքում, որի ընթացքում 32-ամյա տղամարդն իր մոտ գտնվող հրացանից կրակոցներ է արձակել իրենց հետ վիճաբանող անձանց ուղղությամբ: Հրազենային վնասվածքներով Ապարանի բժշկական կենտրոն տեղափոխված երկու անձ՝ Ապարան քաղաքի 27-ամյա բնակիչներ, հիվանդանոցում մահացել են, իսկ 5 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոններ:

32-ամյա տղամարդը կալանավորված է:

 




Լրահոս