ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ՝ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ «Թարգմանական ծրագրեր եւ աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» ծրագրի շրջանակում լույս է տեսել «Նրանց ժամանակը. բուժաշխատողները արցախյան պատերազմում. 1991-1994» աշխատությունը: Գրքի ստեղծման գաղափարի հեղինակը եւ կազմողը Ռուզաննա Բագրատունյանն է: 1991-1994 թթ. ռազմաճակատի առաջին գծում, ռազմադաշտային շարժական եւ մշտական հոսպիտալներում վիրավոր զինվորներին բուժօգնություն ցուցաբերած բժիշկների, բուժքույրերի, բուժակների պատմությունները յուրօրինակ առերեսում են պատերազմի հետ. պատերազմ՝ մարդկային դեմքով, մարդկային սրտով, առանց գունազարդումների, անկեղծ, պարզ, երբեմն էլ իրենց կատարածը թերագնահատելով՝ «բժշկի հերոսությունը զինվորի կյանքը փրկելն է» ասելով։ Նրանք փրկել են շատ կյանքեր։ Բացառապես անձնական պատմությունների, հուշերի վրա հիմնված «Նրանց ժամանակը» ժողովածուն ինքնին տարեգրություն է, հանուն Արցախի ազատագրման մղված պայքարի առարկայացումն ու փաստավավերագրությունը։ Այլ ժողովուրդների պատերազմների հետ արցախյանն անհամեմատելի է, ամեն երկիր իր պատերազմն ունի՝ իր առանձնահատկություններով։ Ռազմական բուժծառայություն, որպես այդպիսին, չկար, կանոնավոր բանակ էլ չկար։ Ազատամարտիկների ջոկատներն էին ճակատի տարբեր հատվածներում մարտեր մղում։ Բանակի ձեւավորմանը զուգահեռ՝ բուժծառայությունն էլ ռազմաբժշկության կազմակերպիչների շնորհիվ կանոնակարգվեց, համընթաց գործեց (հատկապես Շուշիի ազատագրումից հետո):

 

1991-1994 թվականների արցախյան պատերազմի՝ սպիտակ խալաթով զինվորները հրամանատարներից, ազատամարտիկներից ոչ պակաս ներդրում ունեն հաղթանակի կերտման գործում։ Նրանք կյանքեր են փրկել, զինվորներին բուժել ու շարք վերադարձրել, ամենաանհավանական պայմաններում արել են անհնարինը, որովհետեւ բոլորին մեկ նպատակ է միավորել՝ Արցախի ազատագրումն ու հայ ժողովրդի միասնական հաղթանակը։ Բուժաշխատողների պատմությունները գրքում հաճախ են խաչվում, նույնանում, որովհետեւ նրանք պատերազմի ժամանակ նույն դեպքերի ականատեսը, վկան ու մասնակիցն են եղել։ Հենց սա է փաստավավերագրությունը, երբ նույն պատմությունը պատմում են տարբեր մարդիկ։ Այսպես է ստեղծվում պատմական դեպքերի ժամանակագրությունը։ Ըստ էության, ոչնչից ստեղծվել է ռազմական բժշկություն, եւ միայն պատերազմից հետո այդ ոլորտն առանձնացվել ու զարգացել է որպես ռազմական գործից անբաժան կառույց։ Այդ համատեքստում անգնահատելի է արցախցի բժիշկ Վալերի Մարությանի ներդրումը, որի շնորհիվ էլ, փաստորեն, ստեղծվել են առաջին հոսպիտալներն ու դրվել ռազմական բժշկության հիմքը։ Բժիշկ Մարությանի եւ իր թիմի շնորհիվ արցախյան պատերազմի տարիներին դաշտային հոսպիտալներում կատարվել է ավելի քան 11 հազար վիրահատություն, 8 հազար զինվոր վերադարձել է ռազմի դաշտ։

Ամենադժվար ու պատասխանատու գործն անում էին նրանք, ովքեր վիրավորին մարտի դաշտից հանում ու առաջին անհրաժեշտության օգնությունն էին ցույց տալիս՝ ցավազրկող ներարկում, վիրակապում. այդկերպ վիրավորի ապրելու շանսերը մեծանում էին: Շատ պատասխանատու ու դժվար աշխատանք էր նաեւ վիրավորների տեսակավորումը՝ հոգեբանորեն անասելի ծանր գործ՝ տվյալ բուժաշխատողի համար. զինվորական բժշկության սահմանված կանոններից է նախ բուժօգնություն ցուցաբերել այն վիրավոր զինվորին, որի ապրելու հնարավորությունն անհամեմատ ավելի մեծ է: Հատկանշական է, որ պատերազմի ամբողջ ընթացքում կռվող բոլոր ջոկատներն իրենց կցված բուժանձնակազմն ունեին։ Նրանք տեղաշարժվում էին նաեւ բժշկական սարքավորումներով, բուժօգնության պարագաներով, դեղորայքով զինված մեքենաներով։ Վիրավորներին տեղում անհրաժեշտ առաջին բուժօգնություն էր ցուցաբերվում, հետո նրանք արագ տեղափոխվում էին դաշտային հոսպիտալներ կամ Ստեփանակերտ, Երեւան։ Շարժական հոսպիտալները մարտի դաշտից ամենաշատը 1 կմ էին հեռու. աշխատում էին կրակահերթերի տակ։ Ժողովածուում ընթերցողները կկարդան բազմաթիվ պատմություններ այն մասին, թե ինչպես են մեր բուժաշխատողները վիրահատել, բուժել, խնամել եւ, ամենակարեւորը, մարդկային վերաբերմունք ցուցաբերել եւ՛ վիրավոր ադրբեջանցի գերիներին, եւ՛ ադրբեջանցի կանանց, երեխաներին, ծերերին։ Շատ են նման պատմությունները՝ հուզիչ ու մարդկային։ Հայ բուժաշխատողները՝ բժիշկ, բուժակ, թե բուժքույր, առաջնորդվել են բացառապես Հիպոկրատի երդումով։ Երբեք տասնամյակների հեռուներից արցախյան առաջին պատերազմում բուժօգնություն ցույց տված բժիշկներին, բուժքույրերին, բուժակներին գտնելը դյուրին չէր։ Նրանց մի մասն այսօր ապրում է Արցախից ու Հայաստանից դուրս, իսկ մի մասն էլ կա՛մ զոհվել է պատերազմի տարիներին, կա՛մ մահացել պատերազմից հետո։ Բուժաշխատողների նախնական ցուցակը տրամադրել է Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալի վիրաբույժ, ռազմական բժիշկ, գնդապետ Սամվել Գեւորգյանը, սակայն գրքում զետեղված 116 բուժաշխատողների ցանկը համալրվել է պատմությունից պատմություն, զրույցից զրույց։ Կան անուններ, որոնց գտնել չի հաջողվել. նրանց հետքերը, այսպես ասած, կորել են, որոշները տարբեր պատճառներով խուսափել են հարցազրույցից, մի մասն էլ արդեն ողջ չէ։ Յուրաքանչյուր բուժաշխատողի պատմությանը կից զետեղված են նրա կենսագրական տվյալները, որոնք ավելի շատ խորհրդանշական են, քան հանրագիտարանային։ Հրատարակության հիմնական նպատակն էր գտնել բոլոր այն նվիրյալ բուժաշխատողներին, որոնք շարունակաբար (ամիսներ, տարիներ) եղել են ռազմադաշտի առաջին գծում, դաշտային հոսպիտալներում, գնահատել եւ արժեւորել նրանց հերոսական աշխատանքը։ Ամեն մի զինվորի կյանքի համար պայքարած նվիրյալ հերոսներին ժողովուրդը չի ճանաչում, մինչդեռ պատերազմի տարիներին, ինչպես զինվորներն են ասում, «վերեւ՝ Աստված, ներքեւ՝ բժիշկը»։ Օրեր շարունակ վիրահատարանից դուրս չեկած բուժաշխատողները տեսել են պատերազմի ամբողջ սարսափն իրենց ձեռքերի մեջ։ Պատերազմից հետո նրանք ընդհանրապես մոռացության մատնվեցին՝ երբեմն չարժանանալով պարզ շնորհակալության։ Շատերի անունները չենք գտնի գրքերում ու հանրագիտարաններում, բայց նրանք դեռ սպասում են, որ մի օր կգա իրենց ժամանակը։

 

 

 

«ԲԱՐԲԱՌԸ ՄԵՐ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆՆ Է»

Փետրվարի 21-ը նշվում է որպես Մայրենի լեզվի միջազգային օր:

 

Այս կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը, Լեզվի կոմիտեի հետ համատեղ, անցկացնում է աշակերտների հեղինակային տեսանյութերի մրցույթ՝ «Բարբառը մեր հարստությունն է» խորագրով: Համաձայն մրցութային կանոնների՝ յուրաքանչյուր դպրոց կարող է ներկայացնել մինչեւ 1 րոպե տեւողությամբ մեկ տեսանյութ, որում հայերենի որեւէ բարբառով կներկայացվի մայրենի լեզվին նվիրված բեմականացում կամ ազատ ոճի այլ մտահղացում: Դպրոցները պետք է դրանք հրապարակեն իրենց սոցիալական հարթակներում #խոսումենքբարբառով նշիչով՝ նշելով ԿԳՄՍ նախարարության էջը: Մրցույթին մասնակցել ցանկացողներն իրենց տեսանյութերի հղումները պետք է ուղարկեն մինչեւ 2023 թ. փետրվարի 14-ը ներառյալ [email protected] էլ. փոստին:

Վերոնշյալ չափանիշներին չհամապատասխանող տեսանյութերը չեն դիտարկվի: Լավագույնները կհրապարակվեն նախարարության սոցիալական հարթակներում: Մայրենիի միջազգային օրվա շրջանակում դպրոցներին առաջարկվում է նաեւ, որպես սոցիալական արշավ, իրականացնել ուսումնական նախագծեր՝ նվիրված մայրենի լեզվին, փետրվարի 14-21-ը դրանք հրապարակել դպրոցների պաշտոնական հարթակներում («Ֆեսյբուք», «Ինստագրամ»)՝ #մերմայրենին #մայրենինամենուր նշիչներով՝ նշելով ԿԳՄՍ նախարարության էջը: Նախատեսվում է ԿԳՄՍՆ-ի սոցիալական հարթակներում Մայրենիի նախընթաց շաբաթվա ընթացքում իրականացնել նաեւ մեկ այլ սոցիալական արշավ` հրապարակել օտար բառեր եւ դրանց համարժեք հայերեն տարբերակները՝ օգտագործելով #եսընտրումեմհայերենը կամ #հայերենհամարժեքը նշիչները: Դպրոցները եւս կարող են միանալ այս նախաձեռնությանն իրենց սոցիալական էջերում: Հայերենի համարժեքներին կարելի է ծանոթանալ Լեզվի կոմիտեի կայքի «Հորդորակ» շարքում: Նշենք, որ, համաձայն ընթացակարգի, մրցույթի եւ արշավի վերաբերյալ շրջաբերական գրությամբ տեղեկացվել են նաեւ ՀՀ դպրոցները:

 




Լրահոս