ՓԱՇԻՆՅԱՆԻ ՈՒՇԱԳՐԱՎ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուշագրավ հայտարարություններ արեց խորհրդարանում։ Պատասխանալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի հարցին՝ Փաշինյանը խոսեց ԵՄ առաքելության՝ Հայաստան այցի մասին եւ ասաց բաներ, որոնք հակասում էին նախկինում ասվածներին։ Նա, ըստ էության, փորձեց բացատրել, թե, իր խոսքով ասած, ինչպես է ստացվում, եր ՀԱՊԿ դիտորդական առաքելությունը չի ժամանում Հայաստան, այլ ժամանում է ԵՄ դիտորդական առաքելությունը։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝  Ադրբեջանն իր ագրեսիվ գործողությունները բացատրում էր նրանով, որ Հայաստանը, կոնկրետ՝ ՀՀ վարչապետը, ավելի ու  ավելի շատ ռուսական զորքեր է բերում ու տեղակայում Հայաստան-Ադրբեջան սահմանին ու պատրաստվում է  հայ-ռուսական համատեղ ագրեսիվ հարձակում Ադրբեջանի դեմ, եւ Ադրբեջանը հարձակումներով պարզապես փորձում է  հավասարակշռել իրավիճակը:

«Արեւմուտքում փորձ էր արվում Հայաստանը ներկայացնել որպես Ռուսաստանի ագրեսիվ  քաղաքականության մասնակից, իսկ Ռուսաստանում՝ որպես Արեւմտյան դավադրության մասնակից: Մենք էլ ասացինք՝ շատ լավ, եկե՛ք, դուք տեղում դիտարկեք՝ այդ ամենն իրականությանը համապատասխանում է, թե չի համապատասխանում. սա կարեւոր նյուանսներից մեկն է», – ընդգծեց վարչապետը:

Այս հայտարարությունը ուշագրավ է այն առումով, որ երկար ժամանակ նշվում էր, որ ԵՄ առաքելությունը գալիս է Հայաստանի սահմանը դիտարկելու, օրինակ՝ ադրբեջանական ագրեսիայից երաշխավորելու եւ հնարավոր ոտնձգություններն արձանագրելու համար: Ստացվում է հակառակը. նրանք գալիս են համոզվելու, որ մենք  չենք պատրաստվում հարձակվել Ադրբեջանի վրա, եւ ավելին՝ հսկելու ռուսական զորքերի տեղաշարժը։

 

 

 

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, որ ամենաշատն է աղաղակում պետական ինստիտուտների կայացման անհրաժեշտության մասին, միաժամանակ լայն թափով շարունակում է վարկաբեկել եւ նսեմացնել պետական կառույցները: Երիտասարդ «քայլողները» Քաջ Նազարի բախտով նշանակվում են պաշտոնի, այնուհետեւ զղջում եւ հեռանում են պաշտոնից՝ առանց բացատրության: Երեկ խորհրդարանում քննարկվում էր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Սարգիս Խանդանյանի թեկնածության եւ քվեարկության հարցը, քանի որ հանձնաժողովի նախագահ աշխատած Էդուարդ Աղաջանյանը հոգնել էր իր պաշտոնից, հոգնել է պատասխանատվությունից, ցանկանում է դիջեի նախկին աշխույժ կյանքը շարունակել: Մեկ այլ Քաջ Նազարի ճակատագրի մասին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր նախկինում. Ներքին գործերի նախարարության ստեղծումից հետո արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանին ներքին գործերի փոխնախարարի պաշտոն զբաղեցնելու առաջարկ է եղել, սակայն նա հրաժարվել է. պատճառն այն է եղել, որ պատգամավորից նախարար դարձած Փամբուխչյանը չէր ցանկանում փոխնախարար աշխատել, այլ հավակնում էր ՆԳ նախարարի պաշտոնին։  Լրագրողից պատգամավոր, ապա մարզպետ դարձած Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն էլ հրաժարվեց պաշտոնից՝ առանց հանրային լուրջ հիմնավորման: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ նա ցանկանում է աշխատել գործադիրում. մարզպետի աթոռը, կարծես թե, փորձադաշտ էր տիկոջ համար, ու նա է՛լ «հավես չունի» շարունակելու պաշտոնավարել։ Ի վերջո, մարզպետը հեռացավ՝ առանց պատասխանատվության զգացումի մարզի բնակիչների հանդեպ։  Եվ վերջապես վառ օրինակ էր ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի դեպքը. մեկ տարի պաշտոնավարելուց հետո նա հեռացավ (լավ աշխատանքի առաջարկ էր ստացել)։ Թվարկված օրինակներն, իհարկե, դրվագներ են, թե ինչպիսի անպատասխանատվություն են ցուցաբերում պետական պաշտոնյաները պետության նկատմամբ:

 

 

 

ՔՊ-ն երեկ անձեռնմխելիությունից զրկեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին։ Ընդդիմադիր պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդման գործընթաց կսկսվի: ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Սեյրան Օհանյանի դեմ հանրային քրեական հետապնդում հարուցելու 3 միջնորդություն էր ներկայացրել, որոնցից առաջինը վերաբերում էր զորամասի տարածքների օտարմանը, երկրորդ միջնորդագիրը գաղտնի էր եւ քննարկվեց փակ նիստում, իսկ երրորդ միջնորդագիրը վերաբերում էր արդեն պաշտոնավարման ընթացքում թույլ տված չարաշահումներին: Դատախազի միջնորդությունները լսելուց հետո ՔՊ-ականները միաձայն քվեարկությամբ համաձայնություն տվեցին, որպեսզի Սեյրան Օհանյանը զրկվի պատգամավորական անձեռնմխելիությունից: Ընդդիմությունը բոյկոտել էր թե’ հարցի քննարկումը, թե’ քվեարկությունը: Ասել է թե՝ գնդակն արդեն դատախազության դաշտում է. Օհանյանի հետ կապված մյուս հարցերը քննարկվելու են իրավական տիրույթում: Վարույթ իրականացնող մարմինն արդեն կարող է մեղադրանք առաջադրել վերջինիս եւ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն ներկայացնել դատարան: Թեեւ Օհանյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից, բայց նա շարունակում է պահպանել  իր պատգամավորական մանդատը եւ հանդիսանում է «Հայաստան» խմբակցության ղեկավար: Նրա պատգամավորական լիազորությունները կհամարվեն դադարեցված, երբ  ազատազրկման դատապարտելու որոշում կայացվի: Կալանքի համար դատախազը կրկին պետք է խորհրդարան գա եւ պատգամավորների համաձայնությունը ստանա:

 

 

 

 

 

«Ժողովուրդ»  օրաթերթի  տեղեկությունների  համաձայն՝ ԱԺ  ՔՊ խմբակցության  պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը դիմել է  քաղաքական իշխանությանը՝  Պաշտպանության նախկին նախարար Դավիթ  Տոնոյանի  խափանման միջոցը  փոխելու  ու  նրա  նկատմամբ  ավելի մեղմ լինելու խնդրանքով: Բանն այն է, որ Դավիթ Տոնոյանը գրեթե մեկուկես տարի է, գտնվում է կալանքի տակ, թեեւ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: «Ժողովուրդ» օրաթերթը նախկինում գրել էր, որ Վիլեն Գաբրիելյանն ու նախկին նախարարը բարեկամներ են, եւ պատգամավորն այդպես վարվելու պատճառներ ունի։ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունն անձամբ  պարզել՝  հենց Վիլեն Գաբրիելյանից, թե նա կոնկրետ ում է դիմել՝  ՀՀ  վարչապետի՞ն, միգուցե  Գլխավոր  դատախազ Աննա Վարդապետյանի՞ն,  կամ  միգուցե  ՔՊ պատգամավոր Անդրանիկ  Քոչարյանի՞ն, ինչին ի  պատասխան  նա  հայտնեց. «Ինչ կա, հրապարակային դաշտում ասել եմ։ Ես ոչ մեկին նրա հարցով չեմ դիմել»։ Այսինքն՝ հրապարակավ չխոստովանեց, որ դիմել է Տոնոյանին ներելու խնդրանքով, բայց իրականում դիմել է:




Լրահոս