ՄԻ՛ ԶԲԱՂՎԵՔ ԱՃՊԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը, վերջերս մասնակցելով Լաչինի շրջափակման մասով ընդդիմության նախաձեռնած լսումներին, սկանդալային հայտարարություն էր արել Արցախի մասով, որը քննադատվեց թե՛ քաղաքական տարբեր շրջանակների, թե՛ հանրության կողմից:

 

«Մոռացե՞լ եք, թե հայ-ադրբեջանական հարաբերությունների զարգացումն ինչի բերեց, ինչի առջեւ ենք հիմա կանգնած… Անընդհատ Ղարաբաղի 120.000 բնակիչ… ՀՀ 3 մլն բնակչի համար ենք պատասխանատու, պատասխանատու ենք մեր երկրի համար, առաջնահերթությունները ճի՛շտ դրեք»,- ԱԺ ամբիոնից հայտարարել էր իշխանական պատգամավորը:

Նկատենք, որ պատգամավորը միայնակ էր մասնակցել ընդդիմության լսումներին. իշխող խմբակցության մյուս պատգամավորները ներկա չէին:

Սրան հետեւեց նաեւ Արցախի ԱԺ 5 խմբակցությունների համատեղ հայտարարությունը, որոնք Գուրգեն Արսենյանի հայտարարությունները համարել էին անպատասխանատու, վտանգավոր եւ կոչ էին արել հարցը քննարկել Էթիկայի հանձնաժողովում:

«Վերջին շրջանում Հայաստանի Հանրապետության պաշտոնական խոսույթում, մասնավորապես՝ Ազգային ժողովի որոշ պատգամավորների ելույթներում, հաճախ են հնչում հայտարարություններ, որոնք կասկածի տակ են դնում արցախյան ազգային-ազատագրական պայքարի նշանակությունը եւ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, պառակտում մտցնում ազգի ներսում:

Նմանատիպ հայտարարությամբ վերջերս հանդես է եկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի բոլոր խմբակցությունները, խստորեն դատապարտելով նման վտանգավոր վարքագիծը, համոզմունք են հայտնում, որ այդօրինակ արտահայտությունները ոչ միայն չեն բխում հայ ժողովրդի շահերից, այլեւ ջուր են լցնում թուրք- ադրբեջանական տանդեմի ջրաղացին»,-ասված է Արցախի ԱԺ խմբակցությունների հայտարարությունում:

«Ժողովուրդ» օրաթերթը Արցախի ԱԺ խմբակցությունների այս հայտարարության  վերաբերյալ զրուցել է ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի հետ:

-Պարո՛ն Արսենյան, Արցախի ԱԺ խմբակցությունները արձագանքել են Ձեր վերջին հայտարարություններին՝ նշելով, որ «դրանք ջուր են լցնում թուրք- ադրբեջանական տանդեմի ջրաղացին»: Ի՞նչ կասեք այս մասին, սպասելի՞ էր նման արձագանք Արցախից:

-Ես արձագանքելու բան չունեմ. եթե իրենք ինչ-որ բան են ասում, պետք է փորձեն նաեւ հիմնավորել: Թուրք-ադրբեջանական տանդեմի վերաբերյալ իրենց պատկերացումներն ավելի շատ են, քան իմ: Ես Հայաստանի քաղաքական համակարգի ներկայացուցիչ եմ, ՀՀ ԱԺ պատգամավոր եմ եւ սպասարկում եմ Հայաստանի պետական շահը, իսկ թե պետական շահը սպասարկելով՝ որտեղ եմ ջուր լցնում, դա ինձ համար մութ է, իրենց դիմե՛ք, իրենք մասնագետ են այդ տանդեմի ջրաղացի հետ կապված հարցերում, թող իրենց պարզաբանումները տան. ես դրա մասնագետը չեմ:

-Պարո՛ն Արսենյան, ընդամենը տարիներ առաջ ինքնաթիռներ էիք նվիրում Արցախին, ինչպե՞ս ստացվեց, որ հիմա կարծում եք, թե Արցախն առաջնային չէ, ի՞նչ փոխվեց այս տարիների ընթացքում.

-Երեւի այդ ժամանակ էլ էի ջուր լցնում թուրք-ադրբեջանական տանդեմի ջրաղացին՝ այդ ինքնաթիռները նվիրելով: Ոչ մի բան չի փոխվել, ես այդ մարդկանց ասում եմ՝ սպասարկե՛ք ձեր ժողովրդի շահերը ու մի՛ զբաղվեք աճպարարությամբ. ընդամենը սա եմ ասում. լրջացե՛ք, խաղ ու պար չէ, պրոբլեմներ ունեք, զբաղվե՛ք այդ պրոբլեմներով, գիտակցե՛ք ձեր պրոբլեմների առկայությունը:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԵ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

 

 

ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ ԿԱՆ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը երեկ Գերմանիայում հայտարարեց, թե օրեր առաջ Ադրբեջանից նոր առաջարկներ է ստացել Հայաստանը։

 

Չնայած Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին՝ Հայաստանի ԱԳ նախարարն արձանագրեց, որ բանակցությունները շարունակվում են։ Միրզոյանի խոսքով՝ Հայաստանը հաստատակամորեն է ներգրավված բանակցություններում: Նշենք, որ Հայաստանը խաղաղության պայմանագրի խմբագրված վերջին առաջարկները ներկայացրել էր 2022-ի դեկտեմբերին։ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտնել էր, որ իրենք Հայաստանին հարաբերությունների կարգավորման 5 կետից բաղկացած առաջարկ են արել։ Նշվում էր, որ ադրբեջանական կողմը պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու բանակցությունների, եթե պաշտոնական Երեւանն ընդունի այս 5 կետը։

2021 թվականի նոյեմբերի 16-ին Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու վերաբերյալ երկու մոտեցում ունի` դետալացված եւ շրջանակային համաձայնագրի մոդել։ Շրջանակային համաձայնագրի մոդելի մոտեցումն այն է, երբ շրջանակը գծվում է առանց մեծ կոնկրետությունների։ Խաղաղության համաձայնագրի տեքստը պետք է քննարկվեր Մոսկվայում դեկտեմբերի 23-ին նախատեսված Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը, սակայն հայկական կողմը խնդրել է հետաձգել այն՝ հաշվի առնելով Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը։

 

 

 

 

ԿՈՊԵՐՖԻԼԴՅԱՆ ՀՆԱՐՔՈՎ ԱՆՀԵՏԱՑԱՎ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն արդեն երկու օր է՝ խորհրդարանում ներկայացնում է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի եւ Արմեն Չարչյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում սկսելու մասին միջնորդությունները։  Այդ երկու օրերին անհնար էր Աննա Վարդապետյանին գտնել Ազգային ժողովի միջանցքներում. նա կարծես կախարդական փայտիկով հայտնվում է ԱԺ նիստերի դահլիճում եւ նույն կախարդական կերպով դուրս գալիս այնտեղից: Լրագրողներն  2 օր է՝ փորձում էին դատախազին մոտենալ, հարցեր ուղղել, այդ թվում՝ իր կողմից ներկայացված միջնորդագրերի մասին, սակայն Աննա Վարդապետյանը մինչեւ վերջ խուսափեց առերեսվել լրագրողների հետ։ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը եւ օպերատորը քննարկման ավարտին եղան ԱԺ բոլոր հնարավոր մուտքերի մոտ՝ ցուրտ եղանակին դրսում հերթափոխով սպասելով Վարդապետյանին: Մեզ հետ դրսում Վարդապետյանին սպասում էին նաեւ նրա ծառայողական մեքենան եւ ուղեկցող թիկնապահները, սակայն մեզ այդպես էլ չհաջողվեց գտնել Աննա Վարդապետյանին։ Նրա ծառայողական մեքենան այդ ընթացքում մի մուտքից մյուս մուտք էր տեղափոխվում, «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողն էլ վազում էր մեքենաների հետեւից՝ փորձելով գոնե մեքենա նստելիս մեկ-երկու հարց ուղղել դատախազին: Տիկին դատախազն այդպես էլ դուրս չեկավ շենքից եւ չնստեց իր ծառայողական մեքենան։

Երկու տարբեր մուտքերի մոտեցավ ծառայողական ավտոմեքենան, սպասեց, սակայն դատախազը չիջավ, չնստեց իր մեքենան: Ի վերջո, դատախազի ծառայողական ավտոմեքենան դուրս եկավ ԱԺ դարպասներից առանց Աննա Վարդապետյանի: Դատախազը թերեւս ավելի ուշ օդապարիկով հայտնվեց այլ մեքենայի մեջ եւ հեռացավ Ազգային ժողովի տարածքից: Բանն այն է, որ ավելի ուշ մեզ ծանուցեցին, որ դատախազը խորհրդարանում չէ, արդեն հեռացել է։

Թերեւս հարց տալը լրագրողի իրավունքն է, իսկ պատասխանելը՝ պաշտոնյայի պարտականությունը. այս ընթացքում շատ տարբեր պաշտոնյաներ ենք տեսել, սակայն պատասխանատվությունից խուսափելու համար կոպերֆիլդյան նման հնարքի կիրառումը կամ նման բեմադրություն պատրաստելը բացառիկ էր:

Թափանցիկ կառավարման ու պաշտոնավարման մասին ճամարտակող Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազն իրեն այսպես է պահում, ինչը հարիր չէ ժողովրդական արժեքներ որդեգրած երկրի բարձրաստիճան պաշտոնյային։

 

 




Լրահոս