89 ԾԱՌԱՅՈՂ ԵՆԹԱՐԿՎԵԼ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2022 թվականին իրականացվել է 73 ծառայողական քննություն, որոնց արդյունքներով ՊԵԿ հարկային եւ մաքսային մարմինների ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի կողմից 89 ծառայող ենթարկվել է տարբեր կարգապահական պատասխանատվության, այդ թվում՝ 5 աշխատակից ազատվել է աշխատանքից։

 

2022թ.-ի ընթացքում 34 մաքսային ծառայող ենթարկվել է տարբեր կարգապահական տույժերի, այդ թվում՝ 3 մաքսային ծառայող ծառայողական քննության արդյունքում ազատվել է ծառայությունից։

2022թ.-ին իրականացվել է նոր ձեւավորվող Երեւանի սպասարկման կենտրոն-մաքսատուն- վարչության մաքսային ծառայողի ընդունելության դիմորդների, ինչպես նաեւ գործող մաքսային ծառայողների բարեվարքության ստուգում։

Բարեվարքության ստուգումն իրականացվել է նախապես մշակված ձեւաչափով, մասնավորապես՝ կատարվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված հայտարարագրերի վերլուծություն՝ ըստ տարիների, ստուգվել են շարժական եւ անշարժ գույքի, կապը քրեական ենթամշակույթի, առնչությունը մաքսային միջնորդական ընկերությունների հետ, քրեական, վարչական կամ կարգապահական պատասխանատվության, ինչպես նաեւ այլ օպերատիվ հետաքրքրություն ներկայացնող տեղեկությունները։

Ուսումնասիրության է ենթարկվել 704 անձ, որից գործող մաքսային ծառայողներ՝ 132-ը, այլ դիմորդներ՝ 572-ը։ Արդյունքում դրական եզրակացություն է ստացել 260 անձ, այդ թվում՝ գործող մաքսային ծառայողներից՝ 83 անձ, եւ այլ դիմորդներից՝ 173-ը։ 49 մաքսային ծառայող բարեվարքության ուսումնասիրության արդյունքում ազատվել է մաքսային ծառայությունից։ Շարունակելով բարեվարքության ամրապնդման եւ կոռուպցիայի դեմ պայքարը՝ ՊԵԿ ներքին անվտանգության վարչությունը, համագործակցելով Հարավային եւ Արեւելյան մաքսատուն-վարչությունների հետ, բացահայտել է իրավախախտումների նոր դեպքեր։

Բագրատաշենի մաքսային կետ-բաժին

2022թ-ի ընթացքում ՀՀ ՊԵԿ Արեւելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի կետ-բաժնում կատարված դիտարկումների, մասնավորապես՝ տարբեր քաղաքացիների կողմից ներկայացված ուղեւորային մաքսային հայտարարագրերի վերլուծության, ինչպես նաեւ նույն բաժնի տեսախցիկների տեսաձայնագրությունների դիտարկման եւ վերլուծության, քաղաքացիների սահմանահատումների պատմության ուսումնասիրության արդյունքում բացահայտվել են Արեւելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնով մի շարք անձանց կողմից ավտոմեքենայի յուղի, մանկական խանձարուրի, լվացող միջոցների, ինչպես նաեւ այլ տարբեր տեսակի ապրանքների ներկրման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու, մաքսային ծառայողների կողմից ոչ պատշաճ մաքսային հսկողություն իրականացնելու վերաբերյալ դեպքեր։

Մասնավորապես՝ մի շարք քաղաքացիներ վերը նշված ակնհայտ առեւտրային քանակության ապրանքները, համաձայն լրացված ուղեւորային մաքսային հայտարարագրերի, ՀՀ են ներկրել որպես անձնական օգտագործման ապրանքներ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 20 դեկտեմբերի, 2017 թվականի թիվ 107 որոշման համաձայն: Նշված ապրանքներն առանց համապատասխան փաստաթղթերի, առանց պետական գրանցման (հաշվառման) իրացվել, վերավաճառվել կամ հանձնվել են այլ անձանց՝ վնաս պատճառելով պետությանը եւ խաթարելով օրինական ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը։ Բազմաթիվ դեպքերում ներկրված ապրանքների իրական ծավալները թաքցվել են, հայտարարագրվել է ապրանքների մի մասը։

Տրանսպորտային միջոցը Վրաստանից Արեւելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժին է մուտք գործել. մաքսային ծառայողն ավտոմեքենան տեսազննելուց հետո նկատում է, որ առկա են զննման ենթակա ապրանքներ: Տեխանձնագիրը վերցնելով՝ տեսուչի կողմից ավտոմեքենան ուղղորդվում է խորը զննման (անգար) մաքսային հսկողության տարածք՝ մանրակրկիտ զննման համար, սակայն ավտոմեքենան մուտք չի գործում մաքսային հսկողության համար նախատեսված տարածք (անգար), վարորդը մոտենում է մաքսային ծառայողներին, վերցնում է մեքենայի տեխանձնագիրը եւ, առանց մեքենայի բեռը զննելու, հեռանում է մաքսային հսկողության գոտուց։

Մեկ այլ դեպք. ավտոմեքենան մուտք է գործում մաքսային հսկողության համար նախատեսված առանձնացված տարածք, որտեղ մաքսային հսկողություն իրականացնելու համար համապատասխան գործողություններ չեն կատարվում, չեն զննվում քաշը, քանակը, ապրանքատեսակները եւ այլն։ Վարորդը մոտենում է մաքսային ծառայողներին, ապա լրացնելով ուղեւորային մաքսային հայտարարագիր՝ հեռանում է մաքսային հսկողության գոտուց։

Վերոնշյալ դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով, ՀՀ ՊԵԿ նախագահի հրամանով, իրականացվում է ծառայողական քննություն։

 

 

 

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ ՉԵՆ ՊԱՇՏՈՆԱՎԱՐԻ

Բարձրագույն դատական խորհրդի կողմից առաջարկված օրենսդրական փոփոխությունների արդյունքում լիազորությունները կասեցված 6 դատավորներ դադարել են պաշտոնավարել: Այս մասին տեղեկանում ենք ԲԴԽ-ից:

 

«Նրանք են Արա Կուբանյանը, Գեւորգ Նարինյանը, Բորիս Բախշիյանը, Ալբերտ Պետրոսյանը, Դավիթ Գրիգորյանն ու Արուսյակ Ալեքսանյանը:

Վերը նշված օրենսդրական փոփոխության համաձայն՝ այսուհետ, 1 ամսից ավելի լիազորությունները կասեցված դատավորների փոխարեն, հնարավոր կլինի կատարել նոր նշանակումներ, ինչը կնպաստի դատարանների գերծանրաբեռնվածության թոթափմանը:

Հավելենք, որ մինչ կատարված փոփոխությունները լիազորությունները կասեցված դատավորների հաստիքները չէին համարվում թափուր, եւ նրանց փոխարինելու մեխանիզմներ չկային, ինչը դատարանների գերծանրաբեռնվածության պայմաններում հանգեցնում էր մինչեւ անգամ ճգնաժամային իրավիճակների:

Օրինակ՝ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աղվան Պետրոսյանի լիազորությունները շուրջ 6 տարի է՝ կասեցվել են, եւ ձգձգվող դատական պրոցեսների ընթացքում նրա փոխարեն այլ դատավոր նշանակելու պայմանների հնարավորության բացակայությունը հանգեցրել է մի շարք խնդիրների, այդ թվում՝ տվյալ դատարանի բնականոն աշխատանքի ապահովման դժվարությունների:

Կյանքի կոչված օրենսդրական լուծումները հնարավորություն կտան խուսափելու համանման իրավիճակներից:

Հավելենք, որ վերը նշված օրենսդրական փոփոխությունները քննարկվել եւ մշակվել են դեռեւս 2022 թվականի դեկտեմբերին՝ Դիլիջանում ԲԴԽ-ի նախաձեռնությամբ կազմակերպված արտագնա աշխատաժողովների ընթացքում, ՀՀ-ում գործող ավելի քան 250 դատավորների, օրենսդիր եւ գործադիր իշխանության ներկայացուցիչների մասնակցությամբ»,- նշվում է ԲԴԽ-ի հաղորդագրության մեջ:

 

 

 

ԴԵՄՔԸ ԱՅՐՎԵԼ Է

Փետրվարի 8-ին՝ ժամը 10։18-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած գյուղում երեխան ընկել է վառարանի վրա եւ այրել դեմքը:

ՆԳՆ փրկարար ծառայությունից  հայտնում են, որ առատ ձյան պատճառով շտապօգնության ավտոմեքենան չի կարողանում մոտենալ տուժածին. բժիշկներին երեխային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Փրկարարները բժիշկներին եւ պարեկային ծառայության աշխատակիցներին մոտեցրել են նշված հասցե, այնուհետեւ տուժածին (Մ. Ա.՝ ծնված 2022 թ.), բժիշկներին եւ պարեկային ծառայության աշխատակիցներին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. Մ. Ա.-ն հոսպիտալացվել է Ապարանի ԲԿ։

 

 

 

ԱՅՐՎԱԾ ՏՂԱՄԱՐԴՈՒ ԴԻ

Երեկ՝ փետրվարի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ժամը 08։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Օշական գյուղի Վ. Ամատունու փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Ոստիկանններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են նույն տան բնակիչ 76-ամյա Սերյոժա Ա.-ի դին՝ գետնին ընկած վիճակում, իսկ դիակի մոտ՝ այրված իրեր, այդ թվում՝ կիսաայրված անկողինը։

Դեպքի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

 

 

 

164 ՓԱԹԵԹ ՄԱՐԻԽՈՒԱՆԱ

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողներն ու Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները մայրաքաղաքի Մոլդովական փողոցում ձերբակալել են 26-ամյա մի երեւանցու։ Իրավապահների տեղեկություններով՝ նա մայրաքաղաքի տարբեր թաղամասերում թմրամիջոցով փաթեթներ էր տեղադրում։ Երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է 30 փաթեթ՝ ընդհանուր շուրջ 30 գրամ Մարիխուանայով։  Ըստ նրա՝  հայտնաբերվածը ձեռք էր բերել «Տելեգրամ»-ի միջոցով մայրաքաղաքի տարբեր թաղամասերում տեղադրելու համար։ Երիտասարդի տան խուզարկությամբ հայտնաբերվել են 164 փաթեթ Մարիխուանա՝ 300 գրամից ավելի ընդհանուր քաշով։ Նա իրավապահներին է ներկայացրել արդեն իսկ տեղադրած 5 փաթեթ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։




Լրահոս