Իգական սեռի ներկայացուցիչների՝ կամավոր հիմունքներով զինվորական ծառայության անցնելու համար կառավարությունը իրավական հիմքեր է ստեղծել։
Պաշտպանության նախարարության կողմից մշակվել է օրենքների նախագծերի փաթեթ, որով սահմանվում են կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու ցանկություն հայտնած իգական սեռի քաղաքացիների կողմից այդ նպատակով դիմելու, նրանց զինվորական հաշվառման, զորակոչի, ծառայության վայր նշանակման, ծառայության ավատից հետո պատվովճարի հաշվարկման հետ կապված հարաբերությունները:
Զինվորական ծառայության զարգացման՝ ներառյալ արհեստավարժության բարձրացման, ՀՀ պաշտպանությանը համընդգրկուն բնույթ հաղորդելու եւ իգական սեռի քաղաքացիների համար ՀՀ պաշտպանությանը մասնակցելու հնարավորությունների ընդլայնման նկատառումներից ելնելով՝ ՀՀ կառավարության ծրագրային հիմնադրույթներից է հանդիսանում իգական սեռի քաղաքացիներին կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու օրենսդրական եւ գործնական հնարավորությունների ընձեռումը:
Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորման մեջ նշված է, որ, մասնավորապես, նպատակահարմար է գտնվել իգական սեռի ներկայացուցիչների պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանել 6 ամիս, հստակեցնել նրանց կողմից կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմումների ներկայացման ժամկետները՝ այն տրամաբանությամբ, որպեսզի հնարավոր լինի պատշաճ կարգով եւ ժամկետներում իրականացնել նրանց զինվորական հաշվառման՝ ներառյալ անհրաժեշտ բժշկական հետազոտությունների եւ փորձաքննության գործընթացը, սահմանել նրանց զորակոչի կազմակերպման առանձնահատկությունները, ինչպես նաեւ մինչեւ պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելը իգական սեռի քաղաքացիների կողմից պարտադիր զինվորական ծառայություն անցնելուց հրաժարվելու հնարավորությունը, այդ քաղաքացիներին ծառայության վայր նշանակել առանց վիճակահանության՝ նախանշված ուսումնական զորամասեր, սահմանել պարտադիր զինվորական ծառայության ընթացքում նրանց կողմից պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու հնարավորությունը, ինչպես նաեւ պարտադիր զինվորական ծառայությունն անցնելուց հետո նրանց համար ՀՀ կառավարության որոշման համաձայն սահմանել պատվովճար՝ 1,5 մլն դրամի չափով:
Օրենքի նախագծի ընդունումը 2023 թվականի եւ հետագա տարիների պետական բյուջեներում կարող է հանգեցնել լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության եւ պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում փոփոխությունների՝ կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցած իգական սեռի քաղաքացիներին ծառայության ավարտի կապակցությամբ պատվովճարի հաշվարկման շրջանակներում, սակայն այդ ծախսերի չափերը հնարավոր չէ հաշվարկել՝ կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու ցանկություն ունեցող իգական սեռի քաղաքացիների քանակի վերաբերյալ տեղեկատվություն չունենալու պատճառով:
Օրենքի նախագծում նշված է, որ պարտադիր զինվորական ծառայություն անցնելու ցանկություն ունեցող իգական սեռի քաղաքացիները կարող են համապատասխան տարվա մինչեւ մարտի 1-ը կամ հոկտեմբերի 1-ը դիմում ներկայացնել իրենց հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ՝ դիմումի ներկայացման օրվանից հետո հայտարարված շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչին մասնակցելու համար:
Համապատասխան տարվա մարտի 1-ից կամ հոկտեմբերի 1-ից հետո դիմում ներկայացվելու դեպքում իգական սեռի քաղաքացիները ներգրավում են դիմումի ներկայացման օրվանից հետո հայտարարված շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչին հաջորդող հայտարարված շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչին:
Ս.Հ.
ԽՆԴԻՐՆԵՐԸ ԼՈՒԾՈՒՄ Է ՌՈՒՍԱԿԱՆ ԶՈՐԱԽՈՒՄԲԸ
Տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության վերականգնման խնդիրները արդյունավետորեն լուծում է ռուսական խաղաղապահ կոնտինգենտը։
Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների վարչության տնօրեն Պյոտր Իլյիչեւը:
Նա նշել է, որ միջազգային եւ օտարերկրյա կազմակերպություններից Ղարաբաղում դեռ աշխատում է միայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, եւ «ՄԱԿ-ի մարդասիրական գործակալությունները ադրբեջանցիներից եւ հայերից թույլտվություն չեն ստացել մուտք գործելու այնտեղ՝ նույնիսկ կարիքների գնահատման առաջնային առաքելություն իրականացնելու համար»:
Իլյիչեւի խոսքով՝ «դժվարություններն առաջանում են կողմերի հետ հավասար հեռավորություն պահպանելու անկարողության պատճառով՝ ներառյալ տարածաշրջան մուտքի եւ ելքի եղանակները, հաշվետվությունները, վերահսկողությունը եւ մարդասիրական գործունեության կառուցման իրավական հիմքերը»:
Այս պայմաններում Լեռնային Ղարաբաղին նույնիսկ միջազգային մարդասիրական օգնություն տրամադրելու հարցում առաջընթաց չկա, դժվար թե միջազգային խաղաղապահ կոնտինգենտի գործուղման գաղափարի գործնական իրականացումը, որն առավել եւս կպահանջի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի սանկցիաները, լինի իրատեսական,- եզրափակել է Իլյիչովը՝ շարունակելով:- Մենք ելնում ենք նրանից, որ ռուսական խաղաղապահ զորախումբը արդյունավետորեն հաղթահարում է Լեռնային Ղարաբաղում խաղաղության եւ անվտանգության վերականգնման բոլոր խնդիրները»։
Բացի այդ, հավելել է ռուս դիվանագետը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատի ներքո տեղակայված խաղաղապահ առաքելությունները ոչ միշտ են վայելում ընդունող պետությունների վստահությունը։
«Որոշ դեպքերում վերջիններս ունեն ցածր արդյունավետություն: Հետեւաբար հարցը ոչ այնքան այն է, թե ով է թույլ տվել խաղաղապահ գործողությունը, որքան հակամարտության երկու կողմերի բարի կամքի առկայությունը դրա դադարեցման կամ խնդիրների վերացման հարցում»,- ասել է Իլյիչեւը։
ՍԻՐՈՂԱԿԱՆ ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ
Նիկոլ Փաշինյանը երբեւէ ակտիվորեն չի զբաղվել որեւէ մարզաձեւով, սակայն նրա նախաձեռնությամբ տարբեր մարզաձեւերից անցկացվում են «Վարչապետի գավաթ» անվանումով մրցաշարեր, որոնց անցկացման, դրա հաղթողների դրամական պարգեւատրման համար պետական բյուջեից ծախսեր են արվում։ Դիլիջան համայնքում կայացել է «Վարչապետի գավաթ» անվանումով սիրողական սեղանի թենիսի մրցաշար։ Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքը հայտնում է , որ դրա՝ թվով 25 մասնակիցները պայքարում էին մրցաշարի մարզային փուլ անցնելու համար։ Մրցումները անցկացվել են երկու տարիքային խմբում՝ 18-40 տարեկան տղամարդիկ ու 41 եւ ավելի բարձր տարիքի կանայք եւ տղամարդիկ։ Մրցաշարում 1-3-րդ հորիզոնականները զբաղեցրածները Դիլիջան համայնքի ղեկավարի կողմից պարգեւատրվել են հավաստագրերով։
Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքը հայտնում է, որ 1-ին հորիզոնական զբաղեցրածների թվում է Նելյա Սահակյանը, հավաստագրերը մրցաշարի մրցանակակիրներին են հանձնել Տավուշի մարզպետարանի գլխավոր մասնագետ Արթուր Վանեսյանը,Դիլիջան համայնքի ղեկավարի խորհրդական Նոնա Գրիգորյանը եւ մրցաշարի գլխավոր մրցավար, «Դիլիջան մարզահամալիր» ՀՈԱԿ-ի սեղանի թենիսի մարզիչ Նելյա Սահակյանը։ Համայնքապետարանի կայքում տեղադված հաղորդագրությունում նշված է, որ մրցաշարին մասակցել են նաեւ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ։
Դիլիջանում հարյուրամյակներ շարունակ ռուսներ են ապրում, նրանք Դիլիջան համայնքի լիիրավ քաղաքացիներ են, եւ համայնքապետարանի հաղորդագրության մեջ չարժեր նրանց մասնակցությունը հատուկ շեշտել։ Հավաստագրեր հանձնած Արթուր Վանեսյանը ոչ թե Տավուշի մարզպետարանի գլխավոր մասնագետն է, այլ մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության գլխավոր մասնագետը։ Ինչո՞ւ 18-40 տարեկանների տարիքային խմբում աղջիկների համար մրցումներ չեն անցկացվել։ Ինչպե՞ս կարող է այդ մրցաշարի գլխավոր մրցավար, «Դիլիջան մարզահամալիր» ՀՈԱԿ-ի սեղանի թենիսի մարզիչ Նելյա Սահակյանը հավասար հիմունքներով մրցել 41 եւ ավելի բարձր տարիք ունեցող սիրող թենիսիստուհիների հետ, մրցաշարի ավարտին հավաստագրեր հանձնել, ինքն էլ ստանալ առաջին տեղի համար նախատեսված հավաստագիրը։ Դիլիջան քաղաքից հայտնեցին, որ Նելյա Սահակյանը Դիլիջան համայնքի ՔՊ-ական ղեկավար Դավիթ Սարգսյանի մորաքույրն է, եւ այդ փաստը տալիս է մրցաշարի հետ կապված շատ տարօրինակությունների պատասխանը։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ