ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական ուսումնական հաստատության ատեստավորման ենթակա ուսուցչի կողմից հավաքվող անհրաժեշտ կրեդիտների անվանացանկը, չափանիշները եւ նվազագույն չափաքանակը սահմանելու մասին ԿԳՄՍ հրամանի նախագիծը: Ուսուցչի վերապատրաստման կրեդիտը սահմանվում է իբրեւ մասնագիտական գործունեության ձեւի վերապատրաստման դասընթացն ավարտելու եւ դրա ելքային արդյունքները ձեռք բերելու համար պահանջվող ժամաքանակով արտահայտված ուսումնական բեռնվածության չափման պայմանական միավոր, որը տրվում է վերապատրաստվողին տվյալ վերապատրաստման չափորոշչով եւ ծրագրով սահմանված վերջնարդյունքների առնվազն 60 տոկոսը հաղթահարելուց հետո:
Ուսուցչի մասնագիտական գործունեության ձեւերին համապատասխան կրեդիտների անվանացանկը ներառում է`
-առարկայի իմացության կրեդիտ,
-դասավանդման մեթոդամանկավարժական (պրակտիկ) կարողությունների կրեդիտ,
-սովորողին ցուցաբերվող աջակցության կրեդիտ,
– ինքնազարգացման եւ մանկավարժական համայնքի հզորացման կրեդիտ:
Մասնագիտական գործունեության յուրաքանչյուր ձեւի համար սահմանվում են միավորներ։ Զարգացման ոլորտի մասնագիտական գործունեության յուրաքանչյուր ձեւի ուսումնասիրության արդյունքում ուսուցիչներին տրվում է 0-100 միավոր։ Աշխատանքը համարվում է հանձնած՝ առնվազն 50 միավոր հավաքելու դեպքում։
Զարգացման ոլորտի ուսումնասիրության արդյունքում 60 եւ ավելի միավոր ստացած ուսուցչին տրվում է 1 կրեդիտ։ Ուսուցիչը համարվում է ատեստավորված, եթե զարգացման ոլորտներից յուրաքանչյուրի համար ստացել է 1 կրեդիտ։ Կրեդիտով սահմանվող ուսումնական բեռնվածությունը ներառում է ուսուցչի լսարանային եւ ինքնուրույն իրականացվող բոլոր ուսումնական աշխատանքները` մասնակցությունը դասախոսություններին եւ գործնական աշխատանքներին։
Ուսուցչի՝ վերապատրաստման ընթացքում ուսումնասիրած դասընթացների համար ստացած գնահատականները գրանցվում են ակադեմիական տեղեկագրում, որն արտացոլում է ուսուցչի կատարած ուսումնական բեռնվածության ծավալը եւ կրթական ձեռքբերումների որակը: Տեղեկագրում գրանցված կրեդիտներն ուժի մեջ են՝ անկախ վերապատրաստման ծրագրի կամ վերապատրաստող կազմակերպության կարգավիճակի կամ կազմակերպաիրավական ձեւի հետագա հնարավոր փոփոխություններից:
Հնգամյա շրջափուլի ընթացքում տվյալ տարվա (բացառությամբ շրջափուլի 5-րդ տարվա) վերապատրաստումներից անհրաժեշտ քանակությամբ կրեդիտներ չկուտակելու կամ ցածր միավորներով հանձնած մասնագիտական գործունեության ձեւի դասընթացին (իր միջոցների հաշվին) կրկին մասնակցելու եւ դրանք լրացնելու համար կամ անհաղթահարելի ուժի պայմաններում ուսուցչին տրվում է հնարավորություն՝ լրացնել դրանք հաջորդ տարի: Հաջորդ տարի անհրաժեշտ քանակությամբ կրեդիտներ չկուտակած ուսուցիչը համարվելու է չատեստավորված։