2023 թվականի ամանորյա լուսավորությունն ու տոնական զարդարումն ապահովելու համար Հանրապետության հրապարակի՝ պատմամշակութային արժեք հանդիսացող թամանյանական շենքերը ենթարկվեցին վանդալիզմի: Առանց հետեւանքները հաշվի առնելու, տուրք տալով ամանորյա լույսերի ձեւավորմանը, բազմաթիվ մեխեր, ձողեր տեղադրվեցին Կառավարության տուֆակերտ թամանյանական շենքերի վրա:
ArmLur.am-ն այս առնչությամբ զրուցել է ճարտարապետ Անահիտ Թարխանյանի հետ, որը մեզ հետ զրույցում իր վրդովմունքը հայտնեց կատարվածի վերաբերյալ: Ճարտարապետի խոսքով՝ հնարավոր չէ այնպես վերականգնել, որպեսզի այն կարկատանների չվերածվի: «Եվրոպական բոլոր երկրներում էլ զարդարում են շենքերը, բայց ոչ մի անգամ դրանց ուղղակիորեն մեխեր չեն ձգում լուսավորություն ստանալու համար: Նման բաներ նախաձեռնելուց առաջ ստեղծում են հատուկ հարմարանքներ, հատուկ ձգվող ճոպաններ, որպեսզի հետո անվնաս կարողանան այդ լուսաֆորները հավաքել եւ չվնասել պատմական շենքերը: Մեր դեպքում իրականացնող կազմակերպությունը անպատասխանատու կերպով, շատ թեթեւ է մոտեցել այդ գործընթացին: Ես կարծում եմ, որ վաղուց պետք է ստեղծեին համատեղ հանձնաժողով՝ հմուտ մասնագետներով, քանի որ ամեն ճարտարապետ չէ, որ կարող է հանձն առնել եւ փորձել լուծումներ գտնել, եւ ճարտարապետները պետք է լինեն հատուկ արտոնագրերով: Բայց ես նորից եմ կրկնում՝ ինչ էլ ուզում է լինի, ինչ լուծում էլ փորձեն գտնել, տուֆը վերականգնել հնարավոր չէ, կարկատաններից խուսափել չեն կարող, եւ վերականգնման աշխատանքները պետք է սկսել բացառապես արեւային եղանակին՝ ամռանը»- նշեց ճարտարապետը: ArmLur.am-ը հարցում է ուղարկել նաեւ Երեւանի քաղաքապետարան՝ պարզելու համար, թե ինչ աշխատանքներ են ձեռնարկվել ճարտարապետական համալիրի վնասված անցքերը վերականգնելու համար: Մեզ քաղաքապետարանից տեղեկացրին, որ այդ առթիվ ՀՀ ԿԳՄՍ նախարարության մասնագետների հետ համատեղ ստեղծվել է աշխատանքային խումբ: Ավելին՝ քաղաքապետարանից մեզ նաեւ մանրամասնել են, որ գործընթացը կիրականացվի տոնական ձեւավորման համար անհրաժեշտ հանգույցների ու պարագաների ապամոնտաժմանը զուգահեռ, իսկ վնասված քարերի անցքերը լցնելու, մակերեսները հարթեցնելու համար պահանջվող տեխնոլոգիայի համաձայն՝ անհրաժեշտ է, որ մի քանի օր շարունակ լինի չոր ( առանց տեղումների) եղանակ: Եվ չնայած որ ՀՀ քրեական օրենսգրքի 301-304 հոդվածները բավականին ընդարձակ պատասխանատվության միջոցներ են նախատեսում այդ արարքների համար, բայց այս ամիսների ընթացքում դեռ որեւէ մեկը պատասխանատվություն չի կրել:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԴԱՍԱԳԻՐՔ
Հայագիտության զարգացման եւ աջակցության «ԱՆԻՎ» հիմնադրամը ներկայացնում է իր հերթական նախագիծը։ 2023 թվականի սկզբին լույս տեսավ «Կռունկ Հայաստանի» հայոց լեզվի դասագրքի երրորդ հրատարակությունը։
Մանկավարժության դոկտոր, հոգեբան Աիդա Մարկոսյանը դեռ 1990-ականներին մշակել է հայերենը որպես օտար լեզու դասավանդելու մեթոդիկա։ Դրանից հետո, զարգացնելով իր մոտեցումը, այն հասցրել է հազարավոր ուսանողների՝ թարգմանելով ուսուցումն այլ լեզուներով եւ հասանելի դարձնելով այն առցանց:
Դասական դասագրքի երրորդ հրատարակությունն ամփոփում է քառորդդարյա փորձ, այն հիմնովին վերանայված աշխատանք է՝ չափազանց արդիական այսօր, երբ կտրուկ աճել է հայոց լեզվի ուսուցման անհրաժեշտությունը։ Դասագիրքը բաղկացած է չորս մասերից, որոնք հրատարակվել են առանձին գրքերով: Դրանցից երեքը, ըստ լեզվի իմացության եվրոպական ընդունված սանդղակի, համապատասխանում են A1 եւ A2, B1 եւ B2, C1 եւ C2 մակարդակներին: Այն է՝
-ներածական դասընթաց (ութ դաս). թույլ է տալիս տիրապետել հայոց այբուբենի տառերին եւ ծանոթանալ քերականության հիմունքներին եւ հիմնական բառապաշարին,
-հիմնական դասընթաց (ութ դաս). ապահովում է հայերենի իմացության շեմային մակարդակ,
-ընդլայնված դասընթաց (ութ դաս). ներառում է ավելացված բարդության քերականական նյութի ուսումնասիրություն եւ բառապաշարի ընդլայնված քանակի յուրացում,
-քերականական տեղեկատու եւ ուսումնական բառարան:
Դասագրքում ներկայացված է հայերենի զրոյից փուլ առ փուլ լիարժեք յուրացման համակարգ, որի աուդիո նյութերը հասանելի են առցանց։
Հայերենի՝ որպես օտար լեզվի դասագիրք՝ «Կռունկ Հայաստանի»-ն օգտակար է.
-մեծահասակներին, որոնք կսովորեն հայոց լեզուն անձնական, ընտանեկան կամ մասնագիտական նպատակներով,
– լեզվին մասամբ տիրապետող մեծահասակներին, որոնք ցանկանում են լիարժեք յուրացնել հայերենի դժվար ասպեկտներն ու ծածկել հայերենի իմացության բացերը,
-ուսուցիչներին, որոնք օգնում են լեզվաբանական կուրսերի եւ կիրակնօրյա դպրոցների ուսանողներին, վերաբնակիչներին, միգրանտներին՝ մշակելով դասընթացներ կամ անհատական ծրագրեր նրանց համար:
«Կռունկ Հայաստանի» դասագիրքը կարելի է գնել՝
Երեւանում՝ Epigraph խանութ-սրահում, Մոսկվայում՝ «ArkMedia» հրատարակչության կայքում:
ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԲԱՑ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ
Հայաստանի ձյուդոյի հավաքականի անդամները կմասնակցեն Սոֆիայում կայանալիք Եվրոպայի բաց առաջնությանը: Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայանալիք EUROPEAN OPEN 2023 մրցաշարին Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ` 60 կգ Գասպար Հայրապետյան, 66 կգ Արտյոմ Ղալաչյան, 73 կգ քաշայիններ Արսեն Ավետիսյան եւ Ֆերդինանդ Կարապետյան: EUROPEAN OPEN 2023-ին մասնակցում են 45 երկրի 441 ներկայացուցիչ: Այն կմեկնարկի փետրվարի 11-ին եւ կեզրափակվի 12-ին:
ԱՄԵՆԱՇԱՏ ՄԻԱՎՈՐ ՀԱՎԱՔԱԾԸ
«Լոս Անջելես Լեյքերս»-ի բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը NBA-ի բոլոր ժամանակների ամենաշատ միավորներ հավաքած բասկետբոլիստն է: NBA-ի հերթական խաղում «Լոս Անջելես Լեյքերս»-ը մրցել է «Օկլահոմա Սիթի»-ի հետ, որտեղ Լեբրոն Ջեյմսը հավաքել է 36 միավոր` NBA-ում իր հավաքած միավորների ընդհանուր թիվը հասցնելով 38.388-ի: Այսպիսով, նա դարձել է NBA-ի պատմության ամենաշատ միավոր հավաքած բասկետբոլիստը:
Ջեյմսը գերազանցել է մինչ այդ ընդհանուր առմամբ 38.387 միավոր հավաքած Կարիմ Աբդուլ-Ջաբարայի ռեկորդը: Ջեյմսը մասնակցել է 1410 հանդիպման, իսկ Ջաբարան` 1560: Երբ Ջեյմսը գերազանցել է Ջաբարայի ռեկորդը, հանդիպումն ընդհատվել է փոքրիկ արարողությամբ, որտեղ նախկին ռեկորդակիրը անձամբ շնորհավորել է Լեբրոն Ջեյմսին, ինչպես նախ խորհրդանշական գնդակ է փոխանցել նրան:
Լեբրոն Ջեյմսը 38 տարեկան է, NBA-ի քառակի չեմպիոն է, կանոնավոր առաջնության լավագույն բասկետբոլիստ եւ եզրափակիչ շարքի ամենաարժեքավոր բասկետբոլիստ: ԱՄՆ հավաքականի կազմում Ջեյմսը երկու անգամ դարձել է Օլիմպիական խաղեր չեմպիոն:
ՀԱՅՏԵՐ
Ֆուտբոլի աշխարհի 2030 թվականի առաջնությունը հյուրընկալելու հայտ ներկայացնող երկրները շատանում են:
Մունդիալ-2030 հյուրընկալելու հայտ են ներկայացրել Արգենտինան, Չիլին, Ուրուգվայը եւ Պարագվայը: 2030 թվականին կտոնվի աշխարհի առաջնության 100-ամյակը, եւ կազմակերպիչները հայտարարել են ֆուտբոլային տոնն առանձնահատուկ դարձնելու իրենց նպատակների մասին:
Մինչ այս աշխարհի 2030 թվականի առաջնությունն ընդունելու ցանկություն էին հայտնել Մարոկկոն, Իսպանիան, Պորտուգալիան, Ուկրաինան, Կոլումբիան, էկվադորը, Պերուն: Աշխարհի 2030 թվականի առաջնության անցկացման վայրը կընտրվի 2024 թվականին: