Լուսանկարը արվել է Երեւանում
Երեւանի Կոնդ թաղամասում՝ «Սուրբ Հովհաննես» եկեղեցու պատից քարը պոկվել եւ ընկել է կայանած ավտոմեքենայի վրա: Պարզվել է, որ Պարոնյան փողոցում՝ եկեղեցու մոտակա ժայռից տեղի է ունեցել քարաթափում (մոտ 0.8 խմ)։ Քարի կտորներն ընկել եւ հարվածել են «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Է. Վ.՝ ծնված 1976 թ.) կողային հատվածին:
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
ՀԱՐՑ. Դպրոցի աշակերտն անընդհատ վիճում է, խանգարում դասապրոցեսը. ո՞ւմ կարող է դիմել ուսուցիչը, եւ ի՞նչ իրավունքներ նա ունի:
Մելանյա Խաչատրյան (52 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Եթե աշակերտը վիճում է այլ աշակերտների հետ, վիրավորում է ուսուցչին կամ մշտապես խանգարում դասապրոցեսը, ապա ուսուցիչը պետք է աշակերտին ներկայացնի տնօրենին՝ ներկայացնելով զեկուցագիր՝ կատարված միջադեպի մասին, եւ խնդրելով աշակերտի նկատմամբ կիրառել կարգապահական տույժ՝ կատարված իրավախախտմանը համապատասխան։ Սովորողի նկատմամբ կարգապահական տույժ նշանակելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կարգապահական տույժը կարող է հանվել, եթե սովորողը կարգապահական նոր խախտում թույլ չի տվել եւ դրսեւորել է իրեն որպես բարեխիղճ, օրինակելի, կարգապահ սովորող: Հարկ է ընդգծել, որ ուսուցիչը կամ որեւէ այլ անձ իրավասու չէ դիմել ֆիզիկական կամ հոգեբանական բռնության աշակերտի կարգապահությունը բարձրացնելու նպատակով։ Եթե աշակերտը այնպիսի վարքագիծ է դրսեւորում, որ կարգապահական տույժերն ի զորու չեն ապահովել դրա վերականգնումը, ապա ուսուցչի ներկայացմամբ դպրոցի տնօրենը պետք է դիմի տվյալ դպրոցը սպասարկող ոստիկանության տեսուչին երեխային հաշվառման վերցնելու եւ նրա հետ աշխատանքներ իրականացնելու համար։ Աշակերտի կարգապահությունը բարձրացնելու նպատակով ուսուցիչը կարող է այդ մասին հայտնել աշակերտի ծնողին, իսկ որոշ դեպքերում էլ տնօրենը իրավասու է ծնողին առաջարկել երեխային տեղափոխել մեկ այլ դպրոց։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Դպրոցներում երեխաների կարգապահությունն ապահովվում է օրենքով, ուսումնական հաստատության կանոնադրությամբ եւ ներքին կարգապահական կանոններով սահմանված կարգով: Յուրաքանչյուր դպրոց ունի իր ներքին կարգապահական կանոնները, որոնք չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքերում դպրոցի տնօրինությունը միջին եւ ավագ դպրոցների սովորողների նկատմամբ կարող է կիրառել բացառապես հետեւյալ կարգապահական տույժերը՝
– նկատողություն,
– խիստ նկատողություն:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Հոսանքի տատանումների պատճառով վնասվել է իմ տեխնիկան։ Ի՞նչ անել եւ ու՞մ դիմել:
Մուշեղ Սաղաթելյան (66 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Նման իրավիճակ առաջանալու դեպքում անհրաժեշտ է նախ պարզել եւ հաշվարկել, թե Ձեզ որքան գույքային վնաս է պատճառվել, որ ապրանքը ինչ արժեք ունի։ Այդ նպատակով կարող եք դիմել մասնագիտացված փորձագիտական կազմակերպությունների (օրինակ՝ ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո»)՝ խնդրելով պարզել պատճառված վնասի չափը ու վնասի առաջացման պատճառները։ Փորձագիտական եզրակացությունը ստանալուց հետո պետք է դիմում ներկայացնել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ՝ պահանջելով հատուցել հոսանքի տատանման հետեւանքով Ձեզ պատճառված այն վնասները, որոնք նշվել են փորձագետի եզրակացության մեջ։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայաստանի Հանրապետությունում էլեկտրամատակարարումը իրականացնում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն, որը յուրաքանչյուր հասցեում գտնվող անշարժ գույքում էլեկտրամատակարարում իրականացնելու համար տան սեփականատիրոջ հետ կնքում է համապատասխան բաժանորդային պայմանագիր։ Հենց այս պայմանագրով է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն պարտավորվում է իր բաժանորդներին մատուցել պատշաճ որակի էլեկտրամատակարարում։ Եվ եթե ոչ պատշաճ որակի էլեկտրամատակարարման հետեւանքով (հոսանքի տատանում) քաղաքացու գույքին պատճառվում է վնաս, ապա այդ վանսը պետք է հատուցվի էլեկտրամատակարարում իրականացնող կազմակերպության կողմից, քանի որ հենց նա է ոչ պատշաճ կատարել իր պարտականությունները (եթե չի ապացուցում, որ հոսանքի տատանումը տեղի է ունեցել ֆորս-մաժորային իրավիճակների հետեւանքով)։