ՓԱՇԻՆՅԱՆԻ ՕՐՈՔ ԿՈՌՈՒՊՑԻԱՆ ԱՎԵԼԱՑԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոռուպցիայի ընկալման սանդղակում Հայաստանը նախորդ տարի հետընթաց է ապրել, այլ կերպ ասած՝ Նիկոլ Փաշինյանի կառավարության օրոք կաշառակերությունն ու կոռուպցիան ավելացել են: Մասնավորապես, «Թրանսփարենսի ինթերնեշնլ» միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը հրապարակել է կոռուպցիայի ընկալման 2022 թվականի համաթիվը: Հայաստանը ոչ միայն չի հաղթահարել լճացումը, այլեւ թուլացրել է դիրքերը՝ կորցնելով 3 միավոր, եւ այժմ 46 միավորով հայտնվել է 63-րդ տեղում՝ նախորդ տարվա 58-րդի փոխարեն։ Ավելին՝ ինչպես նկատել են հեղինակավոր կազմակերպության փորձագետները, Հայաստանում մի քանի տարվա առաջընթացից հետո մտահոգիչ նշաններ են նկատվում. երկիրն անցած տարի կորցրել է 3 միավոր։ Թեեւ այդ անկումը «վիճակագրորեն նշանակալի չէ», այդուհանդերձ միտումը, ըստ կառույցի, արտացոլում է «զսպող եւ հակակշռող մեխանիզմների, իրավապահ գործունեությունում թափանցիկության, անկախ դատական համակարգում եւ քաղաքացիական տարածքի պաշտպանության ապահովման խախտումը»։ Եվ, իհարկե, այս ամենի համար, ինչպես եւ սպասելի է, Նիկոլ Փաշինյանը շտապում է մեղադրել ուրիշներին: Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ՝ երեկ, Փաշինյանն այսպիսի միտք հնչեցրեց. «Օրինակ՝ մասնավորապես՝ ես կարծում եմ, որ էդտեղ ունեն նաեւ դեր լրատվամիջոցների կողմից արված հրապարակումները այս կամ այն պաշտոնյայի մասին, չգիտեմ, տարբեր կոռուպցիոն գործարքների վերաբերյալ: Եվ ես ուզում եմ առաջարկել բանաձեւ, որ էդպիսի որեւէ հրապարակում անարձագանք չմնա. եթե ճիշտ չէ, ուրեմն պետք է քաղաքացիական հայցի կարգով գնալ եւ հետեւողական լինել: Թող երկու տարի հետո լինի որոշումը, մի տարի հետո լինի, որովհետեւ դատական գործերը երբեմն արհեստական կամ բնական ձգձգվում են», – հայտարարեց Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում: Այսինքն՝ նա, ըստ էության, հրահանգեց ամեն կոռուպցիոն բացահայտման հետեւից գնալ, դատի տալ լրատվամիջոցներին: Ստացվում է՝ Փաշինյանի օրոք երկրում կոռուպցիան, հովանավորչությունը,  դատավորներին ճնշելը դարձել են ամենատարածված երեւույթը, եւ այս պայմաններում վարչապետը հորդորում է լրատվամիջոցների հետեւից ընկնել:

Հավելենք՝ ուսումնասիրության արդյունքներով՝ նախորդ տարվա պես Հայաստանը, բացի Վրաստանից, առաջ է իր մյուս երեք հարեւաններից՝ Թուրքիայից, Ադրբեջանից եւ Իրանից։

 

 

 

 

2022 թվականի հոկտեմբերի 21-ին՝ Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացումից հետո, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նման ցանկություն է հայտնել նաեւ Հայաստանում ՌԴ-ի դեսպանատունը: Տեղեկացանք, որ խոսքը կրկին Սյունիքի մարզում հյուպատոսություն բացելու մասին  է: Մեր տեղեկություններով՝ Ռուսաստանն իր այդ ցանկության մասին Հայաստանի Հանրապետության իշխանություններին տարբեր խողովակներով ասել է: Հիմա քննարկումներ են,  թե ինչպես կարող են Իրանի հյուպատոսությունը Սյունիքում բացելուց հետո իշխանությունները չթույլատրել ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնությանը հյուպատոսություն բացել Սյունիքում: «Ժողովուրդ» օրաթերթը հարցումով դիմեց ՀՀ արտաքին գործերի նախարարություն՝ խնդրելով պարզաբանել, թե պաշտոնապես կամ ոչ պաշտոնապես ՌԴ-ն Սյունիքում հյուպատոսություն բացելու հարցով արդյոք դիմել է ՀՀ-ին: Ի պատասխան՝ ՀՀ ԱԳՆ-ից հայտնել են. «Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնությունից Սյունիքի մարզում ՌԴ հյուպատոսություն բացելու պաշտոնական առաջարկ չի ստացել»: Նկատենք՝ շեշտված է միայն պաշտոնական առաջարկի բացակայության մասին, իսկ ոչ պաշտոնապես նման խոսույթի բացառումը չկա ԱԳՆ պատասխանում: «Ժողովուրդ» օրաթերթին չհաջողվեց ՀՀ-ում ՌԴ դեսպանատնից մեկնաբանություն ստանալ այս հարցի շուրջ:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի  բացառիկ  տեղեկությունների  համաձայն՝ Ազատ  գյուղի զինվորների  կացարանում բռնկված ողբերգական  հրդեհի  գործով նշանակվել է թմրաբանական փորձաքննություն. կասկածներ են եղել, որ թմրանյութ է եղել կացարանում: «Ժողովուրդ»  օրաթերթը  փորձեց այս տեղեկությունը պարզել ՀՀ քննչական  կոմիտեից, որտեղից էլ հաստատեցին  մեր ունեցած տեղեկությունը՝  նշելով. «Այո, նշանակված է նման փորձաքննություն, բայց եզրակացությունը դեռ չենք ստացել։ Նշանակվել են նաեւ հրդեհատեխնիկական, պայթյունատեխնիկական, նյութագիտական, ձգաբանական, հետքաբանական, շինարարատեխնիկական, ապրանքագիտական համալիր փորձաքննություն, որի եզրակացությունը եւս չի ստացվել»: Իսկ  հիմա  կարեւոր  հարցը՝ ինչո՞ւ է  նշանակվել այս փորձաքննությունը: Բանն այն է,  որ  սպայի եւ մահացած 15 զինվորների  հարազատների մոտ  կասկածներ կան, թե մինչ  կրակը կհասներ սենյակ, տղաները կարող  էին տարբերակներ գտնել, դուրս գալ այրվող կացարանից եւ  փրկել  իրենց կյանքը, սակայն չեն արել: Անգամ սպան բանավոր ասել է քննիչներին, որ իր համար կասկածելի էր այն երեւույթը, որ երբ ինքը  գոռացել, աղաղակել է, թե՝ հրդեհ է, արթնացե՛ք, դո՛ւրս եկեք, տղաները  չեն արձագանքել, այսինքն՝ անգիտակից են եղել: Ահա այս  կասկածների մասով էլ  նշանակվել է վերոնշյալ փորձաքննությունը: Նշենք, որ սպան բանավոր պատմել էր, որ կրակը թեժացնելու համար է բենզին լցրել, իրեն մեղավոր է համարում, եւ կարող են իրեն դատապարտել այդ արարքի համար. երկրորդ անգամ հրաժարվել է ցուցմունք տալ, անգամ պաշտպանի ներկայությամբ է նա հրաժարվել: Մինչ  օրս  սպան գրավոր ցուցմունք  չի  տվել:

 

 

 

Հայաստանի մշտական բնակչության թվաքանակն ավելացել է: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշն այս տարվա հունվարի 1-ի դրությամբ կազմել է 2 մլն 976 հազար 800 մարդ, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մշտական բնակվողների թիվը 2 մլն 961 հազար 400 էր, այսինքն՝ 2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ-ում բնակչության թվաքանակը 15 հազար 400-ով է ավելացել: «Ժողովուրդ»  օրաթերթը պարզեց, որ մեկ տարվա ընթացքում բնակիչների թվաքանակը ՀՀ որոշ մարզերում պակասել է, որոշներում այն մնացել է նույնը, իսկ մի քանի մարզերում, հակառակը, ավելացել է: Լոռու մարզում բնակչության թվաքանակը մեկ տարվա ընթացքում պակասել է 400-ով: Նույն պատկերն է նաեւ Սյունիքի մարզում. մեկ տարվա ընթացքում բնակիչների քանակը պակասել է 500-ով: Տավուշի մարզում բնակիչների թիվը մնացել է նույնը` 49 հազար 900, Գեղարքունիքում՝ 65 հազար 900: «Ժողովուրդ»  օրաթերթը տեղեկացավ, որ Շիրակի մարզում բնակիչների քանակը նվազել է՝ 134 հազար 100-ից դառնալով 133 հազար 600: Նշենք, որ Վայոց ձորում եւս բնակիչների թվաքանակը պակասել է: Բացի այս, նախորդ տարվա հունվարի 1-ի դրությամբ Երեւանում բնակչության թվաքանակը կազմել է 1 մլն 98 հազար 700, իսկ 2022 թվականի նույն ժամանակահատվածում՝ 1 մլն 92 հազար 800. Երեւանում բնակիչների քանակն ավելացել է 5700-ով: Նախկին եւ ներկա իշխանությունների կողմից մարզերի համաչափ զարգացման ծրագիրը այդպես էլ կյանքի չի կոչվում, ինչի հետեւանքով տարեցտարի մարզերի բնակիչների մեծ մասը տեղափոխվում է Երեւան, որտեղ եւ բնակություն է հաստատում, իսկ երեւանաբնակները լքում են Հայաստանը: Այս երեւույթը, փաստորեն, կարծես թե չի մտահոգել եւ չի մտահոգում Նիկոլ Փաշինյանի կառավարությանը:




Լրահոս