Վաշինգտոնը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի` Ուկրաինա կատարած այցից առաջ կապվել Է Մոսկվայի հետ՝ անցանկալի իրավիճակներից խուսափելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Associated Press-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան հաղորդած տեղեկությունը։
Գործակալության հաղորդմամբ՝ Սպիտակ տունը շատ մանրամասներ չի հաղորդել, սակայն ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտնել է, որ Վաշինգտոնից մեկնումից կարճ ժամանակ առաջ Մոսկվային տեղեկացրել են Բայդենի՝ Կիև այցի մասին՝ անցանկալի միջադեպերը բացառելու նպատակով: Այսպիսով, կողմերը ջանացել են խուսափել սխալ հաշվարկներից, որոնք «կարող Էին հանգեցնել երկու միջուկային տերությունների ուղիղ հակամարտության»:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն անակնկալ այցով ժամանել է Կիև: Նա հայտարարել է 500 միլիոն դոլարի ԱՄՆ օգնության նոր փաթեթի մասին, որն ընդգրկում է հրետանային զինամթերք և հակատանկային զինատեսակներ:
Սպիտակ տան ղեկավարը նաև հայտնել է, որ ԱՄՆ-ն և իր դաշնակիցները խոստացել են Կիևին մատակարարել շուրջ 700 տանկ, հազարավոր զրահամեքենաներ, 1000 հրետանային համակարգեր, ավելի քան 2 միլիոն հրետանային արկեր, ավելի քան 50 համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, ինչպես նաև հակաօդային պաշտպանության համակարգեր: