2020թ. ամռանը եւ դրանից հետո Իջեւանի գինու, կոնյակի գործարանը առանց շինթույլտվության եւ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականի (ՇՄԱԳ), գործարանի հարեւանությամբ՝ Աղստեւ գետի հունում եւ ափին, կատարել է մեծ ծավալի շինարարական աշխատանքներ, 700-800 մետր երկարությամբ գետի հունն ավերել է, 1870 խորանարդ մետր ծավալով գետափի ժայռը վերացրել է, Աղստեւի ափին կառուցել է մեծ երկարությամբ բետոնե պատ, որի հետեւանքով Իջեւանի դենդրոպարկի ջրառն ավերվել է:
Այդ ժամանակից մինչեւ այսօր՝ ավելի քան երկուսուկես տարի, Իջեւանի դենդրոպարկն Աղստեւ գետից ոռոգման ջուր չի ստանում, Իջեւանի դենդրոպարկում շուրջ 60 տարում տնկված հազվագյուտ ծառերի եւ բույսերի կեսը չորացել է, մնացած մասն էլ չորացման վտանգի տակ է։ Դենդրոպարկին եւ Աղստեւ գետին պատճառվել է հսկայական նյութական վնաս: «Ժողովուրդ» օրաթերթը գրավոր հարցում է ուղարկել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին՝ հարցնելով, թե Աստեւ գետը ավերելու հետ կապված քրեական գործն ինչ ընթացք ունի, ով է այդ գործով ներգրավված որպես մեղադրյալ։
Քննչական կոմիտեի պատասխանում նշված է. «Տավուշի մարզի Աղստեւ գետի մաս հանդիսացող ջրային հողը առանց ՀՀ ջրային կոմիտեի եզրակացության վարձակալությամբ Իջեւանի գինու եւ կոնյակի գործարանին հանձնելու եւ ապօրինի շինարարություն կատարելու դեպքի առթիվ 2021 թվականի հոկտեմբերի 15-ին, (08.04.2003 թվականին ընդունված եւ 01.07.2022 թվականին ուժը կորցրած) ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննության այս փուլում որեւէ մեկի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցված չէ»։ Դրանից հետո ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության պետ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Ա. Հարությունյանը 2023թ. հունվարի 23-ին նամակով դիմել է «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն Լ. Գաբրիելյանին, ուր հայտնել է, որ 2018թ. մայիսի 4-ին Իջեւանի համայնքապետարանը Աղստեւ գետի մաս հանդիսացող ջրային հողը՝ 0,37585 հեկտար մակերեսով, առանց ՀՀ ջրային կոմիտեի եզրակացության, վարձակալությամբ ապօրինի հանձնել է Իջեւանի գինու, կոնյակի գործարանին, որն էլ այդ հողամասում եւ հարակից զավթած այլ հողամասերում ապօրինի կերպով շինարարություն է իրականացրել, Իջեւան համայնքի ղեկավարի կողմից վարչական տուգանք կիրառելուց հետո շարունակել է այդ գործողությունները, այդ ընթացքում հողային աշխատանքներ է կատարել նաեւ հարակից անտառային հողում, որի հետեւանքով պետությանը պատճառվել է առնվազն 216 հազար ՀՀ դրամի վնաս, իսկ գետի հունի փոփոխման եւ նեղացման հետեւանքով 2021 թվականի գարնանը գետի ջուրը վարարել եւ ողողել է Իջեւանի դենդրոպարկի տարածքը, ոչնչացրել է մի քանի տասնյակ հազվագյուտ ծառատեսակներ՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս։ Իջեւանի գինու, կոնյակի գործարանը, առանց համապատասխան շինարարական թույլտվության, իրականացրել է հենապատի կառուցապատման աշխատանքներ, որի համար 2021թ. մարտի 29-ին 200 հազար դրամի չափով վարչական պատասխանատվության է ենթարկվել։ Դրանից հետո աշխատանքները շարունակվել են, այդ պատճառով Իջեւանի գինու, կոնյակի գործարանը 2021թ. հուլիսի 14-ին երկրորդ անգամ է ենթարկվել վարչական պատասխանատվության՝ 2 միլիոն 500 հազար դրամի չափով։ Ա. Հարությունյանը, համակողմանի նախաքննության անհրաժեշտությունից ելնելով, «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրենին խնդրել է հանձնարարել համապատասխան աշխատակիցներին, որպեսզի նրանք պարզեն, թե 2021 թվականին Իջեւանի գինու, կոնյակի գործարանի կողմից հենապատի կառուցման հետեւանքով Աղստեւ գետի հունի նեղանալու եւ դենդրոպարկի ջրազրկվելու պատճառով Իջեւանի դենդրոպարկի տարածքում քանի ծառ է ոչնչացել։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Գործադիրը հաստատել է ՀՀ առողջապահության համակարգի 2023-2026 թվականների զարգացման ռազմավարությունը եւ դրանից բխող միջոցառումների ցանկը:
Ռազմավարության գերակա խնդիրները եւ միջոցառումները սահմանվել են՝ հիմք ընդունելով երկրի սոցիալ-ժողովրդագրական ու տնտեսական զարգացումը, առողջապահության համակարգից բնակչության ակնկալիքները, համաճարակաբանական իրավիճակը, համընդհանուր առողջապահական ծածկույթի ապահովման համար անհրաժեշտ նախապայմանների ստեղծման, առողջապահական ծառայությունների որակի բարելավման նպատակով բժշկական օգնություն եւ սպասարկման արդյունավետության բարձրացման, առողջության առաջնային պահպանման արդիականացման, շարունակական զարգացման եւ հզորացման, ԱԱՊ օղակի մոդելի եւ օրինակելի կառուցվածքի սահմանման, միջոցների առավել արդյունավետ ու համաչափ բաշխումը երաշխավորելու նպատակով ֆինանսավորման նոր մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը:
Առողջապահության համակարգի վերափոխման գործընթացն ամրապնդելու եւ համակարգելու նպատակով անհրաժեշտ է բարելավել համակարգի կառավարման եւ կառուցակարգային կարողությունները ինչպես կենտրոնական, այնպես էլ մարզային մակարդակներում, ապահովել անհրաժեշտ մարդկային ներուժի (ավագ եւ միջին բուժանձնակազմ) եւ ռեսուրսների առկայությունն առողջապահության համակարգի բոլոր օղակներում, ավարտին հասցնել առողջապահական ծառայությունների ու բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող իրավաբանական անձանց վերակազմավորման ոլորտում նախաձեռնված գործընթացները։ Ըստ այդմ՝ սահմանվում են առաջիկա տարիների համար ոլորտի զարգացման ուղենիշները եւ անհրաժեշտ թիրախային միջոցառումները, որոնք ուղղված են մասնավորապես բնակչության առողջության, մոր ու մանկան առողջության պահպանմանը եւ բարելավմանը, անպտղության կրճատմանը եւ կանանց վերարտադրողական առողջության բարելավմանը, հիվանդացության, հաշմանդամության եւ վաղաժամ մահացության նվազեցմանը, բնակչության հոգեկան առողջության խնդիրների կանխարգելմանը եւ արդյունավետ բուժմանը, առողջապահության ոլորտի մարդկային ներուժի պատրաստմանը, արդյունավետ պլանավորման եւ կառավարման միջոցով բժշկական հաստատություններին բարձրագույն եւ հետբուհական ու միջին մասնագիտական կրթությամբ որակյալ մասնագետներով ապահովմանը եւ այլն։
Նիկոլ Փաշինյանը կարեւորել է ռազմավարության ընդունումը եւ նշել. «Ոլորտում մինչեւ հիմա շատ լուրջ ներդրումներ եւ փոփոխություններ ենք ունեցել, բայց շատ կարեւոր է համպարփակ պատկերացում ունենալ առաջիկա անելիքների մասին: Մենք ունենք նաեւ այդպիսի նպատակադրում եւ պայմանավորվածություն, որ մինչեւ 2026 թվականը Հայաստանում, այսպես ասած, վատ վիճակում գտնվող առողջապահական հանրային ֆիզիկական ենթակառուցվածք մենք պետք է չունենանք: Նաեւ առողջության պահպանման առաջնային օղակի զարգացումն է այս ռազմավարության ամենակարեւոր անկյունաքարը»:
ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ԿՍՏԱՆԱՆ
ArmLur.am-ը տեղեկացավ, որ 2020 թվականին հայտարարված ռազմական դրության եւ զորահավաքի շրջանակներում ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններից ներգրավված տրանսպորտային միջոցների սեփականատերերը փոխհատուցում կստանան: 2020 թվականին հայտարարված ռազմական դրության եւ զորահավաքի շրջանակներում ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններից ներգրավվել էին տրանսպորտային միջոցներ, որոնց ռազմական գործողությունների ժամանակ հասցվել է վնաս: ArmLur.am-ը տեղեկացավ, որ դրական եզրակացություն է կայացվել թվով 70 ֆիզիկական եւ իրավաբանական անձանց փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ՝ ընդհանուր 185 մլն 967 հազար 500 դրամի չափով: Նշենք, որ 70 տրանսպորտային միջոցներից 25-ը ընդհանրապես ոչնչացված են եւ առկա չեն, 45-ը վնասված վիճակով վերադարձվել են սեփականատերերին եւ կարող են օգտագործվել՝ նպատակային նշանակությանը համապատասխան: Ի դեպ, նշված գումարը ՀՀ պաշտպանության նախարարությանը կհատկացվի ՀՀ կառավարության 2023 թվականի պահուստային ֆոնդից:
ՀԱՎԵԼԱՎՃԱՐ ԿՍՏԱՆԱՆ
Ազգային անվտանգության մարմիններում պետական սահմանի պահպանության կամ հետախուզական կամ հակահետախուզական կամ օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման կամ հատուկ առաջադրանքների կատարման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող ծառայողների ատեստավորման համակարգ կներդրվի: Այդ ծառայողների համար կհաշվարկվի հավելավճար: ArmLur.am-ը տեղեկացավ, որ այն ծառայողներին, որոնց համար ատեստավորման արդյունքներով հաշվարկվել է հավելավճար, այն կվճարվի 3 տարի ժամկետով, իսկ հավելավճարի վճարումը շարունակվելու համար ծառայողը ստիպված կլինի անցնել նոր ատեստավորում: Ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու կամ հավելավճարի հաշվարկումը շարունակելու իրավունք ձեռք չբերած ծառայողը նոր ատեստավորում անցնելու համար մեկ տարվա ընթացքում կկարողանա դիմել ոչ ավելի, քան երկու անգամ: Ընդ որում՝ նոր ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու կամ հավելավճարի հաշվարկումը շարունակելու իրավունք ձեռք չբերած ծառայողները կազատվեն զբաղեցրած պաշտոնից եւ կթողնվեն կադրերի տրամադրության տակ մինչեւ 2 ամիս ժամկետով: Նշված ծառայողներին 2 ամսվա ընթացքում կառաջարկվի նրա կրթությանը եւ նախկինում զբաղեցրած պաշտոնի խմբին կամ դրանից մեկ աստիճան ցածր խմբին համապատասխանող եւ ազգային անվտանգության մարմիններում ոչ պետական սահմանի պահպանության, հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման, հատուկ առաջադրանքների կատարման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոն: Տվյալ պաշտոնին նշանակվելու համաձայն չլինելու դեպքում կադրերի տրամադրության տակ գտնվելու սահմանված ժամկետը լրանալուց հետո ծառայողն օրենքով սահմանված կարգով կարձակվի ծառայությունից:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ