ԾԱՆՐԱԳՈՒՅՆ ԻՐԱՎԻՃԱԿ Է ԱՐՑԱԽՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախն արդեն 50 օրից ավել է՝ շրջափակման մեջ է: Ադրբեջանը հրաժարվում է բացել Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, ինչի հետեւանքով Արցախում հումանիտար խորը ճգնաժամ է ստեղծվել, սնունդը, դեղորայքը եւ առաջին անհրաժեշտության մյուս պարագաները գրեթե սպառվել են: Թեեւ տարբեր երկրներ եւ միջազգային կազմակերպություններ կոշտ հայտարարություններով պարբերաբար կոչ են անում Ադրբեջանին բացել Արցախի կյանքի ճանապարհը, բայց՝ ապարդյուն: Ադրբեջանը նույնիսկ բանակցությունների դուրս չի գալիս այս հարցով ո՛չ հայկական կողմի, ո՛չ էլ անգամ ռուս խաղաղապահների հետ:

 

«Ժողովուրդ» օրաթերթը Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ զրուցել է Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը պատմում է՝ Արցախում ծանրագույն իրավիճակ է, ջեռուցում չկա, հոսանքն օրվա մեջ ընդամենը 6 ժամ են տալիս, հիվանդներին հնարավոր չէ անհրաժեշտ բուժօգնություն տրամադրել, իսկ արցախցի երեխաները զրկված են իրենց կրթության իրավունքից, քանի որ ջեռուցում չլինելու պատճառով դպրոցները փակ են: Մետաքսե Հակոբյանը միեւնույն ժամանակ նշում է՝ արցախցիները նույնիսկ այս պայմաններում չեն տրտնջում, այլ գիտակցաբար պայքարում են:

Ըստ զրուցակցի՝ նույնիսկ նման ծանրագույն իրավիճակում ելքը իշխանությունների հեռացումն է:

-Տիկի՛ն Հակոբյան, ի՞նչ իրավիճակ է այս օրերին շրջափակված Արցախում:

-Արցախում սարսափելի ցուրտ է, բառերով հնարավոր չէ նկարագրել՝ ինչ իրավիճակ է այստեղ. ուժեղ ձյուն է տեղում, ու այս պայմաններում, պատկերացրե՛ք, մենք ջեռուցում չունենք: Արդեն մի քանի օր է՝ գազ չկա, օրվա մեջ ընդամենը 6 ժամ են հոսանքը տալիս, հովհարային անջատումներ են լինում, իսկ թույլ հոսանքով տունը տաքացնել չի լինում: Այս ամենին գումարած՝ երեխաները զրկված են կրթության իրավունքից, մարդկանց առողջական խնդիրները ավելի խորանում են, որովհետեւ պլանային վիրահատություններ չեն կատարվում, այս պայմաններում հնարավոր չէ մարդկանց անհրաժեշտ բուժօգնություն ցույց տալ: Այլ կերպ ասած՝ պատերազմ է, որտեղ ռումբեր չեն պայթում, բայց մարդիկ են ուղղակի մահանում: Սննդամթերքի ու առաջին անհրաժեշտության իրերի շատ տեսակներ արդեն սպառվել են. այն, ինչ հնարավոր եղավ կտրոններով տրամադրել ժողովրդին, սահմանափակ քանակով կա, մնացած պաշարները սպառվել են: Նման ծանրագույն պայմաններում 120.000 հազար արցախցի չեն տրտնջում, այլ պայքարում են՝ գիտակցելով, որ սա անում են՝ հանուն ամբողջ հայության, հանուն Հայաստանի ու Արցախի:

-Տիկի՛ն Հակոբյան, իսկ ինչպե՞ս են տրամադրված արցախցիները, նրանք ի՞նչ ելքեր են տեսնում այս ճգնաժամից:

-Մենք բազմիցս ասել ենք, որ խնդիրները չեն դադարելու, քանի դեռ չկա հստակ վարվող քաղաքականություն, ու դիվանագիտություն չկա: Հիմա էլ նույն իրավիճակն է. Հայաստանի իշխանության վարած քաղաքականությունը կա՛մ դեմ է հայերին, կա՛մ էլ ընդհանրապես չի վարվում: Ըստ իս՝ երկու դեպքում էլ ելքը մեկն է՝ ազատվել այն պատասխանատուներից, որոնք չեն վարում հայանպաստ քաղաքականություն, պետք է իշխանության գան այնպիսի մարդիկ, որոնք արդեն ազգանպաստ քայլեր կանեն, կլինեն ազգային իշխանություն: Ելքերը շատ են այս իրավիճակից, բայց ամեն ինչ մտնում է փակուղի, երբ խոսում ենք այս իշխանությունների մասին: Այս իշխանություններն ամեն ինչ հակառակ են անում: Այն հարթակները, դիվանագիտական խողովակները, որոնք այսօր ունեն Հայաստանի իշխանությունը, վարչապետը, համարյա թե չեն օգտագործվում, իսկ օգտագործվելու դեպքում էլ հանուն Արցախի ու Հայաստանի չեն օգտագործվում:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԵ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

ԻՆՉՈ՞Ւ ԴԵՍՊԱՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԿԱՏԱՐՎՈՒՄ

«Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածով սահմանվում է, որ դեսպանները նշանակվում են մինչեւ չորս տարի ժամկետով, իսկ պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո անմիջապես այլ պետությունում դիվանագիտական ներկայացուցչի պաշտոնում նշանակվելու դեպքում` մինչեւ երեք տարի ժամկետով։ Այդ ժամկետների փոփոխությունը կարող է լինել բացառիկ դեպքերում։

 

Այժմ Հայաստանի Հանրապետությունում ունենք իրավիճակ, երբ ժամկետները խախտվել են։ Մասնավորապես, չորս տարվա պաշտոնավարման ժամկետը խախտվել է, եւ շարունակում են պաշտոնավարել Շվեդիայում (նաեւ Դանիայում, Ֆինլանդիայում եւ Իսլանդիայում) ՀՀ դեսպան Ալեքսանդր Արզումանյանը, 2017 թվականի նոյեմբերի 17-ին Ռումինիայում ՀՀ դեսպան է նշանակվել Սերգեյ Մինասյանը, որը պաշտոնավարում է հինգ տարուց ավելի։ Չորս տարի եւ ինը ամիս ժամկետից ավել շարունակում է պաշտոնավարել Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը։ Չորս տարուց ավելի ժամկետով դեսպանի պաշտոնում պաշտոնավարում են նաեւ Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը, Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը, Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանը, Չեխիայում եւ մի շարք այլ երկրներում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը, Սուրբ Աթոռում նաեւ Պորտուգալիայում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը։

«Ժողովուրդ» օրաթերթը հարցում էր ուղարկել ՀՀ արտաքին գործերի նախարարություն եւ հետաքրքրվել՝ ինչու դեսպանների փոփոխություն չի կատարվում, եւ խախտվում է օրենքը։ Ի պատասխան՝ ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից հայտնեցին, թե օրենք չի խախտվել։ Պատասխանի համաձայն՝ դեսպանների ռոտացիան տեղի է ունենում բնականոն կերպով՝ ըստ անհրաժեշտության եւ ընթացիկ աշխատանքներից բխող նպատակահարմարության։

 

 

 

 

ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔՆԵՐ՝ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Հայաստանի պետական գերատեսչություններում կան վարչություններ եւ բաժիններ, որոնք տեւական ժամանակ է՝ աշխատողներ չունեն: Թափուր աշխատատեղեր են առկա շատ գերատեսչություններում: Որքան էլ իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, փորձում են գրավիչ դարձնել պետական համակարգը, փաստ է, որ պետական գերատեսչությունների կայքերում չեն դադարում առկա թափուր աշխատատեղերի մասին հայտարարությունները, քանի որ մարդիկ խուսափում են պետական աշխատանքի անցնել:

Այս անգամ «Ժողովուրդ» օրաթերթը կանդրադառնա ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանը։ Ըստ հաստիքացուցակի՝ նախարարությունը պետք է ունենա 331 հաստիք։ Նույն այս հաստիքացուցակով նախատեսված է, որ նախարարը կարող է ունենալ  6 տեղակալ, սակայն «Ժողովուրդ»  օրաթերթը տեղեկացավ, որ այս պահին կրթության, գիտության,մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ունի 5 տեղակալ։ Հետաքրքիր է, որ նախարարությունը չունի նաեւ գլխավոր քարտուղար, սակայն ունի գլխավոր տեղակալի քարտուղար։

Ամեն դեպքում, պաշտոնական կայքում առկա տվյալներն են այդ մասին հուշում։ Անդրադառնանք վարչություններին. Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչությունը չունի պետի տեղակալ, իսկ պետ չունի նախնական եւ միջին մասնագիտական կրթության վարչությունը։ Բաժիններում եւս կան թափուր տեղեր, օրինակ՝ պետեր չունեն Փաստաթղթերի ուսումնասիրման եւ դատական գործերի բաժինը, Օրենսդրության բաժինը, Զորահավաքային նախապատրաստության բաժինը, Ընդհանուր բաժինը։ Այս պահին նախարար Անդրեասյանը չունի նաեւ մամուլի քարտուղար։ Սա վկայում է մեկ բանի մասին. կա՛մ իշխանությունները չեն կարողանում կադրեր գտնել, կա՛մ էլ պրոֆեսիոնալ կադրերը չեն ցանկանում աշխատել այս իշխանությունների հետ:

 

 

 

 

ԱՐՑԱԽԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՍԻՐԻԱՅԻՆ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորները եւ աշխատակազմը 1 մլն 13 հազ ՀՀ դրամի չափով աջակցություն են ցուցաբերել Սիրիայի Հանրապետությունում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով տուժած սիրիահայերի ընտանիքներին։

Այս մասին տեղեկացնում է ԱՀ լրատվության եւ հանրության հետ կապերի բաժինը։

Ավելի վաղ Արցախի տեղեկատվական շտաբն իրազեկել էր, որ, չնայած շրջափակման ծանր պայմաններին, Արցախի կառավարությունը, համագործակցելով «Հայ օգնության միության» Արցախի մասնաճյուղի հետ, որոշում է կայացրել միանալ համահայկական օժանդակության աշխատանքներին՝ կազմակերպելով դրամահավաք եւ զորակցելով Սիրիայում ապրող հայերին։




Լրահոս