Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը նոր զեկույց է հրապարակել, որում կոչ է անում Ադրբեջանին դուրս բերել զորքերը Հայաստանի տարածքից: «Խաղաղության ցանկացած պայմանագիր պետք է ներառի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, փախստականների եւ ներքին տեղահանվածների արագ եւ անվտանգ վերադարձը իրենց տներ»,- ընդգծված է զեկույցում։
«Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ զեկույցը եւս մեկ անգամ վերահաստատում է Եվրախորհրդարանի հավատարմությունը տարածաշրջանում խաղաղությանը եւ մի շարք կարեւոր ոլորտներում Հայաստանի եւ ԵՄ համագործակցությանը։ Որպես այս ուղղությամբ կենսական քայլ՝ մենք ողջունում ենք Հայաստանում ԵՄ առաքելության ստեղծումը եւ կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը երաշխավորել տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը Լաչինի միջանցքով, որը գրեթե երկու ամիս արգելափակված է», – հայտարարել է զեկուցող Անդրեյ Կովաչեւը (ԵԺԿ, Բուլղարիա) քվեարկությունից հետո։
Հայաստան-ԵՄ հարաբերությունները վերանայող զեկույցում Եվրախորհրդարանի պատգամավորները խստորեն դատապարտում են 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա իրականացված լայնածավալ ռազմական հարձակումը:
Եվրախորհրդարանի պատգամավորները գովաբանում են Հայաստանին վերջին տարիներին ձեռնարկած նշանակալի բարեփոխումների եւ ժողովրդավարացման գործընթացի համար՝ բարեփոխումներ, «որոնց արդյունքում երկիրը դարձավ ժողովրդավարության առաջատարը տարածաշրջանում»:
Եվրախորհրդարանի պատգամավորները վերահաստատում են, որ արդյունավետ լինելու համար ցանկացած խաղաղ պայմանագիր պետք է ներառի դրույթներ, որոնք երաշխավորում են Հայաստանի ինքնիշխան տարածքի ամբողջականությունը, Լեռնային Ղարաբաղում եւ հակամարտությունից տուժած այլ շրջաններում բնակվող հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, նաեւ փախստականների եւ ներքին տեղահանվածների արագ եւ անվտանգ վերադարձը իրենց տներ:
Զեկույցը ողջունում է 2021 թվականի մարտին Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ, CEPA)՝ ամբողջական ուժի մեջ մտնելը եւ Հայաստանի հանձնառությունը դրա իրականացմանը։
Նրանք նաեւ կոչ են անում ԵՄ-ին եւ Հայաստանին սերտորեն աշխատել CEPA-ի շրջանակում ընթացիկ եւ ապագա բարեփոխումների իրականացման վրա՝ միաժամանակ ընդգծելով, որ դա ընդգրկում է համատեղ աշխատանքի լայն շրջանակ՝ ներառյալ ժողովրդավարության, օրենքի գերակայության եւ մարդու իրավունքների ամրապնդումը, տնտեսական աճի եւ ոլորտային համագործակցության խթանումը:
Բացի այդ, զեկույցը ճանաչում է Հայաստանի պայքարը հանցավորության եւ կոռուպցիայի դեմ ու խրախուսում Կառավարությանը՝ շարունակելու բարեփոխումների իրականացումը ժողովրդավարական ինստիտուտների, օրենքի գերակայության եւ դատական անկախության ամրապնդման համար՝ չնայած միջազգային բարդ համատեքստին եւ Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերներին։
Ողջունելով լրատվամիջոցների ազատության բարելավումները՝ Եվրախորհրդարանի պատգամավորները շեշտում են, որ երկրի մեդիա միջավայրը դեռեւս բնութագրվում է բեւեռացվածությամբ, եւ իրենք մտահոգված են լրագրողների նկատմամբ ատելության խոսքի եւ ֆիզիկական բռնության դեպքերով։
Եվրախորհրդարանի պատգամավորները նաեւ անհանգստացած են Հայաստանում ռուսական ապատեղեկատվական արշավներից՝ ուղղված Եվրամիության ու Արեւմուտքի դեմ, եւ կոչ են անում ջանքեր գործադրել՝ բարելավելու երկրում մեդիա ոլորտի բազմազանությունը եւ մեդիագրագիտությունը: Լիովին աջակցելով ապատեղեկատվության դեմ պայքարում Հայաստանի կառավարության ջանքերին՝ Եվրախորհրդարանի պատգամավորները միաժամանակ ընդգծում են, որ որեւէ միջոց չպետք է հանգեցնի լրագրողների կամ խոսքի ազատության սահմանափակումների։
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԽՆԴԻՐ
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան հեռախոսով բանակցել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ՝ քննարկելով նաեւ իրավիճակն Արցախում. այս մասին տեղեկացրել է Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն ընդգծել են Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժն անհապաղ ապահովելու անհրաժեշտությունը։
«Նախարարը եւ պետքարտուղարը նաեւ քննարկել են իրավիճակը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերություններում, ամփոփել հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը եւ ընդգծել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժն անհապաղ վերականգնելու անհրաժեշտությունը։ Ներկա շրջափակման լուրջ հումանիտար հետեւանքները Լեռնային Ղարաբաղի բնակչության համար անընդունելի են, եւ Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները միավորում են ջանքերը, որպեսզի վերջ դնեն այդ իրավիճակին վարչապետ Փաշինյանի եւ նախագահ Ալիեւի միջեւ շփումների միջոցով»,- նշվել է Ֆրանսիայի ԱԳՆ-ի հաղորդագրությունում։
ԱՆԴՐԱԴԱՐՁ
Փետրվարի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաեւին։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումների շուրջ:
Արարատ Միրզոյանը նշել է, որ ադրբեջանական կողմի սադրանքները, ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ նկրտումներն ու ռազմատենչ հռետորաբանությունը խոչընդոտում են տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատմանը:
ԲԱՐՁՐ ԵՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ
Կոսովոյի ուժերի հրամանատարության կողմից ստուգվել է Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախմբի մարտունակությունը։ Ստորաբաժանումը բերվել է բարձր մարտական պատրաստականության վիճակի։ Առաջադրված խնդիրները զորախումբը իրականացրել է ժամանակին եւ որակով:
Կոսովոյի ուժերի հրամանատարությունը բարձր է գնահատել հայ խաղաղապահների պատրաստվածությունը. այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։
ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ԴԵՍՊԱՆԻ ՀԵՏ
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը գրում է. «Խորհրդարանում հանդիպել եմ Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրացի հետ։
Աշխատանքային քննարկման ընթացքում շոշափել ենք փոխադարձ հետաքրքրության մի շարք հարցեր, որոնք առնչվում են մարդու իրավունքներին: Շվեյցարիան այն երկիրն է, որ իսկապես գնահատում է մարդու իրավունքները՝ առանց խտրականություն դնելու»:
ԾԵԾԻ ՀԵՏՔԵՐՈՎ
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է. «Փետրվարի 9-ի գիշերը ահազանգ եմ ստացել առ այն, որ ոստիկանության Երեւան քաղաքի էրեբունու բաժնի օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցները բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկել անչափահաս ուսանողների, ծեծի ենթարկել եւ խոշտանգել նրանց։
Առավոտյան էլ Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանի եւ Փաստաբանական դպրոցի ղեկավար Արա Զոհրաբյանի ասուլիսից պարզվեց, որ հաջորդ օրն անչափահասներին իրավաբանական օգնություն ցույց տալու նպատակով ոստիկանության բաժին ներկայացած փաստաբանների նկատմամբ է բռնություն գործադրվել, սպառնացել եւ հայհոյել են նրանց մասնագիական գործունեությունը կատարելիս:
Անձամբ տեսել եմ ծեծի ենթարկված երեխաների կադրերը, ինչը դատապարտելի է, եւ պետք է հետեւի անխուսափելի պատիժ ինչպես ոստիկանության աշխատակիցներին, այնպես էլ Էրեբունու ոստիկանապետին: Շտապ գրություններ եմ պատրաստում ներքին գործերի նախարարին՝ պահանջելով բացատրություն դեպքի առթիվ, ինչպես նաեւ պատասխանատու անձանց ենթարկել կարգապահական պատասխանատվության՝ ընդհուպ մինչեւ լիազորությունների դադարեցում:
Հ. Գ. Լուսանկարը ստոպ կադր է, որտեղ երեւում է անչափահաս տղայի՝ ծեծի հետեւանքով պատռված հագուստն ու փոշոտ շորերը, որոնք նրան գետնին տապալելու հետեւանք են…»: