Կառավարության 2009 թվականի մայիսի 29-ի որոշմամբ Արագածոտնի մարզպետի պաշտոնին նշանակված Ս.Ս.-ն, ի պաշտոնե տեղյակ լինելով Հյուսիս-հարավ միջանցքի շինարարության իրականացման ծրագրի մասին, որն անցնելու է նաեւ Մ-1 Երեւան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհով, այդ թվում՝ նաեւ Արագածոտնի մարզի Կաքավաձոր համայնքի վարչական տարածքով, նախնական համաձայնության գալով այդ ժամանակ Կաքավաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Ս.Մ.-ի եւ իր եղբոր՝ Ն.Ս.-ի հետ, խաբեության՝ հողամասի նպատակային նշանակության փոփոխման եղանակով դրա կադաստրային արժեքը արհեստականորեն բարձրացնելու եւ հետագայում նույն հողամասը պետությանը զգալիորեն բարձր գնով վաճառելու նպատակով խեղաթյուրել է Ն.Ս.-ի կողմից 2005 թվականին Կաքավաձոր համայնքից աճուրդ-վաճառքով 35 հազար 200 դրամով գնված 7800 մ2 մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողատարածքի գործառնական նշանակության տեսակը:
Նպատակ ունենալով նշված հողատարածքն անհամեմատ բարձր գներով վաճառել ՀՀ-ի անունից հանդես եկող «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագիր իրականացնող կազմակերպություն» ՊՈԱԿ-ին (այսուհետեւ՝ ՊՈԱԿ)՝ մարզպետ Ս.Ս.-ն թույլատրել է իր եղբորը՝ Ն.Ս.-ին, 2009 թվականի օգոստոսի 6-ից հետո իրականացնել ապօրինի շինարարական աշխատանքներ՝ նշված գյուղատնտեսական նշանակության հողատարածքի վրա կառուցել ինքնակամ շինություններ, ապա, օգտագործելով իր հեղինակությունը մարզի տարածքում, ի պաշտոնե ազդելով համայնքի ղեկավար Ս.Մ.-ի վրա, համոզելու եղանակով դրդել է վերջինիս չարաշահել պաշտոնեական լիազորություններն ու կատարել պաշտոնեական կեղծիք:
Մասնավորապես, Ազգային անվտանգության քննչական դեպարտամենտում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Ս.Ս.-ն, հաստատապես տեղյակ լինելով ինքնակամ շինությունների օրինականացման գործընթացում համայնքի ղեկավարի կողմից ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն «Ինքնակամ կառուցների օրինականացման եւ տնօրինման կարգը հաստատելու մասին» որոշման պահանջները խախտելու հանգամանքի մասին, շահադիտական դրդումներով, եղբորը համասեփականությամբ պատկանող հողատարածքը 2010 թվականի մարտի 4-ին ՀՀ տարածքային կառավարման նախարարություն ուղարկված գրությամբ ներառել է «Հյուսիս-հարավ միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում ՀՀ վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքներում բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին» օտարման ենթակա տարածքների ցանկում՝ իրական հնարավորություն ստեղծելով ձեռք բերված արժեքը զգալիորեն գերազանցող գումարով այն վաճառելու եւ այդ կերպ խարդախությամբ պետական միջոցներից հատկացված առանձնապես խոշոր չափերի գումարները հափշտակելու մտադրությունն իրագործելու համար:
Իր հերթին, Մ.Ղ.-ն, 2013 թվականի մարտի 7-ից փաստացի հանդիսանալով անշարժ գույքի գնահատում իրականացնող համապատասխան ընկերության տնօրենը, ՊՈԱԿ-ի հետ կնքված պայմանագրի շրջանակներում գնահատման ենթակա օբյեկտների վերաբերյալ իր կողմից կազմված կեղծ հաշվետվության մեջ ներառել է իրականությանը չհամապատասխանող կեղծ տեղեկատվություն եւ որպես փաստացի փոխհատուցման արժեք 67 մլն 440 հազար դրամ արժողությամբ գույքը հաշվարկել 139 մլն 994 հազար 233 դրամով: Դրանից հետո իր կողմից կազմված կեղծ գնահատման հաշվետվությունն օգտագործելու համար տրամադրել է ՊՈԱԿ-ին:
Վերը նշվածից օգտվելով՝ մարզպետ Ս.Ս.-ի եղբայր Ն.Ս.-ն, 2013 թվականի դեկտեմբերի 3-ին ՊՈԱԿ-ի հետ կնքել է հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման վերաբերյալ պայմանագիր: Արդյունքում նշված անշարժ գույքը, 67 մլն 440 հազար դրամի փոխարեն, վաճառել է 139 մլն 923 հազար 733 դրամով՝ այդկերպ խարդախությամբ հափշտակելով պետության առանձնապես խոշոր չափերի՝ 72 մլն 448 հազար 533 դրամը:
2023 թվականի փետրվարի 6-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է քրեական վարույթն ըստ մեղադրանքի՝ Ն.Ս.-ի` 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դրդչություն, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ) եւ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով խարդախություն), Ս.Ս.-ի` 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ), 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դրդչություն, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ) եւ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով խարդախություն), Ս.Մ.-ի` 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ) եւ 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով խարդախության օժանդակություն), Մ.Ղ.-ի` 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով խարդախության օժանդակություն):
2023 թվականի փետրվարի 9-ին հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ քրեական վարույթը Հակակոռուպցիոն դատարանին հանձնելու վերաբերյալ:
Նույն օրը դատախազի կողմից ներկայացվել է գույքային հայց՝ Ն.Ս.-ից, Ս.Ս.-ից, Ս.Մ.-ից ու Մ.Ղ.-ից հօգուտ ՀՀ պետական բյուջե համապարտության կարգով 72 մլն 448 հազար 533 դրամ բռնագանձելու վերաբերյալ:
ԿԻՆԸ ԲՈՂՈՔԵԼ Է
Փետրվարի 9-ին՝ ժամը 11:18-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած կինը հայտնել է, որ ժամը 10:50-ին Շովրոյան փողոցի շենքերից մեկի մի բնակարանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նախկին ամուսինը բռնել էր իր պարանոցից, քաշել մազերից եւ խփել դեմքին՝ պատճառելով վնասվածքներ:
ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երեւանի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով նշված բնակարանում ձերբակալել եւ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին են տեղափոխել 49-ամյա տղամարդուն: Խուզարկությամբ նրա բաճկոնի գրպանից հայտնաբերվել է 15 սմ երկարությամբ ծալովի դանակ: Տղամարդը եւ կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:
Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎԵԼ
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ փետրվարի 8-ին ոստիկանության Երեւան քաղաքի էրեբունու բաժնի օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցները բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկել անչափահաս ուսանողների, ծեծի ենթարկել եւ խոշտանգել։ Արդեն հաջորդ օրն անչափահասներին իրավաբանական օգնության ցույց տալու նպատակով ոստիկանության բաժին ներկայացած փաստաբանների նկատմամբ շուրջ 4 րոպե անընդմեջ բռնություն են գործադրել, ծեծի ենթարկել, սպառնացել եւ հայհոյել նրանց մասնագիական գործունեության կապակցությամբ:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԿԱՆԽՎԵԼ Է
ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ
Վերջին օրերին Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության Գուգարքի եւ Շիրակի տարածաշրջանային բաժինների աշխատակիցների կողմից թիրախային եւ ուժեղացված ծառայություն է իրականացվել սահմանային անցման կետերում։ ՀՀ ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ իրականացված հսկողական աշխատանքների արդյունքում Վրաստանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն եւ հակառակ ուղղությամբ կանխվել է ավելի քան 1150 գրամ քաշով ոսկյա եւ այլ թանկարժեք մետաղներից պատրաստված զարդերի ապօրինի` առանց սահմանված կարգով հայտարարագրման տեղափոխումը Բավրայի եւ Բագրատաշենի մաքսային կետերով։ Փաստերի առթիվ, «ՀՀ մաքսային կարգավորման մասին» օրենքի 316-րդ հոդվածով, կազմվել են մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություններ եւ նյութերի հետ տրամադրվել են ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչություն հետագա ընթացքն ապահովելու նպատակով։
ԱՊՕՐԻՆԻ ԹՄՐԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆ
Փետրվարի 6-ին Աշտարակի քրեական հետախույզները օպերատիվ տվյալներ էին ստացվել ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ: Երեւան-Աշտարակ ճանապարհին հայտնաբերվեց, ձերբակալվեց եւ Նաիրիի բաժին տեղափոխվեց 61-ամյա մի տղամարդ: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեցին Սուբուտեքսի հաբեր, Մարիխուանայի նմանվող զանգված, ծալովի դանակ եւ այլն: Իրավապահներն արդեն տեղյակ էին, թե նա ումից էր ձեռք բերել Սուբուտեքսը։ Երկու ժամ անց հայտնաբերվեց ու ձերբակալվեց նաեւ իրացնողը։ Նոր Հաճնի 45-ամյա բնակչի խուզարկությամբ հայտնաբերվեցին մոխրացած հետքերով կաթուցիչ, Մարիխուանայի նմանվող զանգվածներ, «B8» գրառմամբ հաբեր ու ծալովի դանակ: Ձերբակալվածի հայտնածով՝ զանգվածները թմրանյութ են, իսկ հաբերը՝ Սուբոտեքս, որոնք պետք է վաճառեր: Փետրվարի 7-ին, դատարանի որոշմամբ, խուզարկվեց Նոր Հաճնի բնակչի տունը: Հայտնաբերվեցին ընդհանուր 60 գրամից ավելի քաշով Մարիխուանայի նմանվող զանգվածներ, գլանակներ, կաթուցիչներ, կանեփի սերմեր, դեղահաբեր եւ այլն: Իրավապահները խուզարկեցին նաեւ նրա ավտոմեքենան՝ հայտնաբերելով Սուբուտեքսի 52 հաբ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։