ՊԵԿ-Ը ԿԱՅՔ Է ԳՈՐԾԱՐԿԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուսումնասիրվել են կազմակերպությունների եւ ֆիզիկական անձանց կողմից 2023 թվականի ընթացքում ստացված բոլոր դիմումները, որոնք առնչվում են տրանսպորտային միջոցների՝ ԵԱՏՄ շրջանակում էլեկտրոնային տեխնիկական անձնագրերով հաշվառվելու համար կարգավիճակ ունենալու վերաբերյալ տեղեկատվությանը։

 

Պետական եկամուտների կոմիտեից  հայտնում են, որ դիմումատուների կողմից նշված տրանսպորտային միջոցների վերաբերյալ VIN նույնականացման համարներով տեղեկատվության առկայությունը ստուգվել է ՌԴ դաշնային մաքսային ծառայության պաշտոնական կայքի «ԵԱՏՄ անդամ-երկրների տարածք ներմուծված մարդատար ավտոմեքենաների մաքսային ձեւակերպումների մասին տեղեկատվություն» բաժնում (www.customs.gov.ru)։ Արդյունքում պարզվել է, որ որոշ ավտոմեքենաների դեպքում VIN նույնականացման համարներով տրանսպորտային միջոցներն առկա չեն վերոնշյալ կայքում։

Ելնելով վերոգրյալից՝ ՊԵԿ-ը դիմել է ՌԴ դաշնային մաքսային ծառայությանը դիմումատուների կողմից ներկայացված, սակայն նշված կայքում բացակայող տրանսպորտային միջոցների տվյալները կայքի համապատասխան բաժնում տեղադրելու նպատակով։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՊԵԿ-ի կողմից մշակվել է https://vehicles.customs.am կայքը, որի միջոցով VIN նույնականացման համարներով որոնմամբ հնարավոր է պարզել տրանսպորտային միջոցի վերաբերյալ տեղեկատվությունը, այդ թվում՝ բացթողնման ամսաթիվը։ Այս առումով հիշեցնում ենք, որ տրանսպորտային միջոցները, որոնց համար մաքսատուրքերը, հարկերը վճարվել են ԵԱՏՄ դրույքաչափերից տարբերվող դրույքաչափերով, 2023 թ. հունվարի 1-ից  ձեռք են բերել ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ։ Բացառություն են կազմում դեռեւս  2020թ.-ի տարեսկզբին ներմուծված 339-ը տրանսպորտային միջոցները, որոնց հայտարարագրումը թույլատրվել է իրականացնել ԵՏՀ խորհրդի որոշումներով, եւ այդ մեքենաները մաքսազերծվեցին 2019 թ.-ի՝ ավելի ցածր դրույքաչափերով: Նշված 339 տրանսպորտային միջոցները ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ կստանան 2025 թ. ապրիլի 1-ից կամ ԵԱՏՄ միասնական դրույքաչափի տարբերության վճարման դեպքում:

ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ չունեցող 339 տրանսպորտային միջոցների ցանկը զետեղված է ՊԵԿ պաշտոնական կայքում, հետեւաբար ավտոմեքենաների կարգավիճակի մասին ՀՀ ՊԵԿ դիմում գրելու եւ համապատասխան տեղեկանք ստանալու անհրաժեշտություն այլեւս չկա։ Անհրաժեշտ է պարզապես ստուգել տվյալ տրանսպորտային միջոցի առկայությունը ցանկում։ Եթե տվյալ տրանսպորտային միջոցը չկա ցանկում, ապա  այն ավտոմատ ձեռք է բերում ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ:

Միաժամանակ, կոմիտեն հայտնում է, որ պաշտոնական գրություններով տեղեկացրել են նաեւ ԵԱՏՄ գործընկեր կառույցներին. բոլոր գործընթացները համապատասխանում են ԵԱՏՄ օրենսդրությանը:

Բացի այդ, ՌԴ դաշնային մաքսային ծառայությունը ս. թ. փետրվարի 9-ին իր պաշտոնական կայքեջում եւ տելեգրամյան ալիքում եւս մեկ անգամ վերահաստատել է վերոհիշյալ տեղեկատվությունը եւ ներկայացրել ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող տրանսպորտային միջոցների հաշվառման եւ էլեկտրոնային անձնագիր ստանալու համար անհրաժեշտ գործողությունները։

 

 

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԼԱՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

Հայաստանում մշակող արդյունաբերությունը 2022 թվականին աճել է, ՀՆԱ-ի կառուցվածքում այն կազմել է շուրջ 12 տոկոս. այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ԱԺ-ում ««Արդյունաբերական քաղաքականության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» նախագծի քննարկման շրջանակում:

«2022 թվականին Հայաստանում մշակող արդյունաբերությունն էապես աճել է, եւ թողարկման ծավալը 13.5 տոկոսով ավելացել է՝ կազմելով 1.8 տրլն դրամ. փոխարենը մի փոքր նվազել է հանքարդյունաբերությունը»,-ասաց Քերոբյանը:

Նախարարի վստահեցմամբ՝ դա կառավարության՝ տրամաբանորեն գծված պլանների շրջանակներում է, քանի որ կառավարության միջոցառումների ծրագրով նախանշվել է էապես ավելացնել մշակող արդյունաբերության դերը համախառն ներքին արդյունքում՝ թիրախը սահմանվելով 15 տոկոս: «Այժմ գտնվում է 12 տոկոսի միջակայքում: Կարծում եմ, որ այսպիսի էական աճը լավ քայլ է մեր նպատակին հասնելու ճանապարհին»,-եզրափակեց նախարարը:

 

 

 

ԽՈՂՈՎԱԿՆԵՐ Է ԳՈՂԱՑԵԼ

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է Էդուարդ Բոյախչյանի դատավարությունը։ Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ հանդիսանալով ՀՀ ՊՆ Ն զորամասի պայմանագրային զինծառայող՝ 2022թ. հուլիսի 22-ին Տավուշի մարզի Իջեւան համայնքի Սեւքար բնակավայրի Գլի հանք կոչվող տարածքից ուրիշի գույքը՝ Տավուշի մարզի Իջեւան համայնքին պատկանող ընդհանուր 125 հազար ՀՀ  դրամ արժողությամբ թվով 10 հատ ցինկե խողովակները գաղտնի հափշտակելու նպատակով «ԳԱԶ 66» մակնիշի ավտոմեքենայով իր տան բակ  տեղափոխելու ժամանակ հայտնաբերվել է եւ  ՀՀ ոստիկանության Իջեւանի բաժնի աշխատակիցների կողմից,  գողություն կատարելու կասկածանքով, տեղափոխվել ոստիկանության  բաժին։ Է.  Բոյախչյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-254 հոդվածի 1-ին մասով։ Սույն  քրեական  գործով մեղադրանքը պաշտպանում է Լոռու կայազորի զինվորական դատախազությունը։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

 

ՄԻՍԸ ԹԱՆԿԱՑԵԼ Է

Հայաստանում գառան եւ տավարի միսը թանկացել է: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեից: Գառան եւ տավարի մսի գինը բարձրացել է ոչ միայն այս տարվա հունվարին՝ նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, այլ 2022 թվականի հունվարի հետ համեմատ: ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս տարվա հունվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, գառան մսի գինը բարձրացել է 6.3, իսկ տավարի մսինը՝ 25 տոկոսով: 2022 թվականի դեկտեմբերի համեմատ՝ գառան մսի շուկայում արձանագրվել է 0.3, իսկ տավարի մասի շուկայում՝ 1.4 տոկոս գնաճ: Խոզի միսն ու թռչնամիսն են էժանացել: Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ խոզի միսը մեկ ամսվա ընթացքում էժանացել է 0.6, իսկ թռչնամիսը՝ 0.2 տոկոսով:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՆՈՐ ՄՐՑՈՒՅԹ

Սեւ ջուր գետի կամրջի հիմնանորոգման նոր մրցույթ է հայտարարվելու: Այս մասին ArmLur.am-ին հայտնեցին «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից՝ տեղեկացնելով, որ մրցույթը կհայտարարվի վաղը: Մեզ հայտնի դարձավ, որ հիմնանորոգման աշխատանքների ձեռք բերման մրցույթը 2022 թվականին է հայտարարվել, սակայն չի կայացել մրցույթին դիմած միակ մասնակցի կողմից ներկայացված փաստաթղթերում առկա անճշտությունների պատճառով։ Այս մրցույթին հաղթող մասնակից կունենանք, թե ոչ, ցույց կտա ժամանակը, բայց նկատենք, որ սայլը փոքր-ինչ տեղից շարժվել է:

Չէ՞ որ մոտ մեկ տարի է, ինչ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը չի կարողանում նորոգել դեռեւս նախորդ տարվա մարտին փլուզված կամուրջը։ Այն արդեն մի քանի ամիս է, ինչ անանցանելի է։ Ի դեպ, կամրջի ճաքած հատվածը շրջանցելու նպատակով տեղի բնակիչներն անիվներ են տեղադրել ու ժապավենով առանձնացրել երթեւեկելի մասից:

 

 

 

ՍՏԵՆԴԱՎՈՐՈՒՄԸ՝ ՊԵՏՊԱՏՎԵՐՈՎ

Աորտայի անեւրիզմաների պատռվածքների եւ շերտազատումների վիրահատությունները պետական պատվերի շրջանակներում նախատեսվում է որպես «Կյանք փրկող» ծրագիր իրականացնել ՀՀ ամբողջ բնակչության համար: Խոսքը սրտամկանի սուր ինֆարկտի (կորոնար անոթների ստենտավորում), գլխուղեղի սուր կամ ենթասուր իշեմիկ եւ այլ հիվանդությունների մասին է: ՀՀ առողջապահության նախարարությունն առաջարկում է փոխհատուցումը նշված ծրագրի շրջանակներում ըստ մարդաշնչի փոխհատուցվող միջոցառումների շրջանակներում իրականացվող աշխատանքները փոխհատուցել պայմանագրային գումարով բյուջեի չսահմանափակման սկզբունքով:

Տեղեկացնենք, որ ներկայումս այս ծառայությունները պետպատվերի շրջանակում իրականացվում են միայն որոշմամբ սահմանված սոցիալապես անապահով եւ հատուկ խմբերում ընդգրկված շահառուների համար:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ գործող կարգով զորակոչային տարիքի անձանց արտահիվանդանոցային դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները եւ Հայաստանի օլիմպիական եւ օլիմպիական ընտանիքի մարզաձ??երի ազգային հավաքականների անդամների բժշկական օգնությունը եւ սպասարկումը ներկայումս իրականացվում է հերթագրման սկզբունքով, ?ակայն առողջապահության նախարարությունն առաջարկում է այդ շահառուների բժշկական օգնությունը եւ սպասարկումը իրականացնել արտահերթ կարգով:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 




Լրահոս