ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԹԱԼԱՆ՝ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանը փետրվարի 11-ին հումանիտար օգնություն էր ուղարկել Թուրքիա։ Հումանիտար օգնություն տեղափոխող բեռնատարները սահմանն անցել էին 1993թ.-ից փակված Մարգարայի կամրջով եւ ուղեւորվել դեպի երկրաշարժից տուժած շրջան։

 

«Ժողովուրդ» օրաթերթը այս առիթով զրուցել է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի հետ:

-Պարո՛ն Իսպիրյան, մեր իշխանության ներկայացուցիչները պնդում են, որ Հայաստանի այս հումանիտար քայլը դրական ազդակ կարող է լինել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում: Ի՞նչ եք կարծում այս մասով, ինչպե՞ս սա կանդրադառնա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վրա:

-Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում որեւէ խոչընդոտ չկա, խոչընդոտն իրականում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ է: Թուրքիան Հայաստանի հետ սահմանը չի բացում եւ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ռադիկալ քայլերի չի գնում՝ հանուն Ադրբեջանի: Նա սպասում է այն հարմար պահին, որ Հայաստանը եւ Ադրբեջանը ստորագրեն խաղաղության համաձայնագիրը, նոր քայլեր կձեռնարկի այս ուղղությամբ: Իսկ թե որքանով են նույնը Մարգարայով օգնություն տանելն աղետային գոտի եւ խաղաղության պայմանագիրը, ինչքանով կա ընդհանրություն այս գործընթացներում, բնականաբար, չկա, ուստի անտեղի հույսեր են, թե սա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը կնպաստի: Նույնկերպ մեկ տարուց ավելի է՝ երկու երկրների բանագնացները երկխոսում են չգիտես՝ ինչի շուրջ, իսկ հարաբերությունների կարգավորման գործընթացում որեւէ առաջընթաց չկա: Մինչեւ հիմա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը բացառապես կախված է Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրումից, այդպես էլ շարունակում է մնալ:

-Պարո՛ն Իսպիրյան, տարբեր փորձագետներ տեսակետ են հնչեցնում, որ այս աղետալի երկրաշարժը եւ դրան հետեւած գործընթացները լուրջ հարված են հասցնելու նաեւ այդ երկրի իշխանության, մասնավորապես՝ Էրդողանի հեղինակությանը. Դուք ի՞նչ կասեք:

-Այս պահի դրությամբ նման միտում կա, որ երկրաշարժից հետո տեղի ունեցած այս իրավիճակը մեծ հարված էր Էրդողանի վարկանիշին: Երկրաշարժը բավականին մեծ տարածքներ է ընդգրկել, որոշ վայրերում երկրաշարժից շատ հետո են սկսել փրկարարական աշխատանքները, ինչի հետեւանքով զոհերի քանակն ավելի շատ է եղել: Բացի սա, աղետի գոտում տեղի է ունենում նաեւ զանգվածային թալան, նույնիսկ մարդկանց ձեռքերն են կտրում ոսկու գողության համար, դիակապտությամբ են զբաղվում, մարդիկ փրկարարների շորեր են հագնում, մտնում ու տներ են թալանում. այս ամենաթողությունը բավականին մեծ հարված է Էրդողանի վարկանիշին:

-Հասարակությունը մի այսպիսի քննադատություն է հնչեցնում մեր իշխանությունների հասցեին. ինչպե՞ս է ստացվել, որ Թուրքիային օգնություն ուղարկելու համար կարողացան 30 տարի փակ Մարգարայի կամուրջը մեկ օրում բացել, իսկ Արցախի մեր հայրենակիցներին օգնություն տրամադրելու համար այդպես էլ էական քայլեր չեն արվում: Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք, արդարացի՞ են այս մեղադրանքները:

-Հասարակության էմոցիոնալ վիճակը հասկանալի է, բոլորիս համար սարսափելի է, որ 120.000 արցախցի շրջափակման մեջ է, եւ չենք կարողանում օգնություն հասցնել, սակայն սրանք տարբեր իրավիճակներ են: Մարգարայի սահմանը փակող չկա, Հայաստանի ու Թուրքիայի միջեւ սահմանները ուղղակի փակ էին, եւ օգնություն ուղարկելու համար բացեցին, իսկ Արցախում լրիվ ուրիշ իրավիճակ է, ուրիշ հարց: Ինչո՞ւ մենք ակտիվ չենք նաեւ Արցախի ճանապարհի բացման հարցում, ինչո՞ւ չենք փորձում միջազգային հանրությանը ավելի շատ սեւեռել դրա վրա: Իհարկե, քայլեր արվում են, բայց ինչպես տեսնում ենք, դրանք բավարար չեն:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԵ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

ԿՈՌՈՒՄՊԱՑՎԱԾ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ Ջերմուկում տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը: Մասնավորապես, պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ նիստի ժամանակ քննարկվել են հայտարարագրման  համակարգին, կուսակցությունների ֆինանսական վերահսկողությանը, հակակոռուպցիոն կրթությանը վերաբերող հարցեր:

 

Նախ՝ նկատենք՝ Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստից բացակայել են ընդդիմության անդամները, եւ ներկաները իրենք իրենցով են քննարկել կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող հարցերը։

2019 թվականին Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ «կոռուպցիան սարսափելի դեմքով, պոզով, պոչով կենդանի չէ»: Կոռուպցիա ասվածը պետք չէ միայն հասկանալ որպես կաշառակերություն, այն նաեւ կապ ունի հովանավորչության հետ, եւ հենց դահլիճում նստած ներկաները որեւէ կերպ կապ ունեն այդ նշված հովանավորչության հետ։

Խոսենք անուններով եւ փաստերով. նիստին մասնակցել են, օրինակ, արդարադատության ներկայիս նախարար Գրիգոր Մինասյանն ու ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը։ Նախարարը հենց Անդրեասյանի կողմից հովանավորվելու արդյունքում է հայտնվել այդ պաշտոնում. նա եկել է, մյուսին էլ հովանավորել։

Մեկ այլ օրինակ է կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ում

ավագանու անդամ եղբոր ընկերությունը հաճախ է մրցույթներում հաղթող դառնում։

Դահլիճում տեսնում ենք նաեւ նախկին պատգամավոր, ներկայումս ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանին, ում երկու որդիները բանակից ազատվել են կասկածելի հանգամանքներում, իսկ նրա կողքին էլ հենց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն է, որը ոչ մի քայլ չի ձեռնարկել։

Հովանավորության մեկ այլ օրինակ է ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի ամուսնու նոր պաշտոնը. Ավետ Պողոսյանը Կենտրոն վարչական շրջանի ղեկավարից հետո դարձավ ԲՏԱ փոխնախարար։ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը եւս նստած է նիստին. նրա եղբայրն աչքի ընկավ ՏԻՄ ընտրություններում, սակայն դրա մասին եւս բոլորը լուռ են։

Ստացվում է՝ կոռումպացված պաշտոնյաները մասնակցում են Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստին։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԹԱՓՈՒՐ ԵՆ

Հայաստանի պետական գերատեսչություններում կան վարչություններ եւ բաժիններ, որոնք տեւական ժամանակ է՝ աշխատողներ չունեն: Թափուր աշխատատեղեր են առկա շատ գերատեսչություններում: Որքան էլ իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, փորձում են գրավիչ դարձնել պետական համակարգը, փաստ է, որ պետական գերատեսչությունների կայքերում չեն դադարում առկա թափուր աշխատատեղերի մասին հայտարարությունները, քանի որ մարդիկ խուսափում են պետական աշխատանքի անցնել: Այս անգամ «Ժողովուրդ» օրաթերթը կանդրադառնա Երեւանի քաղաքապետարանին: Պաշտոնական կայքի տվյալների համաձայն՝ Երեւանի քաղաքապետարանը չունի աշխատակազմի քարտուղար. Սեյրան Արզումանյանը Ժ/Պ է: Քաղաքապետարանում յուրաքանչյուր պաշտոնյայի անուն-ազգանվան վրա սեղմելիս կարող եք նաեւ տեղեկանալ նրա կենսագրական տվյալների մասին. քաղաքապետի խորհրդականների թվում նշված է Կորյուն Մկրտչյան անուն-ազգանունը, սակայն կենսագրական բոլոր տվյալները բացակայում են: Առողջապահության վարչությունը եւս ժամանակավոր պաշտոնակատար ունի՝ Յակով Ասատրյան. նրա կենսագրական տվյալները եւս բացակայում են: Ժամանակավոր պաշտոնակատարներ ունեն նաեւ Արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչությունը, Բնապահպանության վարչությունը, Գնումների վարչությունը, Եկամուտների հաշվառման եւ գանձման վարչությունը, Շինարարության եւ բարեկարգման վարչությունը, Վերահսկողության վարչությունը, Լրատվության վարչությունը, Տրանսպորտի վարչությունը,  Քարտուղարությունը, Քաղաքաշինության եւ հողի վերահսկման վարչությունը: Այսինքն 26 վարչություններից12-ը ունեն ժամանակավոր պաշտոնակատարներ: Բաժիններից ժամանակավոր պաշտոնակատար ունի  Քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժինը:

 

 

 

ՀՐԱՎԻՐԵԼ ԵՆ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն Արցախի պաշտպանության նախկին նախարար Ջալալ Հարությունյանին 2023 թվականի տարեսկզբին երկու անգամ հրավիրել է նախաքննական մարմին, որտեղ էլ եղել են Զինված ուժերի պաշտոնատար անձանց հետ առերեսումներ: Ասել է թե՝ քրեական գործով  նախաքննությունն առերեսման փուլում   է:  Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի Պաշտպանության բանակը ղեկավարած Ջալալ Հարությունյանին երկու դրվագով առաջադրված մեղադրանքներից մեկը Ցորի զորամասի 20 հրետանավորների զոհվելու հանգամանքներին է վերաբերում։ 44-օրյա պատերազմի օրերին ծանր վիրավորում ստացած ու այդ պատճառով պաշտոնից ազատված 47-ամյա Ջալալ Հարությունյանին առաջադրված մեղադրանքի մյուս դրվագով՝ հենց նրա գործողությունների հետեւանքով են հոկտեմբերի 7-ին՝ հակահարձակման ժամանակ, հայկական ստորաբաժանումները մարդկային մեծաքանակ ուժի ու զինտեխնիկայի կորուստ կրել, պահեստային ստորաբաժանումները դարձել են ոչ մարտունակ, զբաղեցրած կրակային դիրքերն անցել են հակառակորդի հսկողության տակ։




Լրահոս