Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Սահմանադրության փոփոխության գործընթաց է նախաձեռնում. հայտնում են նրա աշխատակազմից։
Նա ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ «նախաձեռնվել է Սահմանադրության փոփոխության գործընթաց՝ ռազմական դրության ժամանակ հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում Ազգային ժողովի կողմից նախագահի ընտրության եւ դրա առանձահատկությունների վերաբերյալ»:
Փետրվարի 13-ին Արցախի Սահմանադրության փոփոխության նախագիծը ներկայացվել է Ազգային ժողովի քննարկման։
Ըստ գործող Սահմանադրության՝ նախագահի կողմից ծանր հիվանդության կամ լիազորությունների կատարման համար այլ անհաղթահարելի խոչընդոտների առկայության դեպքերում, որոնք տեւականորեն անհնարին են դարձնում նրա լիազորությունների իրականացումը, Ազգային ժողովը, Գերագույն դատարանի եզրակացության հիման վրա, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ որոշում է կայացնում Հանրապետության նախագահի լիազորությունները դադարեցնելու մասին, նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում մինչեւ նորընտիր նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը նախագահի լիազորություններն իրականացնում է Ազգային ժողովի նախագահը:
«Պատերազմի կամ արտակարգ դրության ժամանակ Հանրապետության նախագահին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ չի կարող ներկայացվել կամ քննարկվել: Հանրապետության նախագահին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ չի կարող ներկայացվել կամ քննարկվել նաեւ այն դեպքում, երբ Հանրապետության նախագահը ռազմական դրության ժամանակ հրամանագիր է ընդունել ընտրություններ չանցկացնելու վերաբերյալ»,- ասված է Արցախի Սահմանադրության մեջ:
Նկատենք՝ դեռ հունվարի 16-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, թե Արցախում ներքաղաքական ճգնաժամ չկա:
«Չի կարելի նման բան թույլ տալ, քանի որ կա հստակ գիտակցում, որ մեր հիմնական օրակարգը ծագած հրատապ խնդիրները հաղթահարելն է ու Արցախն այս իրավիճակից դուրս բերելը», – ասել է նա՝ անդրադառնալով Արցախի ներքաղաքական կյանքի վերաբերյալ քննարկումներին:
Այդ համատեքստում նա շեշտադրել է, որ միայն շրջափակման հարուցած ճգնաժամի հաղթահարումից հետո հնարավոր կլինի անդրադառնալ ներքաղաքական հիմնախնդիրների համակարգային լուծման հարցերին:
Արայիկ Հարությունյանը կարեւորել է ներքին միասնականության պահպանումը:
Այս խոսակցություններն առաջացել էին այն բանից հետո, երբ Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը նախ չէր բացառել արտահերթ նախագահական ընտրությունները։ Ապա սկսեցին լուրեր շրջանառվել պետնախարար Ռուբեն Վարդանյանի հնարավոր հրաժարականի վերաբերյալ, սակայն նա դա հերքեց:
«Ժողովուրդ» օրաթերթն այդ ժամանակ գրել էր, որ Արցախում անառողջ մթնոլորտ է եւ լարված ներքաղաքական իրավիճակ: Այն, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի եւ պետնախարար Ռուբեն Վարդանյանի հարաբերությունները լարվել են, ակնհայտ դարձավ տարբեր դրսեւորումներով: Նախ՝ Ռուբեն Վարդանյանը, Նիկոլ Փաշինյանի օրինակով, սկսեց նախկինների դեմ ատելություն գեներացնել, հագավ արդարության մարտիկի պատմուճանը, բարձրաձայնեց անարդարությունների մասին, սակայն իրականում, բացի խոսքից, որեւէ գաղափարական քայլ, ռազմավարական տեսլական չներկայացրեց ու գործնական որեւէ քայլ չարեց, փոխարենը սկսեց Արցախի շահի դեմ բաներ խոսել։ Նա հայտարարեց, թե Լաչինի ճանապարհը ամբողջովին փակ չէ, սնունդ հասնում է ինչ-որ ճանապարհով, հայտարարեց, թե Արցախը երբեք միասնության համար չի պայքարել եւ այլն:
Իրականում Վարդանյանն անզոր եղավ անգամ կառավարական կաբինետ ձեւավորել, ամիսներով թափուր մնացին նախարարի պաշտոնները, ի վերջո Արայիկ Հարությունյանի հավատարիմները նշանակվեցին նախարարներ:
Հիմա էլ, փաստորեն, այս ամենից զատ, հենց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն է սահմանադրական փոփոխություններ նախաձեռնել:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԸ
Իշխանական եւ ընդդիմադիր պատգամավորները փետրվարի 18-21-ը Քիշնեւում (Մոլդովա) կմասնակցեն «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի լիագումար նստաշրջանին:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ ԱԺ պատվիրակության կազմում ընդգրկված են «Եվրանեսթ» ԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ՔՊ խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը, Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, իշխող ֆրակցիայի պատգամավորներ Բաբկեն Թունյանը, Տաթեւիկ Գասպարյանը, Մերի Գալստյանը:
Պատվիրակության կազմում են նաեւ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը, Աննա Գրիգորյանը եւ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
ԴԱՏԱԽԱԶԸ ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՐԵՑ
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի եւ խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում է կայացրել. այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։
Նշենք, որ փետրվարի 9-ին ՀՀ ազգային ժողովը գաղտնի քվեարկությամբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն Արմեն Չարչյանի եւ խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն տվեց։
ԿԺԱՄԱՆԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ
Փետրվարի 27-ից մարտի 1-ը Հայաստան կժամանի Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի փոխխոսնակ Ջունա Բերնարդի գլխավորած պատվիրակությունը:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ, Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ, Հայաստան ժամանող պատվիրակությանը խորհրդարանում կընդունի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը:
Պատվիրակության ընդունելությունը կկազմակերպի ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը:
ԾԱԽՍԵՐԸ ԱՃԵԼ ԵՆ
2022թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի ծախսերը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են շուրջ 7.4%-ով: Ծախսերի աճը պայմանավորված է ինչպես ընթացիկ, այնպես էլ կապիտալ ծախսերի աճերով: Ընթացիկ ծախսերի աճի տեմպը կազմել է 4.2%, իսկ կապիտալ ծախսերն աճել են 38.5%-ով՝ կազմելով 173.9 մլրդ դրամ:
Ընթացիկ ծախսերի աճի տեմպը, նախորդ ամսվա համեմատ, արագացել է շուրջ 1.4 տոկոսային կետով, իսկ կապիտալ ծախսերինը՝ դանդաղել 3.0 տոկոսային կետով: Հարկ է նշել, որ կապիտալ ծախսերի ծավալը զգալիորեն բարձր է նախորդ տարվա մակարդակից, այնուամենայնիվ, այն դեռեւս էականորեն ցածր է առաջին ինն ամիսների պլանային ցուցանիշից՝ 250.4 մլրդ դրամից, եւ կազմում է այդ պլանի ընդամենը 69.4%-ը:
Նաեւ պետական բյուջեի կատարումն է էականորեն շեղվել պլանից: Պետական բյուջեի փաստացի պակասուրդը շուրջ 262.8 մլրդ դրամով շեղվել է պլանից, որը պայմանավորված է ինչպես եկամուտների ավել հավաքագրմամբ, այնպես էլ ծախսերի թերակատարմամբ: Իհարկե, տնտեսական բարձր աճի պայմաններում հարկաբյուջետային զսպող քաղաքականության իրականացումը տեղին է, սակայն դա չպետք է իրականացվի կապիտալ ծախսերի թերակատարման միջոցով: Նշված շեղման էական մասը՝ 76.5 մլրդ դրամը, պայմանավորված է կապիտալ ծախսերի թերակատարմամբ:
ԼՍՈՒՄՆԵՐ ԿԼԻՆԵՆ
Փետրվարի 24-ին ՀՀ Ազգային ժողովում անցկացվելու են խորհրդարանական լսումներ: Նախաձեռնողը ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն է: ArmLur.am-ը տեղեկացավ, որ խորհրդարանական լսումների ժամանակ առաջարկվում է քննարկել «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթը: Հիմնական զեկուցողը լինելու է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ աշխատողի համար աշխատանքային գործառույթներն աշխատանքային հարաբերությունների թերեւս ամենակարեւոր բաղադրիչն է, մինչդեռ աշխատանքային գործառույթները ներառված չեն օրենսգրքով սահմանված աշխատանքի էական պայմանների շարքում: Օրենսգրքով սահմանված չէ, թե երբ են աշխատանքային հարաբերությունները համարվում ծագած Հայաստանի Հանրապետության տարածքում, այդ հանգամանքը կարեւորվում է կոնկրետ դեպքերում աշխատանքային հարաբերությունների վրա աշխատանքային օրենսդրության գործողության ոլորտը որոշակելու տեսանկյունից: Նախագծում ամրագրվել են «բռնություններ», «աշխատանքի վայր», «աշխատանքի հիմնական վայր» հասկացությունների, ինչպես նաեւ համատեղությամբ աշխատանքի դեպքում հիմնական աշխատանքի սահմանումները: