ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Ալբերտ Տոնիկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2022 թվականի հունիսի 19-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Արարատի մարզի Նոր Խարբերդ համայնքի 21-րդ փողոցի 2/3-րդ հասցեի դիմաց Արարատի մարզի Այնթապ համայնքի բնակիչ Արման Մուրադի Հովհաննիսյանի առողջությանը մարմնական վնասվածք պատճառելու ուղղակի դիտավորությամբ դանակով մեկ անգամ հարվածել է Արման Հովհաննիսյանի կրծքավանդակի ձախ հատվածին՝ պատճառելով առողջությանը ծանր վնաս:
Ալբերտ Տոնիկյանը իր կողմից տնօրինվող «Ինստագրամ» սոցիալական կայքէջում լուսանկար է հրապարակել, որի վերաբերյալ այլ օգտատերերի, այդ թվում՝ Արման Հովհաննիսյանի կողմից կատարվել են հայհոյախառն գրառումներ՝ ուղղված Ալբերտ Տոնիկյանին: Վերջինս նույն էջի միջոցով կապ է հաստատել Արման Հովհաննիսյանի հետ եւ պարզաբանում պահանջելու նպատակով առաջարկել է հանդիպել: Պայմանավորվածության համաձայն՝ 2022 թվականի հունիսի 19-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Ալբերտ Տոնիկյանը իրենց տան հետնամասում հանդիպել է Արման Հովհաննիսյանին եւ նրա ընկերոջը՝ Էդգար Արեւշատի Ավետիսյանին, եւ պարզաբանում է պահանջել: Քանի որ հաղորդագրության բովանդակությանը ամբողջությամբ ծանոթ չի եղել, վերջիններիս առաջարկել է սպասեն, մինչեւ հեռախոսը տանից վերցնի եւ, որպես իր խոսքերի ապացույց, հաղորդագրությունը ցույց տա, սակայն Արման Հովհաննիսյանը եւ Էդգար Ավետիսյանը չեն սպասել Ալբերտ Տոնիկյանին, այլ գնացել են Էդգար Ավետիսյանի բնակության հասցե եւ այնտեղ զբաղվել շինարարական աշխատանքներ կատարելով: Դրանից հետո Ալբերտ Տոնիկյանը խնդրել է Արման Հովհաննիսյանին, որպեսզի հեռացնի իր կողմից արված գրառումը, սակայն վերջինս հրաժարվել է հեռացնել՝ պատճառաբանելով, որ իր գրառումը Ալբերտ Տոնիկյանին չի վերաբերում, տեղյակ չի եղել, որ տվյալ էջը նրա կողմից է տնօրինվել: Նույն օրը՝ ժամը 23:00-ի սահմաններում, Ալբերտ Տոնիկյանը նույն հարցի շուրջ զրուցելու նպատակով կրկին Արման Հովհաննիսյանին առաջարկել է հանդիպել: Մինչեւ հանդիպումը Ալբերտ Տոնիկյանը Արման Հովհաննիսյանի առողջությանը վնաս պատճառելու ուղղակի դիտավորությամբ տանից իր հետ վերցրել է խոհանոցային դանակ եւ աջ ձեռքում պահած գնացել Արման Հովհաննիսյանին ընդհառաջ: Արարատի մարզի Նոր Խարբերդ համայնքի 21-րդ փողոցի 2/3 հասցեի դիմաց Ալբերտ Տոնիկյանը եւ Արման Հովհաննիսյանը հանդիպել են իրար, ներկա է եղել նաեւ Էդգար Ավետիսյանը: Ալբերտ Տոնիկյանի ձեռքում նկատելով դանակը՝ Արման Հովհաննիսյանը հարցրել է, թե ինչու է իր հետ դանակ վերցրել, որին ի պատասխան՝ Ալբերտ Տոնիկյանը իր հետ վերցրած դանակով Արման Հովհաննիսյանի առողջությանը վնաս հասցնելու ուղղակի դիտավորությամբ մեկ անգամ հարվածել է վերջինիս կրծքավանդակի ձախ հատվածին՝ պատճառելով առողջությանը ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԹՈՒՆԱՎՈՐՎԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզի Սասունիկ բնակավայրից թվով 10 քաղաքացիների (այդ թվում՝ 4 անչափահաս)՝ բժշկական կենտրոն տեղափոխվելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը)։
Ըստ բուժհաստատությունից ստացված տվյալների՝ նախնական ախորոշումն է թունավորումը շմոլ գազից՝ հարցականով։ Քրեական վարույթի շրջանակներում նշանակվել է տոքսիկոքիմիական փորձաքննություն, կնշանակվի նաեւ դատաբժշկական փորձաքննություն։ Բուժօգնության դիմելուց շուրջ մեկ ժամ անց բոլոր 10 քաղաքացիները բուժհաստատությունից դուրս են գրվել։ Կատարվում են քննչական, վարութային անհրաժեշտ գործողություններ դեպքի հանգամանքները, թունավորման հավանականությունը պարզելու նպատակով։
ԱՆՎԱՎԵՐ ԵՆ ՃԱՆԱՉԵԼ
Գլխավոր դատախազությունը 2022 թվականի հոկտեմբերի 21-ին տեղեկացրել էր, որ Հակակոռուպցիոն դատարանը 28 անձի վերաբերյալ կայացրել է մեղադրական դատավճիռ՝ կաշառքի դիմաց վարորդական իրավունքի վկայականներն ապօրինի ձեռք բերելու համար:
Վերոնշյալ անձինք մեղավոր են ճանաչվել մեղսագրվող արարքի կատարման համար եւ դատապարտվել են տարբեր չափերի տուգանքների:
Գլխավոր դատախազությունը, «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով նախատեսված կարգով, 2022 թվականի դեկտեմբերի 19-ին դիմել էր Ոստիկանություն (ներկայում՝ Ներքին գործերի նախարարություն)՝ քաղաքացիների կողմից ապօրինի ձեռք բերված վարորդական իրավունքի վկայականներն անվավեր ճանաչելու միջնորդությամբ:
Հիմք ընդունելով Հակակոռուպցիոն դատարանի դատավճիռը եւ Դատախազության միջնորդությունը՝ Ոստիկանությունը (ՆԳՆ) ուժը կորցրած է ճանաչել մեղադրյալների վարորդական վկայականները. դրանց վերաբերյալ համապատասխան նշում է կատարվել Ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստրում:
Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված եւ Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործով քաղաքացիներին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նրանք օժանդակողի միջոցով Ճանապարհային ոստիկանության Երեւանի հաշվառման-քննական բաժնի վարորդական իրավունքի վկայականների հատկացման բաժանմունքի տեսուչին տարբեր չափերի կաշառք են տվել (մոտ 3 մլն տասը հազար դրամ)՝ ապօրինի ձեռք բերելով վարորդական իրավունքի վկայականներ:
ՄԵՂԱԴՐԱՆՔ՝ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Սապետ Վանոյի Սաքանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2022 թվականի ապրիլի 18-ին Վանաձոր քաղաքի Իսահակյան 13-րդ շենքի 10-րդ բնակարանում իրեն պատկանող բջջային հեռախոսով մուտք է գործել «Ֆեյսբուք» սոցիալական ցանց, այնուհետեւ «Ռոբերտ Քոչարյանի աջակիցնե՛ր, հավաքվե՛ք» կայքէջի խմբում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ կիսված մեկնաբանության տակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին, քաղաքական հայացքներով պայմանավորված, կատարել է բռնություն գործադրելու հրապարակային կոչ պարունակող գրառում:
ՈՉՆՉԱՑՆԵԼՈՒ ԿՈՉ
«Պետք է դիմահար կրակով ոչնչացնեին, հենց բարձրացավ մայթի վրա. կվիրավորվեր, թե կզոհվեր, կարեւոր չէ». սա ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի խոսքերն են: Նա այս խոսքերը մեկնաբանություն էր թողել Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Աշոտ Սարգսյանի գրառման տակ. խոսքը «Համեր»-ով վարորդի դեպքի մասին է:
Վերջինս մեքենան վարել է Աբովյան փողոցով՝ երթեւեկությանը հանդիպակաց, չի ենթարկվել ոստիկանության ծառայողների` «կա՛նգ առ» ազդանշանին, մեքենան շարունակել է վարել Արամի, Փ. Բյուզանդի, Վ. Սարգսյանի, Ագանթագեղոսի, Տիգրան Մեծի, Ամիրյան փողոցներով, այդ թվում` հետիոտնի համար նախատեսված վայրով՝ դիտավորյալ վնասելով փողոցներում կայանված 8 քաղաքացիական մեքենա։ Այնուհետեւ նա երթեւեկել է Կառավարության վարչական շենքի հանդիպակաց՝ ոչ երթեւեկելի հատվածով, որտեղ վրաերթի է ենթարկել Պարեկային ծառայության աշխատակցին, դիտավորյալ վնասել Պարեկային ծառայության 3 ավտոմեքենա։ Եվ, ահա, Արսեն Թորոսյանը, որն առողջապահության նախարարն էր, ըստ էության, բռնության կոչ է անում եւ կարծիք հայտնում, թե նրան պետք է դիմահար կրակով ոչնչացնեին, հավելում՝ կարեւոր չէ՝ ողջ կմնար, թե ոչ:
Սա ասում է Արսեն Թորոսյանը՝ նույն Թորոսյանը, որը 2022 թվականի օգոստոսին խաղաղության կոչ էր անում. «Խաղաղությունն իրականում գին չունի, անգին է, ինչպես կյանքը։ Կյանքն անգին է։ Հակառակը պնդելը մահվան եւ պատերազմի քարոզ է»: Այսինքն՝ ընդամենը մեկ ամիս առաջ Արսեն Թորոսյանն ադրբեջանցիների հետ խաղաղության կոչ է անում՝ ասելով, թե կյանքն անգին է, մյուս կողմից՝ հենց հայ երիտասարդին դիմահար կրակով ոչնչացնելու կոչ անում:
Սա ասում է մի պաշտոնյա, որը նախկինում եղել է առողջապահության նախարար եւ ի պաշտոնե պետք է մարդասեր լիներ, սակայն հիմա հակառակ գրառումներ է անում՝ մարդկանց կյանքը բարձր չդասելով:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ