ՀՀ կառավարության նիստում հավանության է արժանացել պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի հայտարարման, անցկացման, մասնագիտական հանձնաժողովի ձեւավորման, գործունեության եւ տնօրենի նշանակման կարգը:
Նոր կարգավորումները տարածվում են որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար հայտարարվող մրցույթի արդյունքում ծագած հարաբերության վրա:
Ներկա իրավիճակը
Գործող կարգով տնօրենների ընտրության համար հիմք է հանդիսանում 2010 թվականին ներդրված հավաստագրման գործընթացը, որը նույնական մոտեցում է բոլորի համար՝ անկախ աշխատանքային փորձից։ Տնօրենի ընտրության եւ նշանակման գործընթացի մաս է կազմում հաստատության խորհրդի որոշումը, որի արդյունավետության վերաբերյալ ստացված բազմաթիվ դիմում-բողոքները հիմք են հանդիսացել կառավարման համակարգի ուղղությամբ օրենսդրական փոփոխություններ իրականացնելու համար:
Առաջարկվող լուծումներ
Նոր կարգավորմամբ հաստատության տնօրենն անցնում է նույն ընթացակարգով, ինչ նախորդ կարգով էր պահանջվում, սակայն այլ մեխանիզմ է առաջարկվում զարգացման ծրագրի ուսումնասիրման, այնուհետեւ մասնագիտական հանձնաժողովի եզրակացության հիմքով նշանակման առումով: Հստակեցվել են մրցույթի մասնակցի ներկայացրած անհրաժեշտ փաստաթղթերը, զարգացման ծրագիրը փորձաքննության ներկայացնելու ընթացակարգը, մասնագիտական հանձնաժողովի ձեւավորման, գործունեության նկարագիրը, մրցույթի արդյունքների ամփոփման, բողոքարկման մեխանիզմները:
Մասնավորապես՝ սահմանվել է թափուր տեղի մրցույթի հայտարարման նոր ժամկետ, եւ հավակնորդը, հաստատված ձեւաչափին համապատասխան, տվյալ հաստատության զարգացման իր ծրագիրը պետք է ներկայացնի (այդ թվում՝ էլեկտրոնային տարբերակով) լիազոր մարմնին պաշտոնական կայքում տեղադրելու համար:
Հաստատության տնօրենը կամ տնօրենի պարտականությունները կատարողը կամ պաշտոնակատարը պարտավոր է ապահովել հավակնորդի հանդիպումը տվյալ հաստատության մանկավարժական, ծնողական եւ աշակերտական խորհուրդների հետ զարգացման ծրագիրը կազմելու համար առաջարկություններ լսելու նպատակով: Սահմանված հանդիպմանը չմասնակցելու դեպքում հավակնորդը չի կարող մասնակցել հայտարարված մրցույթին: Տնօրենը կամ տնօրենի պարտականությունները կատարողը կամ պաշտոնակատարը պարտավոր է նաեւ հավակնորդի կողմից ներկայացված գրավոր դիմումը ստանալուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրել գրավոր անհրաժեշտ տեղեկատվությունը` հաստատության գործունեության վերաբերյալ:
Մրցույթն անցկացնում է կրթության պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի հրամանով ձեւավորված մասնագիտական հանձնաժողովը, որը կազմված է 7 անդամից: Հանձնաժողովում ընդգրկված են նախարարի՝ տվյալ ոլորտը համակարգող տեղակալը (բացակայության դեպքում՝ նրան փոխարինող նախարարի տեղակալը), որն ի պաշտոնե հանդիսանում է մասնագիտական հանձնաժողովի նախագահ, ինչպես նաեւ երկու ներկայացուցիչ՝ նախարարության հանրակրթության վարչությունից, եւ մեկական ներկայացուցիչներ՝ անձնակազմի կառավարման եւ իրավաբանական վարչություններից, Կրթության զարգացման եւ նորարարությունների ազգային կենտրոնից եւ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնից:
Մասնագիտական հանձնաժողովը մշակում եւ նախարարի հաստատմանն է ներկայացնում հավակնորդի զարգացման ծրագրի գնահատման չափանիշները: Հավակնորդի զարգացման ծրագիրը ստանալուց հետո՝ 1 աշխատանքային օրվա ընթացքում, հանձնաժողովն այն ներկայացնում է փորձաքննության, որն իրականացվում է ուղղակի կամ մրցութային դրամաշնորհի արդյունքում ընտրված կազմակերպության կողմից: Փորձաքննության արդյունքում կազմակերպությունը յուրաքանչյուր զարգացման ծրագրի մասին կազմում է տեղեկանք, որը ներկայացնում է մասնագիտական հանձնաժողովին:
Կազմակերպության ներկայացրած փորձաքննության արդյունքների հիման վրա՝ մասնագիտական հանձնաժողովը քննարկում եւ 3 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան լիազոր մարմնին է ներկայացնում հավակնորդի զարգացման ծրագրի վերաբերյալ դրական կամ բացասական եզրակացություն: Եզրակացությունը ստանալուց հետո լիազոր մարմինը 3 աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպում եւ անցկացնում է հարցազրույց դրական եզրակացություն ունեցող բոլոր հավակնորդների հետ, որի արդյունքում կարող է հավակնորդներից մեկի հետ (եթե դրանց թիվը մեկից ավելի է) կնքել աշխատանքային պայմանագիր՝ 5 տարի ժամկետով, բայց ոչ ավելի, քան անձի 65 տարին լրանալը:
Հարցազրույցն անցկացնում է լիազոր մարմնի ղեկավարը կամ ղեկավարի՝ տվյալ ոլորտը համակարգող տեղակալը: Հարցազրույցը տեղի է ունենում հավակնորդի ներկայացրած զարգացման ծրագրի, նրա աշխատանքային ստաժի, մասնագիտական գործունեության, կարողունակությունների եւ անձնային որակների շրջանակում: Հարցազրույցի ողջ ընթացքը ձայնագրվում կամ տեսաձայնագրվում է:
Հարցազրույցին հավակնորդներից ոչ մեկի չներկայանալու կամ հարցազրույցի արդյունքում հավակնորդներից որեւէ մեկի հետ աշխատանքային պայմանագիր չկնքելու դեպքում լիազոր մարմինը 3 աշխատանքային օրվա ընթացքում հայտարարում է նոր մրցույթ՝ կարգի պահանջներին համապատասխան:
ԿՆՇԱՆԱԿՎԻ ՏՈՒԳԱՆՔ
Անազատ եւ կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում` ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու գործընթացը կկանոնակարգվի։ Վերջապես ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը որոշել է վերահսկել այս ոլորտը։ Արդյունքում շրջանառության մեջ է դրվել «Անազատ եւ կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների, այդ թվում՝ Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու թույլտվության տրամադրման կարգը սահմանելու մասին» շրջակա միջավայրի նախարարի հրամանի նախագիծը։
Ըստ ՇՄՆ-ի՝ այս խնդրի իրականացումն անհետաձգելի եւ հրատապ է դարձել 2015 թվականին միջազգային մամուլում (Daily Mail) տպագրված Գյումրու մասնավոր կենդանաբանական այգում պահվող կենդանիների թշվառ վիճակին վերաբերող աղմկահարույց հոդվածի հրապարակումից հետո։ Արդեն 2023 թվականին՝ 8 տարի անց, Հայաստանի կառավարությունը որոշել է թույլտվության տրամադրման կարգ սահմանել։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ նախատեսվում է ստեղծել անազատ եւ կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների, այդ թվում՝ Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու թույլտվության համար մասնագիտական եզրակացության տրամադրող հանձնաժողով։ Թույլտվություն կտրամադրվի միայն եթե գործունեության իրականացման վերաբերյալ ծրագիր ներկայացվի, ինչը ներառում է գործնեության իրականացման նպատակը, վայրի կենդանիների քանակը, տեսակը, այդ թվում՝ լատիներեն անվանմամբ, սեռը, հնարավորության դեպքում՝ տարիքը, կենդանու ֆիզիոլոգիական բնութագիրը, յուրաքանչյուր կենդանատեսակի համար սահմանված սննդակարգերը, պահման համար նախատեսված տարածքի չափը, գործունեության իրականացման վայրը, կենդանու բնականոն կենսագործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ պայմանները, այդ թվում՝ սարքավորումների առկայությունը, տարածքի սանիտարահիգիենիկ պայմանները, պարտադիր անասնաբուժական զննումների գրաֆիկը՝ հաստատված անասնաբույժի կողմից: Ի դեպ, թույլտվությունը տրվում է 15 տարի ժամկետով: Առանց համապատասխան թույլտվության, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից անազատ եւ կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ, այդ թվում` Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու դեպքում կկիրառվի վարչական պատասխանատվություն:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԳԱՅԼԵՐԸ ԳՅՈՒՂԵՐ ԵՆ ՄՏՆՈՒՄ
Սարերում, անտառներում ձյուն է նստած, բնության մեջ վայրի գիշատիչների որսը պակասել է, նրանք որս, կեր հայթայթելու համար ավելի համարձակ են դարձել, մոտենում են Տավուշի մարզի գյուղերի սահմաններին։ Նախկինում՝ տարիներ առաջ, պետությունը Որսորդմիության անդամներին սպանված յուրաքանչյուր գայլի համար ավելի քան 100 հազար դրամ պարգեւավճար էր վճարում, ինչը խթանում էր որսորդների կողմից այդ գիշատիչների որոշակի քանակի ոչնչացումը, այդ գումարը փոխհատուցում էր որսորդների կրակած գնդակների ծախսը, որսի ընթացքում նրանց չարչարանքը։ Նախկինում բախտագուշակները չբեր կանանց անպտղությունն իբր բուժելու համար օգտագործում էին գայլերի էգ ձագերի սեռական օրգանները, դրա դիմաց վճարում էին որսորդներին։ Դրա հետեւանքով եւս գայլերի քանակը որոշակիորեն նվազում էր։ Հիմա գայլերի որսի համար պահանջարկ չկա, գայլերը բազմացել են։ Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Կոթի գյուղի բնակիչ, ազատամարտիկ վետերան Դավիթ Ղազինյանը հայտնում է, որ գայլերը մտնում են Կոթի բնակավայրի ծայրամասի տները. մի քանի օր առաջ իրենց տնից մոտ 120 մետր հեռավորությամբ գտնվող Զալնաց Չալ կոչվող թմբում ոռնում էին, դրանք իր հարեւանի խոզին փորձել են հոշոտել, հարեւանը կրակելով գայլերից մեկին վիրավորել է, գիշատիչն արյունաշաղախ փախել է։ Դ. Ղազինյանի վկայությամբ՝ ավելի ագրեսիվ են շնագայլերը, որոնք ազատ շրջում են գյուղում։ Դրանցից մեկը չի կարողացել դուրս գալ Դ. Ղազինյանի այգուց, վերջինիս որդի Մխիթարը կարողացել է երկաթաձողով սպանել շնագայլին, իրենց շունը զզվել, չի կերել սատկացրած շնագայլի միսը։
ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԸ ՉԵՆ ՀԵՐԻՔՈՒՄ
Դիլիջան քաղաքի բնակիչները դժգոհում են, որ քաղաքի ներսում երթեւեկող հասարակական տրանսպորտի՝ երթուղային տաքսիների քանակը չի հերիքում։ Ուղերթերում աշխատող միկրոավտոբուսների քանակը անբավարար է հատկապես շաբաթ-կիրակի օրերին։ Շատ դիլիջանցիներ, գերբեռնված միկրոավտոբուս խցկվելու փոխարեն, գերադասում են քաղաքի երկար փողոցները կտրել ոտքով։ Դիլիջանցիները բողոքում են միկրոավտոբուսների քանակի սակավությունից, մինչդեռ 2022 թվականի ամռանը Երեւան քաղաքում, ընդդիմության ցույցերը ցրելու համար, ոստիկաններ տեղափոխող միկրոավտոբուսների վրա կարելի էր տեսնել «Դիլիջանի համայնքապետարան» գրառումը եւ Եվրամիության աստղերը։ Այդ միկրոավտոբուսները ձեռք են բերվել Եվրամիության աջակցության ծրագրով։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ