«Համո Բեկնազարյան» եռալեզու (հայերեն, ռուսերեն, անգլերեն) պատկերագիրքն արվեստասերներին ծանոթացնում է նշանավոր կինոռեժիսորի, սցենարիստի, կինոդերասանի, «Հայֆիլմ» կինոստուդիայի հիմնադրի կյանքին ու գործունեությանը:
Պատկերագիրքը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ փետրվարի 10-ին Հայաստանի կինոգործիչների միության բուխարու սրահում, լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվերով եւ «Աջակցություն հոբելյանական նախագծերին» դրամաշնորհային ծրագրի շրջանակում: Պատկերագիրքը կազմել են Զավեն Բոյաջյանն ու Ռուզաննա Բագրատունյանը:
«Միշտ մտածել եմ, որ մենք Համո Բեկնազարյանին մատուցելու մեծ տուրք ունենք. շատ քիչ գրականություն է ստեղծվել նրա մասին, մինչդեռ պետք է մի ամբողջ գրադարան լիներ: Մտածեցի՝ շատ պարզունակ կլինի, եթե գիրքը կազմված լինի միայն պատկերներից եւ այդ պատկերների պրիմիտիվ մեկնաբանություններից, ուստի փորձել եմ այդ մակագրությունները վերածել ինքնակա տեքստերի: Գիրքը շատ հագեցած է ոչ միայն պատկերային նյութով, այլեւ տեքստերով: Հիմնականում շեշտադրել եմ Բեկնազարյանի հուշերը, երբ ինքն է պատմում իր մասին, որպեսզի նրա անձը, ինքնությունը ներկա լինեն գրքում»,-պատմում է Զավեն Բոյաջյանը:
Բոյաջյանը, Բեկնազարյանի հուշերից զատ, որոնք վերցրել է կինոռեժիսորի ինքնակենսագրական գրքից, պատկերագրքում օգտագործել է նաեւ Կարեն Քալանթարի՝ Բեկնազարյանին նվիրված մենագրությունից դրվագներ, կինոգիտության կարեւորագույն դեմքերի՝ Սաբիր Ռիզաեւի, Գրիգոր Չախիրյանի, Սուրեն Հասմիկյանի դիտարկումները:
Գիրքը հանրագիտարանային բնույթ ունի: Այն նաեւ ներկայացնում է առաջին տասնամյակների հայկական կինոն, նրա արշալույսը, հետագա տարիներն ու Բեկնազարյանի անցած ճանապարհը՝ սկսած ծննդյան օրվանից մինչեւ մահ:
Գրքում տեղ գտած լուսանկարչական նյութի զգալի մասը հրապարակվում է առաջին անգամ: Լուսանկարների մեծ մասը տրամադրել է Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանը:
Ռուզաննա Բագրատունյանն էլ ընդգծում է, որ Բեկնազարյանի մասին պետք է տասնյակ գրքեր լինեին. ավա՜ղ, այդպես չէ: «Պատկերագիրքը փոքր, բայց շատ կարեւոր հատվածն է նրա մասին ամբողջ արխիվի, եւ ես հույս ունեմ, որ առաջիկայում այդ արխիվը լիարժեք կուսումնասիրվի գիտական տեսանկյունից, եւ գիտական գնահատական կտրվի, ինչը կարեւոր է սերունդների համար. կարեւոր է, որ Բեկնազարյանի ամբողջ ստեղծագործությունը հասու լինի բոլորին»,- նշում է Բագրատունյանը՝ շնորհավորելով նման գրքի հրատարակման առթիվ:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը Համո Բեկնազարյանին նվիրված գիրք հրատարակելու գաղափարը հղացել է դեռ 2019 թվականից: Գրքի լույս ընծայումն անձնական ձեռքբերում է համարում, որովհետեւ Համո Բեկնազարյանն ու նման անունները, ըստ Խզմալյանի, մեր ելքի վիզաներն են դեպի մեծ աշխարհ, մեծ իրականություն: «Նրանց ստեղծած ժառանգությամբ, նրանց գործունեության շնորհիվ մենք մուտք ենք գործել համաշխարհային մեծ ընտանիք, կարողացել ենք հայտնվել համաշխարհային մեծ գործընթացներում: Հաճախ մեր անփույթ վերաբերմունքը մեծ արժեքների հանդեպ զարմացնում է: Մենք ունենք երեւելի արժեքներ, որոնք իսկապես միջազգային նշանակություն ունեն կամ գոնե աշխարհին հետաքրքիր են որպես անհատներ, որոնք ապահովել են այս կամ այն երկրի մասնակցությունը համաշխարհային մեծ գործընթացներին: Համո Բեկնազարյանն այդ անուններից է»,- հավաստիացնում է փոխնախարարը:
Խզմալյանի խոսքով՝ տպագիր գիրքը չի կարող փոխարինվել որեւէ այլ բանով, սակայն նախատեսում են գրքի էլեկտրոնային տարբերակները տարածել ու դիրքավորել համաշխարհային տեղեկատվական հարթակներում:
Փոխնախարարը հիշեցնում է, որ 2023-ին նշվում է Արամ Խաչատրյանի 120-ամյակը, որի մասին շուրջ 5 տասնյակ գիրք կա, եւ հիմնականում՝ ռուսերեն, որոնցում Խաչատրյանը ներկայացվում է որպես խորհրդային կոմպոզիտոր: Այլ լեզուներով ներկայանալի աշխատություն, պատկերագիրք չկա: «Նախարարության քաղաքական առաջնահերթությունն է այդ դատարկությունը լցնել անհրաժեշտ տեղեկատվությամբ: Ահռելի վավերագրական նյութ կա, որը պետք է թարգմանվի, հանրայնացվի, ինչը նաեւ ազգային արժանապատվության խնդիր է»,-ասում է Արա Խզմալյանը:
Երեկոն եզրափակվեց Գարեգին Զաքոյանի «Համո Բեկնազարյան. մենախոսություն» ֆիլմի ցուցադրությամբ. ֆիլմ, որը Բեկնազարյան մեծ անհատի կյանքի ու գործի վավերագրությունն է:
«ՆԿԱՐՉԻ ԵՐԵՔ ԳԵՐԵԶՄԱՆՆԵՐԸ» ԿՑՈՒՑԱԴՐՎԻ
Կինոռեժիսոր, վավերագրող, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիրներից Հարություն Խաչատրյանի «Նկարչի երեք գերեզմանները» ֆիլմը կցուցադրվի Գյումրիում: Ֆիլմի Գյումրու պրեմիերան տեղի կունենա փետրվարի 18-ին «Հոկտեմբեր» կինոթատրոնում:
Ֆիլմը մի նկարչի մասին է, որի կյանքը եղավ ճակատագրական, եղավ առեղծվածային, եւ նրա կյանքի ու մահվան միջակայքում մնաց մի կյանք, որը լի է ընդհանրապես մարդու կյանքի, նրա ժամանակի, նրա ապրածի ու մահի մասին խորքային խորհրդածություններով, զգացմունքայնությամբ ու գաղտնագրումներով: Իր փիլիսոփայությամբ ֆիլմը հայ ժողովրդի ճակատագրի, նրա փախուստի ու վերադարձի, նրա ժամանակի ու նրա որոնումների մասին խոհական ընդհանրացում է՝ հարցերով, որոնք ունեն կամ չունեն պատասխաններ:
Ֆիլմի հերոսն առաջին անգամ հայտնվել է Հարություն Խաչատրյանի «Քամին ունայնության» կինոնկարում, ինչից հետո ավելի քան 30 տարի կինոռեժիսորը հետեւել է իր հերոսի կյանքի ու ճակատագրի վայրիվերումներին՝ ստեղծելով «Նկարչի երեք գերեզմանները» ստեղծագործությունը: Ֆիլմը, Երեւանից բացի, ցուցադրվել է Իտալիայում:
Առաջիկայում ցուցադրվելու է Բուլղարիայում, Ուկրաինայում եւ այլուր:
ԴԱՐՊԱՍԱՊԱՀԸ ՄԱՀԱՑԵԼ Է
Բելգիական «Վինկել Սպորտ» սիրողական ակումբի 25-ամյա դարպասապահ Արնե Էսպիլը «Վեստրոզեբեկի» հետ խաղում իրեն վատ է զգացել, ապա՝ կորցրել գիտակցությունը։
Դարպասապահը հետ է մղել 11-մետրանոցը, իսկ դրանից անմիջապես հետո՝ ընկել խոտածածկին։ Խաղն անմիջապես դադարեցվել է, ֆուտբոլիստին՝ օգնություն ցուցաբերվել խաղադաշտում, կիրառվել է նաեւ դեֆիբրիլյատոր։
Չնայած սրան՝ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին երիտասարդ դարպասապահի սիրտը կանգ է առել։ Էսպիլի մահվան պատճառները պարզվում են։
«Սա մեզ համար մեծ ողբերգություն եւ շոկ է։ Արնեն իր ամբողջ կյանքն անցկացրեց մեր ակումբում, նրան բոլորս շատ էինք սիրում։ Նա հիանալի տղա էր, ընկերասեր եւ միշտ պատրաստ օգնելու։ Սա իսկապես ծանր հարված էր, առաջին հերթին՝ նրա ընտանիքի եւ նաեւ մեզ համար»,- ասել է «Վինկել Սպորտ» ակումբի մարզական տնօրեն Պատրիկ Ռոտսարտը։
ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ
Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ՝ Հայաստանն առաջին անգամ կմասնակցի Սալոնիկի՝ Helexpo-ում կայանալիք Detrop ցուցահանդեսին, որը հանդիսանում է Հունաստանի՝ գինու մասնագիտացված ամենակարեւոր իրադարձություններից մեկը։
Ցուցահանդեսում Quality Wines ընկերությունը կներկայացնի ArArAt, Zorah, Karas, ArmAs, Hin Areni, Oshin, Orran, Armenia Wine, Kilikia, Jermuk, Noyan ապրանքանիշները։
Ցուցահանդեսը տեղի կունենա փետրվարի 18-20-ը N8 կրպակի B30 տաղավարում։
Փետրվարի 19-ին՝ տեղական ժամանակով ժամը 18:00-ին, N15 տաղավարի գլխավոր բեմում տեղի կունենա Հայաստանի գինու պատմության հատուկ շնորհանդեսը։
ԳՎԱՐԴԻՈԼԱՆ ՌԵԿՈՐԴ Է ՍԱՀՄԱՆԵԼ
Անգլիական «Մանչեսթեր Սիթի» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան անգլիական Պրեմիեր լիգայի ռեկորդ է սահմանել:
Անգլիայի ֆուտբոլի առաջնությունում «Մանչեսթեր Սիթի»-ի ղեկին անցկացրած 250 խաղերից 184 խաղում Գվարդիոլան հաղթանակ է տոնել, ինչը ռեկորդային ցուցանիշ է:
Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում «Մանչեսթեր Սիթի»-ն մրցել է «Աստոն Վիլլա»-ի հետ եւ առավելության հասել 3:1 հաշվով:
Խոսեպ Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցրել է 2016 թվականից: «Մանչեսթեր Սիթի»-ի հետ Գվարդիոլան 4 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն: