ԻՋԵՑՎԱԾ ՊԱՏՎԵՐ Է ԿԱՏԱՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Սահմանադրության փոփոխության գործընթաց է նախաձեռնել: Արցախի նախագահը հրամանագիր է ստորագրել Սահմանադրության մեջ ռազմական դրության ժամանակ Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում Ազգային ժողովի կողմից նախագահի ընտրության եւ դրա առանձահատկությունների վերաբերյալ փոփոխության գործընթաց նախաձեռնելու մասին: Այսինքն՝ Սահմանադրության համապատասխան փոփոխությունից հետո Արցախի Ազգային ժողովին նախագահ ընտրելու լիազորություն կտրվի: Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, փետրվարի 13-ին ԱՀ Սահմանադրության փոփոխության նախագիծը ներկայացվել է Ազգային ժողովի քննարկմանը:

 

«Ժողովուրդ» օրաթերթն այս առիթով զրուցել է Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի հետ: Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նախագծում մի շարք խնդրահարույց դրույթներ կան: Նրա խոսքով՝ Ազգային ժողովին նախագահ ընտրելու լիազորություն տալը առանցքային կետ է, ուստի փոփոխությունը պետք է հանրաքվեի դրվեր: Արցախում կարծում են, որ այսպիսով Արայիկ Հարությունյանը կատարում է Հայաստանի իշխանությունների կողմից իջեցված պատվեր:

-Պարո՛ն Գալստյան, արդեն ծանոթ եք սահմանադրական փոփոխությունների նախագծին. ի՞նչ խնդրահարույց կետեր եք արձանագրել սահմանադրական փոփոխությունների նախագծում, Ձեզ համար հասկանալի՞ է՝ ինչու Արայիկ Հարությունյանը հիմա որոշեց նման նախաձեռնություն սկսել:

-Արցախի գործող Սահմանադրության համաձայն՝ առանցքային կետերը պետք է փոփոխվեն հանրաքվեով, իսկ ԱԺ-ին նախագահ ընտրելու իրավունք վերապահելը բավականին առանցքային կետ է, ու այն առանց հանրաքվեի ԱԺ-ում փոփոխելը վտանգավոր է Սահմանադրության համար: Սահմանադրության առանցքային կետերի փոփոխությունը հանրաքվեով պետք է արվի. այս տրամաբանությունը խախտում է գործող Սահմանադրությունը, քանի որ նախագահ եւ պատգամավոր ընտրելը ժողովրդի իրավունքն է: Այս ճանապարհով գնալ եւ փորձել հանրությունից վերցնել այդ ձայնը՝ առանց հանրաքվեի, ինքնին վտանգում է գործող Սահմանադրությունը: Միեւնույն ժամանակ, անհասկանալի է բոլորիս համար՝ ինչու հենց հիմա եւ ինչու այս կետը պետք է փոփոխվի, քանի որ նմանատիպ կետ հանրաքվեի միջոցով նոր փոփոխությունների մեջ արդեն իսկ մտցված է, ուստի չգնալ հանրաքվեի, այլ առաջ ընկնել, այս շտապողականությունն անհասկանալի է: Ինչ-որ տեղ նաեւ մենք համոզվում ենք, որ իջեցված պատվեր է կատարում Արայիկ Հարությունյանը, քանի որ լայն քննարկումներ այս հարցով չի եղել, նախագիծը չի դրվել հանրային քննարկման: Արայիկ Հարությունյանը փորձում է պատվեր կատարել, իսկ այդ պատվերը բերել ու ԱԺ-ում անցկացնելն անընդունելի է մեզ համար:

-Ի՞նչ պատվեր եւ ու՞մ կողմից, պարո՛ն Գալստյան, փակագծեր կբացե՞ք:

-Ես ավելի քան համոզված եմ, որ Հայաստանի իշխանությունների մոտ Արայիկ Հարությունյանի նկատմամբ վստահությունն իջել է, Հայաստանի իշխանությունները փորձում են այս ճանապարհով վերարտադրել իրենց իշխանությունն Արցախում, իսկ թե ում միջոցով, դեռ պարզ չէ, բայց կարծում եմ, մոտ ապագայում անուններ կհնչեն:

-Իսկ նախագիծը խորհրդարանում ե՞րբ է քննարկվելու:

-Դեռ պետք է ուղարկվի դատարան, դատարանն իր եզրակացությունը տա, նոր նախագիծը կմտնի լիագումար նիստ: Ինձ չի թվում, որ այս ամսվա մեջ կհասցնեն, երեւի թե մարտ ամսին նոր հնարավոր կլինի կյանքի կոչել այս ամենը:

 

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԵ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ՝ ԲԱՔՎՈՒՄ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը փետրվարի 14-ին հանդիպել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցերով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաեւին: Հանդիպման մասին ադրբեջանական լրատվամիջոցները մանրամասներ չեն հայտնել, եւ միայն հանդիպման փաստն է արձանագրված: Այստեղ հետաքրքիր է, որ Իգոր Խովաեւը փետրվարի 9-ին Հայաստանում է եղել եւ, ըստ էության, այստեղ հանդիպումներից հետո է Ադրբեջան մեկնել: Հայաստանում Ռուսաստանի ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչը հանդիպումներ էր ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտգործնախարար Արարատ Միրզոյանի եւ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։

Վարչապետի աշխատակազմի տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ զրուցակիցներն անդրադարձել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին եւ դրա հաղթահարմանն ուղղված քայլերին: Փաշինյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հերթական խախտման փաստը եւ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների լիարժեք իրականացման անհրաժեշտությունը: Նաեւ քննարկվել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման հնարավորություններին ու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող հարցեր:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԿՀՐԱՎԻՐՎԵՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ

Ազգային ժողովում փետրվարի 24-ին լսումներ կհրավիրվեն՝ աշխատանքային օրենսգրքի հետ կապված:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ քննարկվելու է, մասնավորապես, Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը: Լսումները կսկսվեն ժամը 11:00-ին եւ կտեւեն մինչեւ 16:00-ն:

Ք. ՄՈՒՇԵՂՅԱՆ

 

 

 

ԿԳԱ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մինչեւ այս տարվա ապրիլի 1-ը կրկին գնալու է Ազգային ժողով: Մասնավորապես, նա պետք է ներկայացնի հաղորդում՝ ՀՀ դատախազության նախորդ տարվա գործունեության մասին: Ամեն դեպքում, դա է նախատեսում «ԱԺ կանոնակարգ» օրենքի 1828-րդ հոդվածը. «Գլխավոր դատախազը յուրաքանչյուր տարի՝ մինչեւ ապրիլի 1-ը, Ազգային ժողով է ներկայացնում հաղորդում՝ Հայաստանի Հանրապետության դատախազության նախորդ տարվա գործունեության մասին: Ազգային ժողովի նիստում հաղորդումը քննարկվում է Կանոնակարգի 126-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով՝ գլխավոր դատախազի ներկայացմամբ»: Օրենքում նշվում է, որ այդ հարցն Ազգային ժողովում քննարկվում է հետեւյալ կարգով. «Մինչեւ 30 րոպե տեւողությամբ հիմնական զեկուցմամբ հանդես է գալիս հարցն Ազգային ժողովի քննարկմանը  ներկայացնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը, որից հետո նրան կարող են տրվել հարցեր. հարակից զեկուցում չի լինում, եթե Կանոնակարգով կամ Ազգային ժողովի որոշմամբ այլ բան նախատեսված չէ. մտքերի փոխանակություն. մինչեւ տասնհինգական րոպե տեւողությամբ եզրափակիչ ելույթներով նույն հաջորդականությամբ հանդես են գալիս հարակից եւ հիմնական զեկուցողները»: Այստեղ, սակայն, հետաքրքիր է այն, որ Աննա Վարդապետյանը, ըստ էության, իր հաղորդման մեջ ավելի շատ ներկայացնելու է նախորդ դատախազի՝ Արթուր Դավթյանի կատարած աշխատանքը, քանի որ Վարդապետյանն իր պաշտոնը ստանձնել էր սեպտեմբերին: Հետաքրքիր է՝ ինչպես իրենց կդրսեւորեն ՔՊ-ականները, կքննադատեն արդյոք, թե էլի հիացմունքով ելույթներ կունենան Արթուր Դավթյանի գործունեության մասին:

 

 

 

ՉԵՆ ՄԱՍՆԱԿՑԻ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) «Անխախտ եղբայրություն» զորավարժությունները, որոնք ի սկզբանե նախատեսվում էր անցկացնել Հայաստանում, կկայանան Ղրղզստանում։ Այդ մասին փետրվարի 14-ին հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հայաստանը չի մասնակցի այդ զորավարժություններին: Հիշեցնենք՝ հունվարի 10-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանում ՀԱՊԿ խաղաղապահ զորամիավորումների զորավարժություններ չեն անցկացվի. «Հայաստանի պաշտպանության նախարարը ՀԱՊԿ միավորված շտաբին գրավոր տեղեկացրել է, որ մենք ՀՀ-ում նման զորավարժություն անցկացնելը այս իրավիճակում նպատակահարմար չենք համարում։ Այդ զորավարժությունները համենայնդեպս այս տարի Հայաստանում չեն կայանա»։ Դրանից հետո  ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ-ում ՀԱՊԿ զորավարժություններ չանցկացնելու հայտարարությանը, նշել էր, թե ըմբռնումով են մոտենում Հայաստանում ստեղծված իրավիճակին, որը կարող է թույլ չտալ ընթացիկ տարում լիարժեք անցկացնել ՀԱՊԿ-ի պլանավորված խաղաղապահ զորավարժությունները: Եվ, ահա, երեկ պարզ դարձավ, որ դրասնք կանցկացվեն Ղրղզստանում:

 

 

 




Լրահոս