«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը հունվարի 12-ին անդրադարձել էր ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ ինշուրանս» ապահովագրական ընկերությանը: Գրել էինք, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն պահանջել է պատգամավորի ընտանիքին պատկանող ընկերությանը ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, սակայն, «Սիլ գրուպ» -ի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը նշել էր, որ «Սիլ ինշուրանս»-ը երբեւէ չի ներառվել գնումներին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցանկում: Նշենք, որ վերոնշյալի մասին փաստաթուղթը «Ժողովուրդ» օրաթերթը վերցրել է ՀՀ ֆինանսների նախարարության «Գնումների համակարգ» կայքէջից՝ հրապարակելով փաստաթուղթը: Այս մասին լուրը հրապարակելուց հետո «Սիլ ինշուրանս» ընկերությունը, դիմելով «Ժողովուրդ» օրաթերթին, տեղեկացրել է, որ դա եղել է ֆինանսների նախարարության գնումների հետ կապված բողոքներ քննող անձի թույլ տված վրիպակը, եւ համապատասխան կայքէջում արդեն շտկվել է սխալը:
«Ժողովուրդ» օրաթերթը եւս մեկ անգամ անդրադառնում է այս թեմային՝ հղում անելով Ֆինանսների նախարարության «Գնումների բողոքարկման համակարգ» կայքին, որովհետեւ այնտեղ ուղղվել է, եւ մենք էլ ուղղում ենք. «Սիլ ինշուրանս» ընկերությունը չի ներառվել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող ընկերությունների ցանկում: Նկատենք, որ թեեւ Ֆինանսների նախարարության «Գնումների համակարգ» կայքէջում տեղադրված է շտկված տարբերակը, բայց դրա ներքեւում ակտիվ հղմամբ կա նաեւ հին՝ չուղղված տարբերակը: Ստացվում է, որ Ֆինանսների նախարարությունը նախորդ՝ հին տարբերակները չի հեռացրել:
Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում