Իշխանությունները «հաշիվներ չեն մաքրի» նրանց հետ, ովքեր «հրաժարվել են հայրենիքից». Վլադիմիր Պուտին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդարանի երկու պալատների՝ Դաշնության խորհրդի և Պետական դումայի օրենսդիրներին, հրավիրված բարձրաստիճան քաղաքական ու հանրային գործիչներին հասցեագրված ամենամյա ուղերձով է հանդես եկել: Նա հայտարարել է, թե Արևմուտքն է սանձազերծել ներկայիս պատերազմը:

Նա պնդել է, թե Ռուսաստանն ամեն բան արել է ուկրաինական ճգնաժամը խաղաղ եղանակով կարգավորելու համար, «սակայն նրա թիկունքում բոլորովին այլ սցենար է մշակվել»:

Պուտինը պնդել է նաեւ, թե «Արեւմուտքը սադրիչ գործողություններով եւ ահաբեկիչների միջոցով փորձել է հակամարտություններ հրահրել նախկին խորհրդային երկրներում եւ Ռուսաստանում»:

Նա ասել է, որ այսօրվա ուղերձն ընթերցում է երկրի համար բարդ եւ շրջադարձային փուլում, երբ տեղի են ունենում արմատական, անշրջելի փոփոխություններ ամբողջ աշխարհում, կարևորագույն պատմական իրադարձություններ, որոնք որոշում են երկրի եւ ժողովրդի ապագան:

Պուտինը հայտարարել է, որ բոլոր ռուսները հիմա վիթխարի պատասխանատվություն են կրում:

Անցյալ դարի 30-ական թվականներին Գերմանիայում նացիստների համար Արևմուտքը գործնականում բացեց իշխանության ճանապարհը, իսկ մեր ժամանակներում նրանք «հակառուսաստան» են ստեղծել Ուկրաինայում, շարունակում է Պուտինը:

«Եվ այդ ամենը մեկ նպատակով՝ տարածքներ պոկել մեր երկրից», – ասել է նա։

ՌԴ նախագահի խոսքով՝ արևմտյան քաղաքական գործիչներին չի հետաքրքրում, թե ում վրա խաղադրույք կատարել Ռուսաստանի դեմ պայքարում, կարևորը՝ կատարեն իրենց կամքը:

««Հակառուսաստան» նախագիծը Արևմուտքի ռեւանշիստական քաղաքականության մի մասն է. գաղափարը մեկն է՝ Եվրոպայում պատերազմ հրահրել ուրիշի ձեռքերով… Մենք Ուկրաինայի ժողովրդի հետ պատերազմի մեջ չենք, նրանք իրենք են դարձել Կիևի ռեժիմի պատանդը»,- ասել է Պուտինը։

Խոսելով Արևմուտքի կողմից Կիեւին զենքների մատակարարման մասին՝ նա նշել է.«Բոլորին պետք է պարզ լինի մեկ հանգամանք՝ որքան շատ հեռահար համակարգեր գան Ուկրաինա, այնքան մենք ստիպված կլինենք հեռացնել վտանգը մեր սահմաններից»։

Նրա խոսքով՝ Արեւմուտքը մտադիր է լոկալ հակամարտությունը տեղափոխել գլոբալ առճակատման փուլ։

«Մարտի դաշտում Ռուսաստանին հաղթելն անհնար է, հետևաբար ավելի ու ավելի ագրեսիվ տեղեկատվական հարձակումներ են իրականացվում: Նրանք անընդհատ ստում են, չեն դադարեցնում հարձակումները մեր մշակույթի, Ռուս ուղղափառ եկեղեցու վրա», – ասել է Պուտինը՝ հավելելով, որ Արեւմուտքը հենվում է ազգային դավաճանների վրա, որոնք միշտ ունեն նույն ատելության թույնը իրենց հայրենիքի նկատմամբ:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված ուղերձում ասել է, որ 2023 թվականին տեղական ինքնակառավարման մարմինների և 2024 թվականին նախագահական ընտրությունները կանցկացվեն օրենքին խստիվ համապատասխան։

«Ուզում եմ ընդգծել, որ այս տարվա սեպտեմբերին եւ՛ տեղական ու տարածքային իշխանությունների, եւ՛ 2024 թվականի նախագահական ընտրությունները կանցկացվեն օրենքին խստիվ համապատասխան՝ ժողովրդավարական սահմանադրական բոլոր ընթացակարգերի պահպանմամբ»,- ասել է Պուտինը։

Նրանք, ովքեր բռնել են երկրի դավաճանության ճանապարհը, պատասխանատվության կենթարկվեն օրենքով, ասել է նա: Միաժամանակ նա ընդգծել է, որ իշխանությունները մտադիր չեն «վհուկների որս» կազմակերպել։

«Ով գնում է ուղիղ դավաճանության ճանապարհով, կատարում է ահաբեկչական եւ այլ հանցագործություններ, պատասխանատվության կենթարկվի օրենքով։ Բայց մենք երբեք չենք նմանվի Կիևի ռեժիմին եւ արևմտյան վերնախավերին, որոնք զբաղվում են վհուկների որսով»,- ասել է Պուտինը։

ՌԴ նախագահը նշել է, որ իշխանությունները «հաշիվներ չեն մաքրի» նրանց հետ, ովքեր «հրաժարվել են հայրենիքից», բայց «դա կմնա նրանց խղճի վրա»։

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս