Փետրվարի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Ֆրանսիայի նախկին վարչապետ, Հավրի քաղաքապետ և Հավր Սենա մետրոպոլի նախագահ Էդուար Ֆիլիպի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են խորհրդարանականներ, հասարակական և քաղաքական գործիչներ:
ԱԳՆ-ից հայտնում են, որ զրուցակցիները գոհունակությամբ արձանագրել են, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունները բնորոշվում են բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ և ընդլայնվող բազմաոլորտ երկկողմ օրակարգով ու անդրադարձել հայ-ֆրանսիական համագործակցության հեռանկարներին:
Հանդիպման օրակարգում են եղել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր:
ՀՀ ԱԳ նախարարը բարձր է գնահատել տարբեր մակարդակներում և ձևաչափերում ֆրանսիական կողմի, այդ թվում՝ պատվիրակության անդամների հնչեցրած հասցեական գնահատականները ու գործադրած ջանքերը՝ ուղղված Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը ու ԼՂ հիմնախնդրի հասցեագրմանը:
Կողմերը կարևորել են նաև Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական մշտադիտարկման առաքելության տեղակայումը: