ՆԱՏՕ-ն իր զինամթերքի պաշարների ամբողջական գույքագրում է կատարել և նոր նպատակներ է դնելու՝ իր ռազմաթերքի արդյունաբերությունը խթանելու, արտադրությունն ավելացնելու համար: Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ԵՄ արտաքին ծառայության ղեկավար Ժոսեպ Բորելի և Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ մամուլի ասուլիսում։
Ստոլտենբերգն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի երկրները « ամիսներ աշխատել են զենքի արտադրությունն ավելացնելու ուղղությամբ, և մտադիր են ակտիվացնել այդ աշխատանքը՝ շարունակելով հանդիպումները պաշտպանական արդյունաբերության ներկայացուցիչների հետ»։
Ստոլտենբերգը նաև ասել է, որ ՆԱՏՕ-ի երկրները «բարձրացրել են զինամթերքի պաշարների մակարդակի թիրախները՝ ՆԱՏՕ-ի ռազմական պլանավորման գործընթացի շրջանակներում»:
Նրա խոսքով՝ ԵՄ-ն, ՆԱՏՕ-ն և Ուկրաինան պայմանավորվել են փորձագիտական հանդիպում անցկացնել՝ հետագայում Ուկրաինայի զինամթերքի կարիքները քննարկելու և հնարավորինս շուտ դրանք բավարարելու համար։