«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ 2022 թվականի դեկտեմբերի 29-ի կառավարության նիստում հաստատվեց Քրեական օրենսգրքում նոր փոփոխությունների նախագիծը, որով պատասխանատվություն կսահմանվի ինքնիշխանությունից հրաժարվելու կոչեր հնչեցնելու համար։
Նախագծով առաջարկվում է ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչերի համար սահմանել տարբեր չափի տուգանքներից մինչեւ առավելագույնը 3 տարվա ազատազրկում, կոչերը տեղեկատվական տարբեր աղբյուրներով, ԶԼՄ-ներով տարածելու համար` 2-5 տարվա ազատազրկում։ Ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված տարբեր բռնի գործողություններ կատարելու համար առաջարկվում է սահմանել 10-15 տարվա ազատազրկում։
Նկատենք՝ այս նախագիծը կառավարության նիստում ընդունվեց այն բանից հետո, երբ իշխանական տարբեր շրջանակներ, այդ թվում՝ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, հայտարարեցին, թե իրենց ստիպում են մտնել Միութենական հանրապետություն։ «Երբ Հայաստանը դիմադրում է, ստանում է ճնշումներ ռազմական տեսքով», – ասել էր նաեւ նա։ Իսկ, ահա, այս հայտարարությունից օրեր առաջ էլ՝ դեկտեմբերի 14-ին, ՔՊ պատգամավոր Գագիկ Մելքոնյանն էր հայտարարել, թե ՌԴ-ն ստիպում է ՀՀ-ին մտնել Միութենական պետություն, անգամ ժամկետ է դրել, սակայն ՀՀ իշխանությունները մերժել են, փակվել է Լաչինի միջանցքը, եւ ռուս խաղաղապահները բացելու ուղղությամբ ոչ մի քայլ չեն անում։
Նկատենք՝ միութենական կազմի մեջ մտնելը նաեւ ենթադրում է ինքնիշխանությունից հրաժարում, եւ հաճախ կազմի մեջ մտնելու առաջարկին լինում են կողմ արտահայտվողներ։ Եւ ստացվում է, որ այսուհետ ՌԴ-ի հետ միութենական հանրապետությունում լինելու մասին որեւէ խոսք անգամ դատապարտելի է լինելու իրավական առումով: Այսինքն՝ ռուսամետ քաղգործիչները, որոնք միութենական պետության ջատագովներն են, անխուսափելիորեն կպատժվեն:
Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում