Այսօր հոկտեմբերի 27-ի ոճրագործության 12-րդ տարելիցն է: Արդեն 12 տարվա մեջ ձեւավորված ավանդույթով սպանված քաղաքական գործիչների հարազատները, բարեկամները, ընկերներն ու գործընկերները, մարտական ընկերները, նաեւ իշխանության ներկայացուցիչները վաղ առավոտից կայցելեն Եռաբլուր եւ Պանթեոն, Ազգային Ժողովի բակում տեղադրված հուշաքարի մոտ` հարգանքի տուրք մատուցելու եւ ծաղիկներ դնելու:
Տարբեր ժամանակներում նրանց հիշատակին հարգանքի տուրք մատուցելը` պայմանավորված Հայաստանի օրվա ներքաղաքական մթնոլորտով եւ քաղաքական ուժերի այս կամ այն ճամբարների պատկանելությամբ, տարբեր դրսեւորումներ է ունեցել, պահ է եղել, որ զոհերի հարազատներն ու իշխանությունները թշնամանքով միմյանց են նայել ու անգամ ձեռք չեն սեղմել, կամ էլ թշնամանքով նայել են Վազգենի շիրիմին «Ջիփ»-երի քարավաններով այցելող գեներալիտետին, ինչ-որ պահի հանդուրժել են միմյանց ներկայությունը մեկ ընդհանուր վայրում: Սակայն գլխավոր հարցը` կազմակերպիչների մասով, շարունակում է կասկածահարույց մնալ: Նաեւ հարազատներ կորցրած մարդիկ են այս տարիների ընթացքում մշտապես հայտարարել, որ հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը չի բացահայտվի, քանի դեռ իշխանության ղեկին է այս վարչակարգը:
ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ` սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը
«Իմ եւ ոչ միայն ինձ մոտ տպավորություն է, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո ժամանակը կանգ է առել: Եւ այդ տպավորությունը հիմնականում իր մեջ պարունակում է քաղաքական բովանդակություն: «Միասնություն» դաշինքը 1998 թվականին հասարակության հավատն էր. Կարեն Դեմիրճյանի, Վազգեն Սարգսյանի միասնությունը հասարակության մոտ սեփական երկրում արդար, օրինականության շրջանակներում եւ բարեկեցիկ ապրելու հույս ներշնչեց: Դժբախտաբար, հոկտեմբերի 27-ից հետո հասարակության մոտ նման քաղաքական ակնկալիքներ երբեք չձեւավորվեցին: 2003 թվականի նախագահական ընտրություններում նորից հավատ ծնվեց, Ստեփան Դեմիրճյանի ղեկավարությամբ ժողովուրդը գնաց ընտրությունների, նույնը կատարվեց 2008 թվականի նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, բայց գործող իշխանություններն ամեն ինչ արեցին, որ հասարակության մոտ այդ հավատը ծնունդ չառնի ու կանգ առնի: Եւ այդ առումով երկիրը մնացել է նույն վիճակում, ինչ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին էր»:
ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆ` ԱԺ փոխխոսնակ Յուրի Բախշյանի այրին
«Տասներկու տարի է անցել… Ինչո՞ւ չի բացահայտվել. ինձ համար գոնե ընդհանուր առմամբ որոշ բաներ բացահայտվել են, որոշ բաներ: Հատկապես ովքե՞ր էին կազմակերպիչները, ինչպե՞ս մարդիկ զենքը տարան ԱԺ, ինչպե՞ս ոչ մեկը չկանգնեցրեց, էդ ո՞վ էր դրանց հովանավորում, ո՞վ սպանեց ԱԺ-ի ոչ թե դահլիճում, այլ մուտքի մոտ Արմենակյանին, բացի էդ յոթ տականքներից, էլի քանի՞ զենքով մարդ կար դահլիճից դուրս, միջանցքներում. էս հարցերին դատարանը հստակ չպատասխանեց, բայց դատավարության ընթացքը ցույց տվեց, որ կային մարդիկ, բացի դահլիճ մտած այդ յոթ մարդասպաններից, զինված մարդիկ, ինչ-որ կազմակերպված հրահանգներ կատարող տականքներ: Ես երբեք չեմ հավատա, որ էդ մարդասպանները, սեփական ամբիցիաներից կամ չգիտեմ ինչից ելնելով, որոշեցին գնալ եւ այդ ոճրագործությունն Ազգային Ժողովում իրականացնել: Միշտ հարցնում են` մտածո՞ւմ եք, որ երբեւէ հոկտեմբերի 27-ը կբացահայտվի… Որպեսզի բացահայտվի, պետք է շատ մարդ փոխվի, եւ մարդը շատ փոխվի»: