Տնտեսական անվտանգությունը յուրաքանչյուր երկրի ազգային անվտանգության անբաժանելի մասն է, իսկ ստվերային տնտեսությունը կարելի է սահմանել նաեւ որպես տնտեսական անօրինական գործունեություն՝ ուղղված որեւէ տնտեսվարող սուբյեկտի օգտին տնտեսական շահույթի ստացմանը՝ ի հաշիվ այլ անձանց, ընկերությունների կամ ի վնաս պետության:
Որպես տնտեսական անվտանգության լրջագույն սպառնալիք՝ էապես կարեւորվում է ստվերային տնտեսության կրճատման հիմնախնդիրը, եւ այս նպատակով 2022թ.-ի ապրիլի 12-ին ընդունված՝ «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով էապես խստացվել են ապրանքների մատակարարման կամ տեղափոխության փաստաթղթավորման համար սահմանված պահանջների չկատարման համար նախատեսված պատասխանատվության չափերը։ Այսպես, օրենսգրքով սահմանված պահանջները չբավարարող ուղեկցող փաստաթղթով կամ առանց ուղեկցող փաստաթղթի ապրանքների մատակարարման կամ տեղափոխության դեպքում այժմ գանձվում է տուգանք՝ այդ ապրանքի գնի 50 տոկոսի չափով, բայց ոչ պակաս 500 հազար դրամից՝ նախկին 200 հազարի փոխարեն, իսկ մեկ տարվա ընթացքում խախտման երկրորդ փաստ արձանագրվելու դեպքում՝ անփաստաթուղթ ապրանքների գնի 100 տոկոսի չափով, բայց ոչ պակաս 2 միլիոն դրամից՝ նախկին 500 հազարի փոխարեն։ Նույն փոփոխություններով խախտման երրորդ եւ ավելի փաստ արձանագրվելու դեպքում գանձվում է տուգանք` անփաստաթուղթ ապրանքների գնի 200 տոկոսի չափով, բայց ոչ պակաս 10 միլիոն դրամից:
Ընդունված իրավանորմով պայմանավորված՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն իրեն վերապահված գործառույթների շրջանակում մշտապես ոլորտային հսկողություն է իրականացնում՝ հարկային իրավախախտումների կանխման ու բացահայտման ուղղությամբ։ Անընդհատ ուսումնասիրելով զարգացող բիզնես գործընթացների յուրահատկությունները՝ Հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունում, ըստ ոլորտային բաժանման, մշակվել, ներդրվել եւ կիրառվել են ռիսկային գործարքների, ստվերային շրջանառության եւ ընդհանրապես հարկային իրավախախտումների բացահայտմանն ուղղված նոր մոտեցումներ: Արդյունքում 2022թ.-ի հունվար-դեկտեմբեր ամիսներին, առանց հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքերի բացահայտմանն ուղղված միջոցառումների շրջանակում, արձանագրվել է 863 խախտում. առաջադրված տուգանքի գումարը կազմել է շուրջ 598.3 մլն դրամ, որից օրենսգրքով կատարված փոփոխություններից` պատժամիջոցների չափը խստացնելուց հետո արձանագրվել է 444 խախտում. առաջադրված տուգանքի գումարը կազմել է շուրջ 421.8 մլն դրամ։
Նախորդ տարի երկու եւ ավելի առանց հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու ապրանքների տեղափոխման կամ մատակարարման խախտումներ թույլ տված տնտեսվարող սուբյեկտների թիվը գերազանցում է 6 տասնյակը: ՀՀ ՊԵԿ հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսական գործունեություն իրականացնող անձանց հորդորում է պահպանել հարկային կարգապահությունը, ամբողջությամբ հայտարարագրել հարկման օբյեկտներն ու հարկման բազաները եւ այդ նպատակով բացառել առանց հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքերը։
ԵՐԿՈՒ ԱՆՁ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է
ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում կատարված քննությամբ բացահայտվել է Երեւան քաղաքի Կոմիտաս փողոցում 47 համարի երթուղային ավտոբուսի սրահում տեղի ունեցած խուլիգանության եւ ուղեւորներից մեկի դանակահարության դեպքը: Փաստի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկված քննչական գործողությունների, ինչպես նաեւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են հիշյալ ուղեւորին վնասվածքներ պատճառելու՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ նրան ծեծի ենթարկած եւ վնասվածքներ պատճառած երկու անձանց ինքնությունը։
Վերջիններս 53 եւ 23 տարեկան տղամարդիկ են, որոնց գործողություններն անհատականացվել են։ Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 46-ամյա ուղեւորին վիճաբանության ժամանակ կտրած- ծակած վնասվածքներ հասցրել է 53-ամյա տղամարդը: 2023թ. հունվարի 31-ին` ժամը 13:45-ի սահմաններում, 47 համարի երթուղային ավտոբուսի սրահում ուղեւորներից երկուսը, իրենց անձի ենթադրյալ առավելությունը ընդգծելու մոլուցքով տարված, հասարակության եւ բարոյականության նորմերի նկատմամբ բացահայտ անթաքույց արհամարհանք դրսեւորելով, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, տեւական ժամանակ հայհոյանքներ հնչեցնելով եւ երթուղային ավտոբուսում գտնվող ուղեւորների անդորրը խաթարելով, ավտոբուսում գտնվող ուղեւորների ներկայությամբ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, խմբի կազմում կատարել խուլիգանություն։
Խուլիգանական դրդումներով, մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ նրանք վիճաբանել են նույն ավտոբուսի 46-ամյա ուղեւորի հետ, որի ժամանակ երկուսով ոտքերով եւ ձեռքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել նշված ուղեւորի մարմնի տարբեր մասերին, իսկ 53-ամյա տղամարդն իր մոտ գտնվող դանակով հարվածներ է հասցրել հիշյալ ուղեւորի որովայնի շրջանին՝ վերջինիս պատճառելով կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքներ: Կատարված հանցավոր արարքների պատճառով նաեւ խափանվել է երթուղայինի բնականոն աշխատանքը, ուղեւորների մի մասը հեռացել են երթուղայինից, իսկ նշված երկու անձինք դիմել են փախուստի:
Դեպքից հաշված օրեր անց վերջիններս հայտնաբերվել եւ ձերբակալվել են: 53-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ եւ 10-րդ կետերով, իսկ 23-ամյա երիտասարդին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ վերջիններիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որոնք բավարարվել են: Նախաքննությունը շարունակվում է:
ԾԱՆՐ ՎԻՃԱԿՈՒՄ ԵՆ
Փետրվարի 13-ին՝ ժամը 23։11-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Ազատամարտիկների փողոցի 3-րդ նրբանցքի տներից մեկում։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով է եղել: Հրդեհը մեկուսացվել է փետրվարի 14-ին՝ ժամը 00։06-ին, մարվել՝ 00։43-ին։
Փրկարարները ննջասենյակի հատակին հայտնաբերել են քաղաքացի Օ. Մ.-ի (ծնված 1951 թ.) դին, տուժած Վ. Մ.-ին (ծնված 1978 թ.) դուրս բերել տանից, ում բժիշները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն։ Տուժածներ Ա. Մ.-ն (ծնված 1946 թ.) եւ Ա.. Մ-ն (ծնված 1981 թ.) հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, այնուհետեւ «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծանր։ Այրվել է տան (մոտ 120 քմ) ննջասենյակը՝ գույքով (մոտ 30 քմ)։
ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ
Երեկ Հակակոռուպցիոն դատարանում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանի եւ ՊՆ մյուս պաշտոնյաների դեմ հարուցված քրեական գործով հերթական նիստն էր:
ArmLur.am-ը արձանագրեց, թե ինչպես ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, Պատրոն Դավո մականունով հայտնի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանին Ազգային անվտանգության ծառայությունից մեքենայով տեղափոխեցին Հակակոռուպցիոն դատարան:
Ինչպես հայտնի է, ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել էր քրեական գործ՝ ռազմամթերքի ձեռք բերման գործընթացում ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ։
Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել յոթ անձի, այդ թվում՝ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, Պատրոն Դավո մականունով հայտնի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանին։
Քրեական գործով այս պահին «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հինարկում՝ «ԿԳԲ-ի պադվալում» են գտնվում ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ավիացիայի վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Ավետիք Մուրադյանը եւ Դավիթ Գալստյանը, իսկ մյուս անձինք ազատության մեջ են։
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ