ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԴՊՐՈՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպայի խորհրդի քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցը (ՔԴԵԴ) ընդունում է հայտեր 2023 ուսումնական տարվա ընթացքում Հայաստանում կազմակերպվելիք միջոցառումներին (սեմինարներ, քննարկումներ, հանդիպումներ եւ այլն) մասնակցելու համար: Միջոցառումները բազմաթեմատիկ են, վերաբերելու են ամենաակտուալ խնդիրների եւ նպաստելու են մասնակիցների ինտելեկտուալ առաջընթացին: Եվս մեկ միջոցառում նախատեսվում է Ստրասբուրգում (Ֆրանսիա), որի մասնակիցների ընտրության պայմանների մասին կհայտարարվի լրացուցիչ:

 

ՔԴԵԴ-ը Քաղաքական դասընթացների դպրոցների Եվրոպական ասոցիացիայի լիիրավ անդամ է, քաղաքականապես չեզոք, չի հարում քաղաքական որեւէ հոսանքի, կուսակցության, խմբի կամ անհատի:

ՔԴԵԴ-ը Հայաստանում ստեղծված առաջին քաղաքական դպրոցն է եւ գործում է արդեն 18 տարի:

ՔԴԵԴ-ի նպատակն է օժանդակել երիտասարդ քաղաքական եւ հանրային գործիչների իմացությունների ընդլայնմանը եւ ժողովրդավարական մշակույթի խորացմանը:

ՔԴԵԴ-ի հայաստանյան միջոցառումներին հրավիրվում են հանրապետության լավագույն էքսպերտները, օտարերկրյա փորձագետներ, դեսպաններ:

Ստրասբուրգյան սեմինարներին դասախոսություններով հանդես են գալիս պետությունների, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, եվրոպական երկրների կառավարությունների ղեկավարներ եւ անդամներ, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ, եվրոպական առաջատար համալսարանների դասախոսներ եւ այլք:

ՔԴԵԴ կարող են դիմել խորհրդարանի, ավագանիների անդամները, նախագահի, կառավարության եւ ԱԺ աշխատակազմերում, նախարարություններում եւ նրանց ստորաբաժանումներում, հասարակական կազմակերպություններում, դատաիրավական համակարգում, տարածքային եւ տեղական կառավարման մարմիններում, բիզնեսում եւ տնտեսվարող սուբյեկտներում, ԱԺ-ում ներկայացված կուսակցություններում պատասխանատու դիրքեր զբաղեցնողները, քաղծառայողները, միջազգային կազմակերպությունների աշխատակիցները, ինչպես նաեւ լրագրողները, վերլուծաբանները, քաղաքագիտության ոլորտի մասնագետները:

Հայտատուն պետք է՝

  1. լինի 23-ից մինչեւ 40 տարեկան,
  2. ունենա երկու տարուց ոչ պակաս (2021-2023թթ. ներառյալ) մասնագիտական աշխատանքային ստաժ: Ուսումնառության, զինվորական ծառայության, կամավորական աշխատանքի ժամանակահատվածը չի համարվելու մասնագիտական ստաժ,
  3. աշխատելիս լինի,
  4. լինի Եվրոպայի խորհրդի որեւէ անդամ-պետության լիիրավ քաղաքացի:

Անգլերենի կամ ֆրանսերենի իմացությունը նախընտրելի է:

Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցի կազմակերպելիք միջոցառումներին մասնակցել ցանկացողները պետք է պարտադիր ներկայացնեն.

  1. դիմում-հարցաթերթիկ (հատուկ ձեւ), որի բոլոր կետերը ենթակա են պարտադիր լրացման,
  2. մեկ լուսանկար (փակցնել դիմում-հարցաթերթիկին),
  3. անձը հաստատող փաստաթուղթ (անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը: Նույնականացման քարտի կամ կենսաչափական անձնագրի դեպքում՝ նաեւ տեղեկանք հաշվառման վայրի վերաբերյալ),
  4. ինքնակենսագրություն (CV),
  5. տեղեկանք աշխատավայրից  (հատուկ ձեւ)՝ պարտադիր կնքված ու ստորագրված,
  6. հավաստագիր (հատուկ ձեւ):

Ըստ անհատական դեպքի՝ կարող են պահանջվել այլ փաստաթղթեր եւս:

Հայտատուին երաշխավորող անձը/ մարմինը պատասխանատվություն է կրում իր կողմից ՔԴԵԴ գործուղվող հայտատուի համար: Մասնավոր անձանց մասնակցություն ՔԴԵԴ ծրագրին չի նախատեսվում:

Նախնական մրցույթի փուլը (փաստաթղթերի ուսումնասիրություն) հաղթահարած թեկնածուներին կտրվի քննություններին մասնակցելու հնարավորություն:

ՔԴԵԴ-ի հայաստանյան միջոցառումները կազմակերպվում են ինչպես Երեւանում, այնպես էլ մայրաքաղաքից դուրս: Ուսումնառության եւ կեցության ծախսերը հոգում է ՔԴԵԴ-ը: Հայաստանյան ուսումնական ցիկլի ողջ գործընթացը մասնակցի կողմից համաֆինանսավորվում է 39 800 ՀՀ դրամի չափով:

Միջոցառումների հայաստանյան ցիկլը բարեհաջող ավարտողները կարող են դիմել ստրասբուրգյան սեմինարին մասնակցելու համար: Դիմումները քննության կառնվեն ըստ Եվրոպայի խորհրդի սահմանած պայմանների եւ քվոտաների:

Հայաստանյան դասընթացը բարեհաջող ավարտածներին Եվրոպայի խորհրդի կողմից կտրվի ավարտական վկայական:

Որեւէ փուլում իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն ներկայացրածները կզրկվեն ՔԴԵԴ-ի աշխատանքներին մասնակցելու հնարավորությունից դրանք ի հայտ գալուն պես:

Փաստաթղթային փաթեթը ներկայացնել անձամբ՝ անձնագրի կամ նույնականացման քարտի առկայությամբ:

Թերի ներկայացված դիմումները ենթակա չեն քննարկման: ՔԴԵԴ հանձնված փաստաթղթերը չեն պատճենահանվում եւ չեն վերադարձվում: Էլեկտրոնային տարբերակով ուղարկված փաստաթղթերը չեն կցվում գործերին:  Ներկայացնել միայն բնօրինակները:

Դիմումներն ընդունվում են փետրվարի 27-ին եւ 28-ին՝ ժամը 12:30-ից 16:30-ը: Այդ օրերին հանրապետությունից բացակայողները կարող են փաստաթղթային փաթեթը հանձնել ավելի վաղ՝ նախապես պայմանավորվելով: Հասցե՝ Խորենացու պող. 33,  «Տաշիր» կենտրոնի 6-րդ՝ գրասենյակային հարկ, 31-րդ սենյակ:

Հեռախոս՝ 010 51 11 71 :

Կայք՝ www.ysps.am :

 

 

 

 

ՈՒՍՈՒՑՉԻ 27 ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔ

Ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի հարցման՝ Տավուշի մարզպետարանից հայտնել են, որ Տավուշի մարզի հանրակրթական 76 դպրոցներում ընդհանուր առմամբ աշխատում են 1830 ուսուցիչ եւ ուսուցչի օգնական։ Նրանցից 1722-ն ունի բարձրագույն մանկավարժական կրթություն, 173-ը՝ բարձրագույն ոչ մանկավարժական կրթություն, 113-ը՝ միջին մասնագիտական կրթություն։ Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում առկա է ուսուցչի 27 թափուր հաստիք՝ Մաթեմատիկա, Քիմիա, Կենսաբանություն, Ֆիզիկա, Անգլերեն, Ռուսերեն, Պատմություն, Արվեստ, Բնագիտություն, Ինֆորմատիկա, Շախմատ, Տեխնոլոգիա, Երաժշտություն առարկաների գծով։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

 

 

ՏՈՒԳԱՆՎԵԼ ԵՆ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԸ

Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը 13 տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ հարուցել է վարչական վարույթ մի շարք ապրանքատեսակների իրացման բարձր գներ կիրառելու համար:

Հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովից հայտնում են, որ վարչական վարույթները հարուցվել են Ստեփանակերտ քաղաքում գործող 4, Ասկերան քաղաքում գործող 5, Մարտակերտ քաղաքում գործող 2 եւ Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ եւ Հարությունագոմեր համայնքներում գործող 1-ական առեւտրային օբյեկտներ շահագործող տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ:

Արձանագրված բոլոր դեպքերում առեւտրային օբյեկտներում բացակայել են ապրանքատեսակների ձեռքբերումը հիմնավորող փաստաթղթերը: Գնագոյացումը վերահսկելու եւ բարեխիղճ մրցակցային միջավայր ապահովելու նպատակով հանձնաժողովը եւս մեկ անգամ հորդորում է տնտեսվարող սուբյեկտներին զերծ մնալ առանց հիմնավորող փաստաթղթերի եւ բարձր գներով ապրանքների իրացումից:

 

 

 

 

ՀԱՎԵԼԱՎՃԱՐՆԵՐԻ ԿԱՐԳԸ

Ուսուցիչների վարձատրության բարձրացման քաղաքականության շրջանակում 2023 թ. պետական բյուջեով մի քանի նոր նախաձեռնություններ են նախատեսված: Հավելավճարներ կտրամադրվեն գյուղական մինչեւ հարյուր աշակերտ ունեցող դպրոցների 4418 ուսուցիչների՝ նրանց վարձատրությունը հասցնելով  մեկ դրույքաչափի` անկախ դասավանդվող ժամերի քանակից: Հանրապետության բոլոր դպրոցների բնագիտական առարկաներ դասավանդող 8135 ուսուցիչներին կտրամադրվի լրացուցիչ հավելավճար՝ նպատակ ունենալով խրախուսել նոր ուսուցիչների մուտքը դպրոցներ եւ լրացնել առկա թափուր տեղերը։ Վերանայվել է բազմահամակազմ դասարանների ձեւավորման սկզբունքը, որով փոքր դպրոցներում յուրաքանչյուր երեխայի համար կապահովվի լիարժեք դասաժամ՝ բոլոր առարկաների ուսուցման համար: Բազմահամակազմ դասարան կձեւավորվի միայն արվեստի եւ ֆիզկուլտուրայի ժամերին, ըստ այդմ՝ մեկ ժամի համար ուսուցիչներին 50-75 % հավելավճար։ Ծրագիրը մեկնարկել է Սյունիքի մարզի 76 դպրոցներում:

 

 

 

 

ՁԵՌՔ Է ԲԵՐՎԵԼ  ՆՈՐ ՍԱՐՔ

Արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանը Քրեակատարողական ծառայության ղեկավար Սերգեյ Ատոմյանի եւ «Քրեակատարողական բժշկություն կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Կամո Մանուկյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում: Լեւոն Բալյանը, մասնավորապես, ծանոթացել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում առկա նոր սարքավորմանը:

Տուբերկուլոզի առավել արդյունավետ ախտորոշման, ինչպես նաեւ նոր դեպքերի վաղ հայտնաբերման նպատակով ձեռք է բերվել սարք, որն արհեստական բանականության օժանդակությամբ հայտնաբերում է թոքային տուբերկուլոզը՝ մեծապես դյուրացնելով տուբերկուլոզի կասկած ունեցող շահառուների շրջանում սքրինինգի եւ տրիաժի իրականացումը: Այս նորագույն տեխնոլոգիայի շնորհիվ նվազագույնի է հասնում կրծքավանդակի թվային ռադիոգրաֆիկ հետազոտության մեկնաբանման ընթացքում մարդու կողմից հնարավոր սխալների թիվը:

CAD տեխնոլոգիայի կիրառումն առավել հասանելի կդարձնի տուբերկուլոզի արագ ախտորոշումը, ինչպես նաեւ թոքերի եւ այլ օրգան համակարգերի թվային ռենտգենոգրաֆիկ հետազոտություններն ազատազրկված անձանց շրջանում ազատազրկման վայրերում: Սարքավորումը ձեռք է բերվել «Գլոբալ» հիմնադրամի ֆինանսական աջակցության շնորհիվ։

Նախարարի տեղակալը ծանոթացել է ազատությունից զրկված անձանց եւ հանրային պաշտպանների հեռավար կապն ապահովելու համար նախատեսվող սենյակի շինարարական աշխատանքներին, ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին եւ զրուցել դատապարտյալների հետ:

 




Լրահոս