ԼՈՒՐ ԿԱԴՐ            

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւան-Մեղրի ավտոճանապարհին

 

Փետրվարի 13-ին  Զոդի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. տուժածներ չկան: Պարզվել է, որ բախվել են Mercedes մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ա. Ս.՝ ծնված 1979 թ.) եւ մարդատար գնացքը (մեքենավար` Ս. Գ.՝ ծնված 1961 թ.)։

 

 

 

 

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀԱՐՑ. Իմ նկարով ֆեյք են բացել ու վարկաբեկում են ինձ։ Ի՞նչ անել եւ ո՞ւմ դիմել:

Լուսինե Մուժիկյան (23 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Այն դեպքում, երբ հայտնաբերել եք, որ Ձեր տվյալներով՝ ներառյալ Ձեր լուսանկարները,  բացվել են ֆեյսբուքյան կամ այլ սոցիալական կայքի էջեր, ապա՝

-յուրաքանչյուր սոցիալական կայք՝ Facebook.com, Vkontakte.ru, odnoklassniki.ru եւ այլն, ունի հատուկ կարգավորումներ, որոնք թույլ են տալիս բողոքներ ուղարկելով արգելափակել կոնկրետ սոցիալական էջի օգտատիրոջ գործողությունները։ Անհրաժեշտ է դիմել տվյալ սոցիալական կայքի ադմինսիտրացիային՝ պահանջելով արգելափակել տվյալ օգտատիրոջ գործողությունները՝ որպես ֆեյք/կեղծ օգտատիրոջ։

-Անհրաժեշտ է համապատասխան դիմում-բողոք ուղարկել ՀՀ արդարադատության նախարարության «Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն»՝ խնդրելով հարուցել համապատասխան վարույթ: Դիմում-բողոքին պետք է կցել ֆեյք էջից կատարված բոլոր արտատպումները։

-Անհրաժեշտ է հաղորդում ներկայացնել իրավապահ մարմիններին՝ խնդրելով նախապատրաստել նյութեր եւ պարզել, թե ով է առանց Ձեր համաձայնության օգտագործել Ձեր տվյալները։

Պետք է պահպանել ֆեյք/կեղծ էջերի էլեկտրոնային հղումները, արտատպել ֆեյք էջի բոլոր հատվածները տպիչ սարքի միջոցով, որտեղ կերեւան նաեւ Ձեր լուսանկարները կամ անձնական տվյալները, արտատպել նաեւ տվյալ ֆեյք էջի «ընկերներ» եւ այլ բաժինների հատվածները։

ՀՀ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության  գործակալություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մարդու անձնական տեղեկություններն առանց նրա համաձայնության օգտագործելը կամ լրատվության միջոցներով այդպիսի տեղեկություններ տարածելը կամ հավաքելը կամ պահելը, եթե դրանք նախատեսված չեն օրենքով, պատժվում է տուգանքով՝ 200,000-ից 500,000 դրամի չափով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով:

 

 

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Գործատուս պահանջում է ազատվելու դիմում գրել ու չի թողնում, որ աշխատեմ. ի՞նչ անել եւ ո՞ւմ դիմել:

Ռոզա Վարդանյան (19 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Եթե գործատուն առանց պատճառաբանության ցանկանում է ազատել Ձեզ աշխատանքից, իսկ Դուք չեք ցանկանում, ապա աշխատանքից ազատվելու դիմում չգրելը Ձեր իրավունքն է, եւ գործատուն իրավունք չունի հարկադրելու Ձեզ ազատվել աշխատանքից։ Եվ եթե ցանկանում է ազատել Ձեզ աշխատանքից իր նախաձեռնությամբ, ապա օրենքը հստակ սահմանում է այդ դեպքերի սպառիչ ցանկը, որոնց դեպքում գործատուն պետք է նախապես ծանուցի աշխատողին կամ գրավոր բա­ցատրություն վերցնի աշխատողից, երբ ցանկանում է աշխատողին ազատել աշխատանքից ինչ-որ խախտումների պատճառով։ Իսկ այն դեպքում, երբ գործատուն արգելում է Ձեզ ներկայանալ աշխատանքի եւ կատարել Ձեր աշխատանքային պարտականությունները, ապա Դուք իրավունք ունեք պահանջել գործատուից վճարել Ձեզ այն օրերի համար, որոնց ժամանակ Դուք չեք կարողացել աշխատել, ինչպես նաեւ պահանջել վճարել Ձեզ պատճառված վնասները։

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պետք է նկատի ունենալ, որ նման իրավիճակում պետք է ինքներդ Ձեզ ապահովագրեք հնարավոր բացասական իրավիճակներից, երբ, օրինակ, գործատուն կփորձի Ձեր՝ աշխատանքի չներկայանալը ներկայացնել որպես պատճառ Ձեզ աշխատանքից ազատելու համար։ Դա կանխելու համար անհրաժեշտ է հնարավորինս շուտ գործատուին ուղարկել դիմում, որով կխնդրենք պարզաբանել, թե ինչու նա չի թույլատրում աշխատանքի ներկայանալ, արդյոք նա ազատել է Ձեզ աշխատանքից, թե ոչ։ Դիմումը անհրաժեշտ է ուղարկել փոստային ծառայությամբ՝ հետադարձ ծանուցմամբ, որպեսզի հետագայում կարողանաք հիմնավորել, որ Ձեր դիմումը գործատուն ստացել է։ Այս քայլը Ձեզ հնարավորություն կտա հետագայում, երբ վեճ առաջանա Ձեր եւ գործատուի միջեւ, փաստաթղթային տարբերակով հիմնավորել եւ ապացուցել, որ հենց գործատուն է խոչընդոտել Ձեր՝ աշխատանքի ներկայանալուն։

 




Լրահոս