«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների օգնականները կարողացել են հասնել իրենց երկրորդ նպատակին: Մանրամասնել էինք, որ ԱԺ աշխատակազմի ղեկավար-քարտուղար Դավիթ Առաքելյանը որոշում է կայացրել պատգամավորների օգնականներին պարգեւատրել աշխատավարձի 15 տոկոսի չափով:
Եվ, ահա, մեր այս հրապարակումից հետո Ազգային ժողովի լրատվության վարչությունը պաշտոնական հաղորդագրությամբ եւ սոցիալական ցանցի իրենց էջում շտապեց հայտարարություն տարածել՝ փորձելով հերքել անհերքելին: Սկզբում դրեցին տեքստ, ինչից պարզ չէր՝ ինչ են ուզում.««Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումն իրականությանը չի համապատասխանում»: Ու պարզ չէր՝ ըստ ԱԺ-ի՝ ի վերջո, հրապարակումն իրականությանը համապատասխանում է, թե չի համապատասխանում:
Իսկ ի՞նչն են հերքում. եթե կարճ, ապա՝ անհերքելին: Գրել են, թե պատգամավորների օգնականները պարգեւավճար չեն ստացել, եւ մեր լուրը չի համապատասխանում իրականությանը, ապա երկու նախադասություն անց արդարացել, թե ԱԺ աշխատակազմը, այդ թվում՝ բոլոր պատգամավորների օգնականները, յուրաքանչյուր ամիս, աշխատավարձից բացի, ստանում են նաեւ պարգեւավճար՝ աշխատավարձի 15 տոկոսի չափով:
Այսինքն՝ հերքման տեքստում ԱԺ-ն հաստատել է այն, ինչ հրապարակել էր «Ժողովուրդ» օրաթերթը. օգնականները 15% պարգեւավճար են ստացել: Թե ինչ էր շտապում վաղ առավոտյան այդպես փութաջանորեն հերքել Ազգային ժողովը, մնաց անհասկանալի:
Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում