«Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան» միջազգային գիտակրթական համալիր» փակ բաժնետիրական ընկերությունն օտար լեզվով (անգլերեն) կրթություն կազմակերպելու թույլտվություն ստացավ: Որոշումը կայացվեց կառավարության այսօրվա նիստի ժամանակ:
Դա հնարավորություն կտա ««Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրին» 2023/2024 ուսումնական տարվանից միջնակարգ կրթության երրորդ աստիճանի 11-րդ և 12-րդ դասարաններում շարունակել «Միջազգային բակալավրիատի Դիպլոմա» ծրագիրը՝ անգլերենով՝ 3 տարի ժամկետով:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է,որ ճեմարանի կողմից «Միջազգային բակալավրիատի Դիպլոմա» ծրագիրն իրականացվում է 2014 թ-ից՝ ՀՀ կառավարության որոշման և Միջազգային բակալավրիատի կողմից ստացված հավաստագրի հիման վրա: Ծրագրի 2016-2023 թթ 123 շրջանավարտներից 24-ը (կամ 20 %-ը) այլ երկրների քաղաքացիներ են, ընդ որում դրանցից 21-ը՝ ազգությամբ հայ, ինչը հնարավորություն է տալիս մայրենի լեզվի ոչ բավարար իմացությամբ հայ երիտասարդներին ավագ դպրոցն ավարտել հայրենիքում՝ ստանալով միջազգային չափանիշներին համապատասխան կրթություն:
Եվ նշվում է նաև, թե կառավարության ներկայիս քաղաքականությամբ պայմանավորված, կանխատեսվում է Սփյուռքի հայ ընտանիքների ներհոսք։
Ն.Հ.